HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայում բացվել է Թումո Գունման` առաջին Թումո կենտրոնն Ասիայում

Հունիսի 1-ին Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Թումոյի առաջին միջազգային կենտրոնն Ասիայում` Թումո Գունման։ Կենտրոնը կգործի տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնում` G Messe Gunma-ում` Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Թումոյի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ճապոնիայի առաջին Թումո կենտրոնի բացմանը ներկա էին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն, Թվային փոխակերպման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, համագործակցությունների և զարգացման ղեկավար Սթիվեն Բրիջիսը և այլք: Նոր Թումո կենտրոնը հազարավոր ճապոնացի պատանիների կտրամադրի նորարարական հմտություններ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

«Կենտրոնը ոչ միայն ներկայացնում է Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցության հաջողված օրինակ, այլ նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հայկական կրթական մոդելն արտահանել աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Ուրախ ենք, որ կարող ենք ճապոնացի պատանիներին առաջարկել Թումոյի արհեստական բանականության GenAI նոր կրթական ոլորտը` AI սովորելու և AI-ով սովորելու համար», - նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Հետագայում նախատեսվում է նոր կենտրոններ և Թումո տուփեր գործարկել Ճապոնիայի Մաեբասի և Կուսացու քաղաքներում` ավելի մեծ թվով պատանիների հասանելի դարձնելով Թումոյի կրթական ծրագիրը:

«Թումոյի կրթական ծրագրի շնորհիվ Գունմա պրեֆեկտուրայի պատանիները հնարավորություն կունենան ձեռք բերել նորարարական հմտություններ և ստեղծարար փորձառություն։ Բայց սա միայն սկիզբն է, և մենք անհամբեր սպասում ենք, որ Թումոն ընդլայնվի ամբողջ Ճապոնիայում», - նշել է Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն:

Շարունակելով ընդլայնել իր միջազգային աշխարհագրությունը՝ Թումոն այս տարվա ընթացքում պատրաստվում է գործարկել ևս ինը կենտրոն Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում և Պորտուգալիայում: Այժմ գործում են տասնմեկ միջազգային Թումո կենտրոններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ալբանիայում և այլուր:

Թումո Գունմայի բացումը տեղի է ունեցել «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի օրերին, որտեղ Հայաստանը ներկայացված է Թումոյի նախագծած «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Ճապոնիայում բացված հայկական տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանի մշակութային ժառանգությանը, զբոսաշրջային գրավչություններին և ապագային միտված կրթական նախաձեռնություններին, այդ թվում` Թումո Գունմային:

Թումոյի դինամիկ միջազգային ընդլայնումը կարևոր է` Հայաստանը որպես նորարար, ապագային միտված կրթությամբ երկիր ներկայացնելու, միջազգային փորձառության շնորհիվ ծրագիրն էլ ավելի մրցունակ դարձնելու համար, ինչպես նաև Հայաստանում Թումոյի կրթական ցանցի համար ֆինանսական աջակցություն ապահովելու առումով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter