
ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից անհիմն հատկացվել է 360 մլն դրամ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նախաձեռնել է աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա պետբյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է ընդհանուր շուրջ 360 մլն դրամ։
«Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խախտվել է պետության կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, նշված կարգի խախտմամբ կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել