HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսվում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման նպատակներն են՝ բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները, ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։ Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանվեն նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Արդյունքում՝ կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գործընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում ձևավորված գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի: Ըստ նախարարի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի, կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ: Ըստ այդմ՝ առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, որով պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության Կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է՝ առաջարկվող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեից: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրինագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը:

Անդրադառնալով որոշմանը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ որոշումը մի քանի նպատակ է հետապնդում. «Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի իմանաք, թե ցանկացած գերատեսչություն իրականում ինչպիսի ծախսեր է անում, որովհետև գույքի վարձակալությունը կամ զբաղեցնումը նույնպես ծախս է: Այդ ծախսերն այսօր մեր բյուջեում արտացոլված չեն: Երկրորդ նպատակը՝ մենք, երբեմն, գույք ենք տրամադրում տարբեր ՀԿ-ներին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, այստեղ էլ այդ ծախսը չի երևում: Այս թափանցիկությունը և մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք, արձանագրենք և հաշվենք և այդ հաշված գումարը տրամադրեք»:

Թեմայի վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ սա ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ պետությունը մասնավորի հետ մրցակցություն է ունենալու: «Հակառակ դեպքում՝ մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին: Դա առավելապես առողջապահության, կրթության ոլորտներում է արտահայտվում: Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում: Դա նշանակում է, որ մենք մասնավորի հետ անարդար մրցակցության մեջ ենք»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այն բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում. «Սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական տարբեր մարմիններն օգտագործում են»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից և նշել, որ պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել. «Ոչ մի բան անվճար չէ, բացարձակապես ոչ մի բան անվճար չէ կամ այն, ինչ անվճար է, նշանակում է՝ այն արժեք չունի: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ ցանկացած բանի համար կա վճար»:

Վարչապետն ընդգծել է՝ սա ևս բարեփոխում է, որ պետք է գնա, իր խնդրին հանդիպի, որի լուծման տարբերակը Կառավարությունը պետք է գտնի. «Բայց սա շատ կարևոր է նաև պետության և պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք՝ ամեն ինչն արժեք ունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter