
Վարդան Ղուկասյանը չառաջադրվեց քաղաքապետի պաշտոնում
Վարդան Ղուկասյանն այդպես էլ չհայտնվեց թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում՝ հուսախաբ անելով համակիրների այն զանգվածին, որ այս օրերին սիրում էր կրկնել «Шеф появится в последний момент» («շեֆը կհայտնվի վերջին պահին») հայտնի արտահայտությունը:
Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուները 5-ն են՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը, Սպարտակ Պետրոսյանն ու Ռաֆայել Ասատրյանը: Վերջին երեքը հանդես են եկել ինքնաառաջադրումով: Ավագանու 21 տեղի համար թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով իր փաստաթղթերն է ներկայացրել 70 քաղաքացի: Նրանցից միայն 5-ն է նախկին ավագանու անդամ:
Թիվ 36 ընտարատարածքում, որտեղ պայքարն ընթանալու է Արթիկ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար, առաջադրվել են գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանն, ով թեև ՀՀԿ-ական է, սակայն հանդես է եկել ինքնաառաջադրումով, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը, Արսեն Աբրահամյանը, ով ղեկավարում է Արթիկի սոցիալական ծառայությունը, «Կարս» ընկերության տնօրեն Սերգեյ Զաքարյանը և Արթիկի մարզադպրոցի տնօրեն, անկուսակցական Հովակիմ Երիցյանը: Արթիկ քաղաքի ավագանու անդամության համար հանձանաժողով իր փաստաթղթերն է ներկայացրել 30 քաղաքացի:
Մեկնաբանել