HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարական օդանավը տեխսպասարկումից վերադարձել է Հայաստան

Մայիսի 10-ին տեխսպասարկման նպատակով Չեխիա մեկնած ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 29-ին վերադարձել է Երեւան: 

Ինչպես տեղեկանում ենք flightaware.com կայքից, կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), Պրահայի օդանավակայանում շուրջ 3 շաբաթ անցկացնելուց հետո ամսի 29-ին թռել է «Զվարթնոց»: 

Պրահա-Երեւան թռիչքը, ինչպես մայիսի 10-ին կայացած Երեւան-Պրահա չվերթը, համարակալված է FIE4041, ինչը նշանակում է, որ սա տեխնիկական թռիչք է, քանի որ, ինչպես արդեն գրել ենք, կառավարական բորտի չվերթերը հստակ համարակալում ունեն. ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003: Իսկ FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը: 

Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ կառավարական ինքնաթիռը տեխսպասարկում է անցնում Չեխիայում: 2020 թ. մայիսին եւս ՀՀ պետական բորտն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաեւ 2022-ի ապրիլի 14-ին ու Երեւան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին:

1998 թ. արտադրված այս Airbus A319 ACJ ինքնաթիռը, որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին: 

Առաջին լուսանկարում՝ ՀՀ կառավարական ինքնաթիռը՝ շվեյցարական Ցյուրիխի օդանավակայանում, 24.01.2025, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter