
Աշխարհում նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը
Հայաստանում, ի թիվս Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրների, մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտելով քողարկված գրավչությունը» (Bright products. Dark intentions)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցանկանում է ուշադրություն հրավիրել ծխախոտի և նիկոտին պարունակող բոլոր ապրանքատեսակների տարածվածության վրա, որոնք համային հավելումների և գրավիչ հոտերի շնորհիվ անվտանգության կեղծ զգացողություն են ստեղծում և լայն տարածում են գտել` հատկապես դեռահասների շրջանում։
ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտը տարեկան սպանում է ավելի քան 8 միլիոն մարդու, այդ թվում՝ մոտ 1.3 միլիոն չծխողների, ովքեր համարվում են պասիվ ծխողներ:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական լուրջ խնդիրներ են ստեղծում:
Հայաստանում մեծահասակ բնակչության շուրջ 21.5%-ը ծխող է. տղամարդկանց գրեթե կեսը՝ 47.6%-ն է ծխող, իսկ կանանց՝ միայն 1.6%-ը։
2000 թվականին բնակչության 30%-ն էր ծխում։ Չնայած ծխողների թիվը նվազել է, Հայաստանը զգալիորեն հետ է ծխախոտի տարածվածության կրճատման համաշխարհային միտումներից։
Ըստ Tobacco Atlas-ի՝ Հայաստանում յուրաքանչյուր տարի ծխելու հետեւանքով 5083 մարդ է մահանում։ 2021 թվականին գրանցված մահերի 16.2%-ը եղել է ծխելու հետևանքով։
Չնայած ծխախոտի օգտագործումը լուրջ վնաս է հասցնում հանրային առողջությանը, դրա արտադրությունը շարունակում է Հայաստանի տնտեսության նշանակալի բաղադրիչը լինել։ Ծխախոտի արտադրությունը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է։ Դրա տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ 2024թ.-ին կազմել է 9.2%։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում արտադրվել է մոտ 37 միլիարդ ծխախոտ։
Գլխավոր լուսանկարը՝ Առողջապահության նախարարության
Մեկնաբանել