HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

SOS. Դաստակերտի պոչամաբարը շարունակում է հոսել (վիդեո)

Սիսիան քաղաքից մոտ 21 կմ հարավ-արևելք՝ Այրի գետի վրա կառուցված կամուրջն անցնում ես, ու Դաստակերտ չհասած՝ ճանապարհի աջ կողմում, բացվում է բուսազուրկ մի տարածություն, որի ցեմենտագույնը շրջակա կանաչ ֆոնին ուղղակի աչքի է զարնում. Դաստակերտի երբեմնի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարն է: Ողորկ տարածքը տարիների ընթացքում վերածվել էն ակոսների ու խոռոչների, իսկ կենտրոնում բացված, օր օրի մեծացող հսկայական հորից լսվում է Այրի գետի՝ բնապահպանական ահազագ հնչեցնող հառաչը:

Հանքավայրի շահագործումը

Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին առաջին ակնարկ-նախադասությունը Սիսիանի այն ժամանակվա «Կոմունիզմի ուղեգիր» շրջանային թերթում երևում է կոմբինատի գործարկումից մի քանի տարի անց միայն՝ 1955թ.: Հետագա տարիներին՝ 1956թ. տարեվերջից սկսած, թերթի էջերում Դաստակերտը ծաղկում է, սակայն ոչ մի խոսք՝ պոչամբարի կառուցման կամ թափոնների մասին:

Այդ առումով լուռ են նաև Ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչությունում պահպանվող փաստաթղթերը: Այստեղ հիմնականում անձնակազմին վերաբերող գործեր են՝ աշխատավարձի ցուցակներ, անձնական քարտեր, հրամանագրքեր… «Իրականացված շինարարության հետ կապված որևէ փաստաթուղթ արխիվ չի հանձնվել,- տեղեկացնում է Ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Անահիտ Պետրոսյանը:- Գործարանը պատկանել է Մոսկվայի գունավոր մետալուրգիայի նախարարությանը, և բնականաբար էդ փաստաթղթերը պետք է հավաքվեին նախարարության հաշվապահությունում: Բացի այդ՝ գաղտնիության նշանով փաստաթղթերը արխիվ չեն հանձնվում»:

Դաստակերտի մասին որոշ տեղեկություններ քաղում ենք ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված «Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծ-փաստաթղթի ներածականից՝ ներկայացված հանքավայրն առաջիկայում շահագործել պատրաստվող «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի կողմից. «Դաստակերտի պղինձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է 1941թ. ՀԽՍՀ ԳԱ-ի ԵԳԻ արշավախմբի կողմից Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջերում իրականացված երկրաբանական հետազոտությունների արդյունքում: Հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվեցին 1946թ.: 1948 և 1949թթ. Հ.Գ.Մաղաքյանի և Ս.Ս. Մկրտչյանի կողմից կատարվել է հանքավայրի հետախուզված պաշարների հեղինակային երկու հաշվարկ: Արդյունքում մոլիբդենի պաշարները գնահատվել են 1050տ, պղնձինը՝ 91500տ քանակությամբ: 20.02.1951թ. ԽՍՀՄ ՄԽ №1668 որոշմամբ թույլատրվել է Դաստակերտի կոմբինատի շինարարությունը»:

Դաստակերտի գործարանը կառուցվել և գործարկվել է շատ կարճ ժամանակում: Թափոնների կամ պոչամբարի կառուցման մասին, պարզվում է, սկզբնական շրջանում մտածող չի եղել: Խնդիրը արագ տեմպերով պղինձ-մոլիբդենի արդյունահանումն էր, իսկ էկոլոգիական վտանգների մասին պարզապես բարձրաձայնող չկար: Թափոնները հլու-հնազանդ տարիներ շարունակ քշում-տանում էր Այրի գետը՝ բերել-խառնելով Որոտանին, այնուհետև Արաքսին:

«Էն ժամանակ հարկավոր էր երկրին ավելի շատ պղինձ և մոլիբդեն տալ: Շատ սեղմ ժամկետում ձևավորվեցին երկու խոշոր ավանները՝ Քաջարանը և Դաստակերտը: Սիսիանը դեռ գյուղ էր կոչվում, իսկ Դաստակերտն արդեն քաղաքատիպ ավան էր, բնակչությունը կարճ ժամանակում հասավ 3500-ի,- հիշում է երկար տարիներ Սիսիանի կուսշրջկոմի քարտուղար աշխատած Շչորս Դավթյանը:- Քանի որ կոմբինատը շատ շտապ էր շահագործվել, պոչամբարը չէին հասցրել կառուցել, ինչը մեծ վնաս բերեց բնական միջավայրին: Խայտառակ բան էր. ջուրը՝ կաթի գույնի, ձկները վերանում էին, ափամերձ հատվածների հողերը մշակել ու ոռոգել հնարավոր չէր. ամբողջը վարարումների հետևանքով խտանյութի մնացորդներով էր պատված»:

Նմանատիպ պատկեր է հիշում նաև 75-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, ում աշխատանքային պրակտիկան սկսվել է Դաստակերտում՝ ափամերձ շրջանների ոռոգվող ծխախոտի դաշտեր, առուներում՝ սպիտակ ավազաշերտ: «Մի երկու տարի հետո էդ հողերը շարքից դուրս էին գալիս, թույն էր, էլի. պղնձի, մոլիբդենի անջատման պրոցեսում թունավոր քիմիկատներ էին օգտագործում: Վիճակը դա էր, պատերազմից հետո մոլեբդինը, պղինձը պետք էր: Էն ժամանակ ո՞վ էր նայում բնապահպանությանը. արդյունաբերություն, արդյունաբերություն: Ո՞վ կկարողանար 1-2 անել, թե բնապահպանական հարցեր կան. Սիբիր ուղարկեին»:

Ծնունդով տոլորսեցի, այժմ երևանաբնակ, 77-ամյա Ալեքսանդր Սուքիասյանը, ով նույնպես Դաստակերտի երիտասարդ կադրերից է, հիշում է, թե ինչպես իր սիրելի ձկները՝ բեղլուն, փարան, վերացան՝ բնության նկատմամբ մարդու ավերիչ վերաբերմունքի պատճառով:

Թափոնների խնդիրը Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատում մտահոգության առարկա դարձավ այն բանից հետո, երբ բողոքներ եղան, այն էլ հարևան հանրապետությունից, քանի որ թափոնաջրերը հասնում էին մինչև Կասպից ծով՝ ճանապարհին կատարելով իրենց սև գործը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կազմվել են նաև ակտեր, մուծվել են տուգանքներ:

Պոչամբարի կառուցումը

«Համալսարանում երբ ես հայոց լեզվից քննություն էի հանձնում, շարադրությունս պոչամբարի թեմայով էի գրել՝ «Իմ կյանքի ամենաերջանիկ օրը»: Ինչքան էինք ուրախացել պոչամբարը շահագործելիս. ջուրը մաքրվել էր»,- պատմում է Ռաֆիկ Խաչատրյանը, ով պոչամբարի շինարարության անմիջական մասնակիցներից էր՝ նախ որպես բանվոր, հետո տեխնիկ-վարպետ, այնուհետև՝ 1961-66թթ., Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատի կապիտալ շինարարության բաժնի պետ: Հիշում է՝ պոչամբարի շինարարությունը սկսվել էր 1958-ին և ձգվեց մինչև 1966թ.: Ֆինանսավորումը թույլ էր, իրականացվում էր կոմբինատի հաշվին, որն էլ ողջ Դաստակերտում շինաշխատանքներ իրականացնելու համար տարեկան հատկացնում էր ընդամենը 500 հազ. ռուբլի: «Քանի որ շինարարական կազմակերպություն չկար, կոմբինատն ինքն էր կազմակերպում շինարարությունը՝ տնտեսական եղանակով: Ժողտնտխորհի պետական հանձնաժողովի կողմից ընդունվեց լավ գնահատականով, և սկսվեց շահագործումը: Ջուրը շատ լավ մաքրվում էր՝ էնքան, որ ձկները բարձրացան մինչև Դաստակերտ տանող կամրջի մոտ»,- ասում է Ռ. Խաչատրյանը:

Որպեսզի Այրի գետի ջրերը չմտնեին պոչամբար, Դասատակերտ մտնող ճանապարհից ձախ՝ լանջի երկայնքով, 1957-59թթ. մոտ 1կմ երկարությամբ ջրանցք էր կառուցվել՝ բետոնե կոնստրուկցիաներով: Գետը, շրջանցելով պոչամբարը, ջրանցքով գալիս ու իր նախկին հունին էր միանում կամրջի մոտ միայն: Հանդիպակաց լանջով՝ կոմբինատից մինչև պոչամբարի պատվար, մոտ 2 կմ երկարությամբ թափոնատար խողովակն էր: Պոչամբարի ջուրը զտվելով լցվում էր կոլեկտոր, այդտեղից էլ հոսում ու հենապատի մոտից միանում գետին: Շինարարները հիշում են, որ հենց սկզբից էլ պոչամբարը դժվարությամբ է շահագործվել:

«Տեխնոլոգիան լավը չէր. շինարարական օբյեկտը ավարտում ես, գիտես, որ կշահագործվի մի 10 տարի, իսկ դա ամիսներով շահագործել հնարավոր չէր՝ առանց հսկողության,- ասում է Ռաֆիկ Խաչատրյանը:- Ֆաբրիկայից դուրս եկող հանքաջուրը ավազի հետ միասին գալիս-թափվում էր ձորը, ձորում նստվածք էր տալիս ավազը, մաքուր ջուրը բարձրանում, փայտե հորանների աչքերով լցվում էր կոլեկտորը: Հորանները ավազի կուտակման հետ պետք է բարձրացվեին. ամենօրյա հսկողություն էր պետք»:

Թափոնատար խողովակներն էլ նրբատախտակից էին (фанера): «Գողանում-տանում, խնոցիներ էին սարքում. էսօր դնում էինք, հաջորդ օրը չկային»,- հիշում է 77-ամյա Ալեքսանդր Սուքիասյանը, ով պոչամբարի շինարարության աշխղեկն էր և երբեմն-երբեմն բախվում էր վթարային իրավիճակների:

Լքված պոչամբարը

Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքում պաշարներ չլինելու պատճառաբանությամբ փակվեց 1975թ.՝ արդեն որպես Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղ: Այդ ժամանակ արդեն ջրանցքում և պոչամբարում վթարային խնդիրներ կային: Մեղմվեցին, սակայն չվերացան: Ռաֆիկ Խաչատրյանը հիշում է՝ 1976թ.-ն էր, ինքն էլ այդ ժամանակ շինվերանորոգման տեղամասի պետ էր. «Քաջարանի կոմբինատն ուզում էր վերանորոգել և վերևի՝ ջրանցքի հատվածը, և պոչամբարը, սակայն միջոցները շատ քիչ էին: Վերանորոգեցինք միայն ջրանցքի մի պատը, բայց կարճ տևեց: Հետագայում անուշադրության մատնվելով՝ լրիվ քայքայվեց էդ օբյեկտը»:

Ջրանցքի մասնակի նորոգում կատարվել է նաև 1990-ականների սկզբին. փլուզված հատվածում խողովակաշարեր են անցկացվել: Լուծումը դարձյալ ժամանակավոր էր, հետագա տարիներին փլուզվեցին նաև այլ հատվածներ ու… «Հիմա եթե լցվի Տոլորսի ջրամբար, պոչամբարի դեր կկատարի, էլի, եթե ճիշտը խոսենք»,- Ռաֆիկ պապի կարծիքն է:

Տարիներ անց թափոնները քշել-տանելու ծանր ու վտանգավոր գործը դարձյալ Այրի գետի ուսերին է: Տոլորսի ջրամբարը, որ կառուցվել է 1974 թ., թերևս բանից անտեղյակ, իր կապուտակ ավազանում է կուտակում պոչամբարի թափոնաջուրը: Եվ այսպես արդեն մոտ 20 տարի:

Գետը, նախկին հունի փնտրտուքով ողողելով պոչամբարի տարածքը, բացել է իր ճանապարհը՝ աստիճանաբար առաջ անցնելով և տարբեր տարիներին ելք գտնելով կոլեկտորի տարբեր հատվածներում: Հանգիստ չգտնելով նաև կոլեկտորում՝ ջուրը, հավանաբար հորանների անցքերից կամ վնասված հատվածներից լիզելով վերևի թափոնաշերտը, շարունակում է փլուզումներ առաջացնել ու ողողելով քշել-տանել պոչամբարի պարունակությունը:

Հանքարդյունաբերության մեկնարկի հետ Դաստակերտում հաստատված 83-ամյա Նիկոլայ Ստեփանյանը հիմա արդեն ավերակների վերածված բանավանի շատ կառույցների շինարարության է մասնակցել, այդ թվում՝ ջրանցքի: Հետո իր աչքով տեսել և իր մաշկի վրա զգացել է Դաստակերտի քայքայումը, ամեն օր արձանագրել Այրի գետի հոսքի վտանգավոր ուղղությունները: «Էս ամբողջը քայքայել-տարել ա: Տես ինչքան տեղ ա քանդած,- մտահոգություն է հայտնում, հետո մանրամասն նկարագրում, թե առաջ ինչպես էր աշխատում պոչամբարը:- Կանալի կառուցման մի բրիգադայի բրիգադիր էլ ես եմ եղել, է: Տիրություն չեն արել, գետը շուռ ա եկել, մտել էս խվոստի մեջը, կոլեկտորները փակվել են, ջուրը ընգել ա հողի երեսը, էսքանը քանդել ա: Հիմա ջուրը հեն ա էս նույն հողի տակով գնում, ինչ ինժեներ ուզում ա գա-նայի-տեսնա. ջուրը մտած ա գետնի տակը: Աստիճանաբար քանդելու ա, տանի. թույլ հող ա, սա ի՞նչ ա: Մի օր էլ տեսնելու են՝ չկա, արդեն վերջացել ա խվոստը»:

Հին Դաստակերտից այսօրվա քաղաքի բնակչների համար միայն վերքեր են մնացել ու մի հոսող պոչամբար: «Նույն առաջվա վիճակն ա, էլի,- ասում է Սերյոժա Խաչատրյանը, ով Դաստակերտի լավագույն հանքափորներից է:- Արդեն շատը գնացել ա խվոստի: Մարդիկ էլ, հանքը փակվել ա, գիտեն, թե մաքուր ջուր ա: Բայց դե, ամեն ինչին էլ վնաս ա, օրինակ՝ էդ լճերի ձուկ-բան, սաղ թունավորում ա, էլի»:

Պոչամբարից դուրս գալով՝ Այրի գետը ոռոգման աղբյուր է դառնում Ախլաթյան, Տոլորս, Տորունիք համայնքների համար, այնուհետև ոռոգման ջրի մատակարարման դերը ստանձնում է խտանյութի մնացորդները կլանող Տոլորսի ջրամբարը՝ ջուր հասցնելով Սիսիան, Ույծ համայնքներին: Այնուհետև նույն ջրերը, Սիսիանի ջրօգտագործողների միության տնօրեն Արարատ Թանգյանի տեղեկացմամբ, թունելով Շամբի ջրամբար չհասած, ոռոգում են Շամբի, Դարբասի, Գետաթաղի, Լծենի, Որոտանի հողատարածքները: Մյուս հոսքերին՝ արդեն Որոտան գետի ջրերում, նախընտրում ենք չհետևել:

Պոչամբարի վտանգները

«Պիտի որ փակ լիներ: Բաց է, հա՞»,- «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը զարմացավ՝ տեղեկանալով խնդրի մասին: Երբ եղավ 1990-ականների փլուզումը, ինքը բնապահպանության նախարար էր: Հիշում է՝ այն ժամանակ դա որակվեց որպես բնապահպանական աղետ. «Դա իզոլացված էր, 90-ականների սկզբին, երբ սելավաջրերը եկան, բավականին աղտոտվածություն մտավ գետի մեջ, մենք եկանք, տեղում տեսանք ամեն ինչ: Արդեն, փաստորեն, պատասխանատու չկար. պետության հույսին էր: Ջրերը հոսել էին դեպի գետ, այնտեղից էլ ջրամբար, ու սկանդալ դուրս եկավ, որովհետև վնասվել էին կենդանիները, վտանգվել էին մարդիկ, միջոցառումներ եղան, բայց հիմա պարզվում է՝ լուծումը ժամանակավոր էր: Հիմա եթե անընդհատ է այդ վիճակը, շատ վատ է, շատ վտանգավոր: Դա ուղղակի աղետ է, և դեմը պետք է առնել անպայման»:

«Հավանական ա, որ վնաս ա տալիս, կարող ա՝ չէ, ո՞վ ա իմանըմ,- Նիկոլայ պապն է, ուսերն է թոթվում ու աչքերը կկոցելով՝ փորձում հասկանալ իր իսկ հարցի պատասխանը:- Ո՞վ ա եկել, ստուգել՝ կարտոշկի, լոբու, որևէ բանի վնաս հասցնում ա՞, ստուգված կա՞, չեն ստուգել, չէ՞: Ես չեմ գիդըմ, եթե ստուգել են, իրենք ապացուցել են՝ վտանգավոր չի, ուրեմն վտանգավոր չի»:

Թե ինչ վտանգներ կարող է պարունակել պոչամբարը, բնակիչներն այնքան էլ լավ չեն պատկերացնում: Մենք էլ չկարողացանք ջրի պարունակության և վտանգավորության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ձեռք բերել: Բազմաթիվ աղբյուրներ փորփրելուց հետո պարզեցինք, որ Դաստակերտում մակերևութային ջրերի հետազոտություն վերջին անգամ կատարվել է 2011 թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կենտրոնի տնօրենի ձեռնարկատիրական հարցերով տեղակալ Արշալույս Միրոյանը չժխտեց այդ փաստը՝ նշելով, որ ջրի նմուշառություն է կատարվել 7 տարբեր կետից, այդ թվում՝ պոչամբարից դուրս եկող ջրից: Հետազոտության արդյունքների մասին, սակայն, հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, որ հետազոտությունը կատարվել է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի պատվերով, և իրենք իրավասու չեն նշված տեղեկատվությունը հրապարակել:

«Դաստակերտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծ-փաստաթղթում (տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում) տրված է Դաստակերտի մակերևութային ջրերի հիդրոքիմիական բնութագիրը: Նշված է. «2011թ. ամռանը և աշնանը կատարվել է դիտարկվող շրջանի մակերևութային ջրերի նմուշառում: Նմուշարկմանը ենթարկվել են Կըշկոշտի գետը, Այրի գետ, գետի անանուն վտակը՝ Նժդեհ գյուղի մոտ և Այրիգետ գետի հատվածը՝ Դաստակերտ ավանից հետո»: «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ Դաստակերտի հետախուզական տեղամասի պետ Վիկտոր Աթոյանն ասաց, որ հետազոտությունը չի ընդգրկել Այրի գետի՝ պոչամբարից դուրս եկող հատվածը: «Մենք այդ հետազոտության անհրաժեշտությունն էլ չենք ունեցել»,- նշեց նա և հավելեց, որ դա բնապահպանական խնդիր է, և դրանով բնապահպանության նախարարությունը պետք է զբաղվի:

Վերադառնալով բնապահպանության նախարարությանը… Խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և պոչամբարի՝ շրջակա միջավայրի համար հնարավոր ռիսկերը պարզելու նպատակով Գորիսի բնապահպանական տեղեկատվության հասարակական (ՕՐՀՈւՍ) կենտրոնը 2012թ. հունիսի 27-ին պաշտոնական հարցմամբ դիմել էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանը պատասխան գրության մեջ (11.07.2012) նշել է, որ պոչամբարում 1993թ. կատարվել է համալիր ուսումնասիրություն. «Անհրաժեշտությունից ելնելով՝ 2011թ. պոչամբարի տարածքում բնապահպանության պետական տեսչության տարածքային բաժնի կողմից կատարվել են դիտարկումներ, արդյունքում պարզվել է, որ շրջանցող ջրանցքի վթարման պատճառով գետի ջրերը հոսում են պոչամբարի տարածքով»: Է. Փիրումյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ղեկավարությամբ 2012թ. ապրիլին ստեղծվել է լքված պոչամբարների և նրանց հարող տարածքների քիմիական և երկրաբանական ուսումնասիրությունների միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այսքանը, և ոչ մի խոսք՝ վտանգների մասին:

Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանի խոսքով՝ խնդրին համապատասխան կառույցներում վաղուց են ծանոթ. ինքն անձամբ է գրություններ ուղարկել: Հիշում է, որ 1999-2000թթ. նոր ջրանցք կառուցելու համար 99 մլն դրամի ծրագիր է մշակված եղել, սակայն այն այդպես էլ գործի չի վերածվել:

Խնդիրը, Կարինե Դանիելյանի կարծիքով, ինստիտուցիոնալ իրավական է: Մեզանում սովորաբար հանածոները տեր ունեն, պոչամբարները՝ ոչ: Առավել ևս եթե դրանք խորհրդային տարիներից են մնացել: Խնդրի լուծման ժամանակակից տարբերակներից է պոչամբարներն իբրև տեխնոգեն հանք օգտագործելը: Վաղուց արդեն միջազգային ասպարեզում այդպիսի տեխնոլոգիաներ են մշակվել: «Որքան ինձ հայտնի է, կան գործարարներ, որոնք ուզում են այդ բիզնեսով զբաղվել: Պետք է աշխատենք այնպես անել, որ մարդիկ շահագրգռված լինեն: Երկիրն ուղղակի խոցերով ծածկված է, և գնալով այդ պոչամբարները շատանում են և իրոք անտեր են, վերահսկողություն չկա: Իրավիճակը նկարագրեցիք. թունավորվում է ամբողջ շրջակա միջավայրը: Հետո մենք էդ ջրով ոռոգում ենք մեր հանդակները, այդ սնունդն ընդունում: Էստեղ մեր սերունդների, մեր առողջության հարցն է: Զարմանալի չէ՝ երբ նայում ես Հայաստանի բնակչության առողջության հետ կապված տվյալները, տեսնում ես աննախադեպ աճ և երիտասարդացում հենց այն հիվանդությունների, որոնք, ըստ միջազգային ստանդարտների, խիստ կապված են շրջակա միջավայրի հետ»,- ասում է Կ. Դանիելյանը:

Տեղաբնակների խոսքով՝ Դաստակերտի պոչամբարն իբրև տեխնոգեն հանք շահագործելու մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում, անգամ նմուշառումներ են կատարվել, սակայն միայն այդքանը:

Շուրջ 9 հա մակերես ունեցող և 1մլն տոննա խտանյութի մնացորդ պարունակող պոչամբարի «փրկությունը» բնակիչները կապում էին նաև հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարող «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հետ: Սակայն հետո պարզվեց, որ հանքավայրի շահագործման դեպքում նոր պոչամբար է կառուցվելու հարևան Սոֆլուի տարածքում՝ Այրի գետի անանուն վտակի հունում: «Ֆաբրիկայում 2.0 մլն տ տարեկան հանքաքարի մշակման դեպքում պոչամբարը կծառայի 5.5 տարի: Այս պոչամբարի ծավալը սպառելուց հետո նախատեսվում է հետագայում պոչերը կուտակել հին ֆաբրիկայի պոչամբարում՝ նրա վերակառուցումից հետո»,- նշված է «Մոլիբդենի աշխարհի» նախագծում:

Կարինե Դանիելյանը հավատում է, որ խնդրին լուծում կգտնվի: «Մենք էլ հարցը կբարձրացնենք թե կառավարությունում, թե նախարարությունում: Երբեմն մինչև վարչապետին, նախագահին չենք դիմում, հարցերը չեն լուծվում: Բայց դրանք իրենք իրենց պետք է լուծվեին: Ինչ օրենքը պահանջում է, պետք է արվեր»,- նշեց նա:

«Բա հետո ի՞նչ պիտի լինի»,- մեր վերջին հարցը Դաստակերտի բնակիչ Նիկոլայ պապին:

«Հետո՞… Ինձանի՞ց ես հարցնում, որպես ժուռնալիստ՝ ինքդ քեզ հարցրու՝ ինչ ա լինելու: Սենց էլ քանդվելու ա, քինա. էս շենքերը, գործարանը ի՞նչ եղան,- ցույց է տալիս գործարանի և հարակից շինությունների ավերակները:- Ո՞վ պիտի մտածի՝ ես չեմ իմանըմ, դու ասա՝ ով պիտի մտածի, դու ման կկաս կճարես, հետո կասես՝ ով պիտի մտածի: Եթե գրար, ճարվիլվ ա մտածող, եթե չգրար, չի ճարվելու, եթե գրածիդ հետևից քացիր, ճարվիլվ ա»:

Աննա Ավետիսյան

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանություններ (3)

Hasmik
Վայ վարազ, ամառային ճամփորդության էիր մեկնել Սիսիան՞ , թարմ ականջ ես ման գալիս որ ճղճղան ձայնդ հասցնես, գոնե հասկացողություն ունես այն մասին, որ գործող պոչամբարը շատ ավելի անվնաս է, քան բարձիթողի մնացածը, ես շատ կուզեի, որ իմ հայրենի Սիսիանում Դինոյի ստանդարտներով ընկերությւոն գործեր, որ մարդիկ կարողանային ապրել, որ որ չամայանար իմ հայրենի շրջանը, արդեն ցրտելա Սիսիանում հետ գնա քո հայրենի Կապան, բայց այնտեղ ել ես զզվեցրել քո անիմաստ մեկնաբանություններով :
AK
Պոչամբարը, որպես տեխնածին հանքավայր շահագործելու վերաբերյալ մեկնաբանությունհը ճիշտ է, բայց շարունակեմ, որպեսզի հասկանալի դառնա խոսքն ինչի մասին է: Մետաղների միջազգային գների բարձրոցումը թույլ է տալիս թափոնի միջից հանել դեռևս մնացած մետաղները; Սա ևս արտադրական պրոցես է, որը ենթադրում է թափոնի ֆլոտացիա, կիսլատաներով, այսինքն` թույներով: Այլ խոսքով ասած, անհրաժեշտ է լինելու մեկ այլ պոչամբար, որում թուների քանակությունը նույնը կլինի, սակայն մետաղներն ավելի քիչ: Ռուսը կասեր хвост ввосту рознь: Սրա դեմը առնել չի լինի, որովհետև իրականում հանքերը պիտի և կշահագործվեն: Այլ հարց է, որ հանրությունը մասնակից դարձվի պոչամբարի կառույցի նախագծի հանրային քննարկումների, դրա տեղի, ապահովության որոշման, աշխատանքները ավարտելուց հետո ռեկուլտիվացիոն աշխատնքներին և այլն: Հակառակ դեպքում, եթե ոչ մի համայնք չթողնի իր հարևանությամբ կառուցվի պոչամբար, ապա հանքային ոլորտը կարելի է փակել ընդհանրապես
Արտյոմ
«պոչամբարն իբրև տեխնոգեն հանք շահագործելը» նշանակում է հետևյալը: 1970-ականներին փակված հանքը շահագործվել է այդ ժամանակների տեխնոլոգիայով: Ու այդ ժամանակվա տեխնոլոգիան ասենք հնարավորություն էր տալիս կորզելու մոլիբդենը, բայց ասենք մի որոշ տոկոս հնարավոր չէր կորզել քանի որ մի կողից տեխնոլոգիան թույլ չէր տալիս, մյուս կողմից ինքնարժեքն էր բարձր ստացվում: ու պոչամբար լցվում էր ասենք 0.000X% մոլիբդենի պարունակությամբ հանքաքար: իսկ հիմա տեխնոլոգիան զարգանում է և արդեն մոտ 50 տարի անցել է տեխնոլոգիան զարգացել է ու տնտեսապես ձեռնտու է դառնում կորզելու այդ մնացաց տոկոս մոլիբդենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter