
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ լրատվականից։
ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերին, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների ընդունելությանը, նշվել է, որ օտարերկրյա դիմորդների հանար ընթացակարգային փոփոխություն է եղել: Մասնավորապես, նրանք կարող են իրենց ընդունելության հայտերն ու փաստաթղթերը ներկայացնել «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով այդ համակարգում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագիրը՝ կարևորելով միջազգային գործընկերների համագործակցությունն ու լավագույն փորձի տեղայնացումը:
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ անդրադառնալով նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում տեղի ունեցող Սուրաջկունդի միջազգային արհեստների ամենամյա փառատոներին` ներկայացնելով հայկական հարուստ ու բազմաբնույթ մշակույթը, այդկերպ խթանելով միջազգային մշակութային երկխոսությունը, համագործակցությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մեկնաբանել