HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ուփս, մենք արել ենք դա արհեստական բանականությամբ. հաքաթոն՝ նոր լուծումներ գտնելու նպատակով

Համացանցում արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության ծավալն անընդհատ ավելանում է, մեծ լեզվական մոդելներն էլ ամեն թարմացման հետ ավելի լավ են սկսում գրել ու հասկանալ հայերեն։ Մոդելների զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում տարբեր գործիքներ են ստեղծվում, որոնք հայտնաբերում են արհեստական բանականությամբ ստեղծված տեքստը ու տարբերում մարդու գրածից։ Սրանք, սակայն, լավ են աշխատում անգլերենի դեպքում, իսկ հայերեն տեքստերը վերլուծող նման գործիքներ չկան։

Մայիսի 30-31-ը Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 25-ամյակի կապակցությամբ աշխատարան և հաքաթոն էր կազմակերպել «Արհեստական բանականությունը հանուն բարօրության. խելացի օգնականների ստեղծում առօրյա մարտահրավերների հաղթահարման համար» (AI for Good: Building Smart Assistants for Everyday Challenges) թեմայով։ 

Ժաննա Մինասյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ է, հաքաթոնի շրջանակում 5-հոգանոց թիմով որոշել են ստեղծել գործիք, որը կհայտնաբերի արհեստական բանականությամբ գեներացված հայերեն տեքստը։

«Արհեստական բանականությունը հայտնաբերելու խնդիրն այսօր արդիական է, և գործիքը շատ տարբեր կիրառություններ կարող է ունենալ, օրինակ՝ զեղծարարություններից խուսափելու համար, օգտակար կարող է լինել պետական, կրթական համակարգերում և այլն»,- նշում է Ժաննան։

Խնդիրը լուծելու համար թիմի անդամները մարդու կողմից ստեղծված տվյալներ են հավաքել՝ տեքստեր անձնական արխիվներից, հետո տեքստեր գեներացրել նաև արհեստական բանականության միջոցով։ Մեքենայական ուսուցման մոդել են ստեղծել ու հասել ճշգրտության ինչ-որ մակարդակի։

«Քանի որ ժամանակն ու տվյալները քիչ էին, ճշգրտությունն այս պահին այդքան բարձր չէ։ Կենտրոնացել ենք տեխնիկական լուծման վրա, մոդելը կոդի միջոցով է աշխատում, բայց առաջարկել ենք նաև բարելավման ճանապարհներ հետագայում ավելի լավ արդյունք ստանալու համար»,- բացատրում է Ժաննան։

Նախագծին տվել են Oops, we did it with AI (Ուփս, մենք արել ենք դա արհեստական բանականությամբ) անունը։ Հաքաթոնին մասնակցող 9 թիմերից հենց այս մեկն է հաղթող ճանաչվել։ Մրցանակներ է ստացել ևս 3 թիմ։

Այս միջոցառմանը նախորդել էին արհեստական բանականության վերաբերյալ դասախոսությունները։ Նախաձեռնությունը կազմակերպվել էր Թուլուզի համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), Տեղեկատվական  հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Սինոփսիս Արմենիայի հետ համագործակցությամբ։ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի դիտարկմամբ՝ առաջիկա տարիներին արհեստական բանականությունը և կիբեռանվտանգությունը առաջնահերթ ոլորտներն են լինելու, որտեղ թե՛ Հայաստանը, թե՛ ամբողջ աշխարհը մասնագետների կարիք ունի։

«Արհեստական բանականությունը որպես գործիք լինելու է ամենուր։ Օրինակ, մեր համալսարանում (Հայաստանում ֆրանսիական համալսարան) ունենք մարքեթինգի, կառավարման և ֆինանսների ֆակուլտետներ, որտեղ հաջորդ տարի բոլոր ուսանողները կվերապատրաստվեն՝ օգտագործելու արհեստական բանականության գործիքներ»,- նշեց ռեկտոր՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին կոչ անելով շարունակել ուսումը հենց այս ուղղությամբ, քանի որ նրանք ոչ թե գործիքները կիրառողները, այլ դրանք նախագծողներն են լինելու։

Մասնակիցները ծանոթացան Հայաստանում և աշխարհում արհեստական բանականության միջոցով տարբեր խնդիրներ լուծելու օրինակների՝ պատրաստվելով սեփական նախագծերին։

Լուսանկարները՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հայերենով - Մենք դա արել ենք արհեստական բանականությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter