HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքից աճուրդով 150 հազ. դրամով գնված հողի մի մասը փոխանակվել է 600 մլն դրամ արժողության բնակարանի հետ

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ավագանին 2021թ. սեպտեմբերի 1-ին որոշել է Երևան-Սևան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող մոտ 1,1 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ-վաճառքով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 150 հազ. դրամ՝ առանց նշելու, թե ինչպես է կատարվել հաշվարկը: Հենց մեկնարկային գնով հողամասը գնել է նույն գյուղի բնակիչ Մհեր Բաղդասարովը:

2021թ. հոկտեմբերի 26-ին Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանի (նրա անունից հանդես է եկել լիազորված անձը) և Մհեր Բաղդասարովի միջև կնքվել է հողամասի աճուրդային առուվաճառքի պայմանագիր: Իսկ 3 օր անց Կադաստրի կոմիտեում գրանցվել է Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ: 

Հողամասը, ըստ կադաստրային տվյալների, գտնվել է 12-րդ գոտում, այսինքն՝ եղել է ցածրարժեք: Գտնվել է ձորականման տարածքում՝ ոչ հարթավայրում: Սակայն, հաշվի առնելով զբաղեցրած դիրքը (Երևան-Սևան ավտոճանապարհի անմիջական հարևանությամբ), շուկայական արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցել է համայնքի սահմանած գնին:

Պարզվում է՝ Մհեր Բաղդասարովին հողատարածքն անհրաժեշտ է եղել սոսկ հետագայում ավելի թանկ վաճառելու համար, ինչն էլ 2-3 տարվա ընթացքում իրականացրել է: Նա 1 հեկտարից ավելի հողամասն առանձնացրել է, սարքել առանձին միավորներ և վաճառել: Մինչ այդ, հողատարածքում շինարարական աղբ ու հող է լցրել, հարթեցրել:  

Նշված հողամասը բաժանվել է երկու մասի՝ 1 հա և 0,1 հա մակերեսներով: Հողամասերը ստացել են տարբեր կադաստրային ծածկագրեր և 2023թ. հոկտեմբերի 23-ին դրանց նկատմամբ գրանցվել է Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը:

Այնուհետև նշված 1 հա հողամասը բաժանվել է երկու մասի՝  0.2 և 0.8 հա մակերեսներով: 

2023թ. դեկտեմբերի 4-ին 0.2 հա հողատարածքն առուվաճառքի պայմանագրով Մհեր Բաղդասարովն օտարել է Միխաիլ Բլոխինին՝ 6 մլն դրամով: 

Միխաիլ Բլոխինը 2018թ. փետրվարին Հայաստանում հիմնել է «ՍպեցՏեխ» ՍՊԸ-ն: Ընկերությունն առաջարկում է շինարարական սարքավորումների վարձակալության ծառայություն։

Ամիսներ անց լուծվել է նաև 0,8 հա հողատարածքի ճակատագիրը: 2024թ. հունիսի 26-ին Մհեր Բաղդասարովը 0,8 հա հողատարածքը տարաժամկետ վճարման պայմանով վաճառել է Բաբկեն Հովակիմյանին: Վաճառքի գինը կազմել է 200 մլն դրամ: Գումարից 39 մլն դրամը գնորդը միանգամից է վճարել, իսկ 161 մլն դրամը պարտավորվել է վճարել մինչև 2025թ. ապրիլի 26-ը: Գործարքը կնքելուց օրեր անց այդ հողի նկատմամբ գրանցվել է Բ. Հովակիմյանի սեփականության իրավունքը:

Բաբկեն Հովակիմյանը 2007թ.-ից «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ 2022թ. հունվարին դարձել է նաև սեփականատերը: Ընկերության հիմնական գործունեությունը եղել է շինանյութերի մանրածախ վաճառքը, այնուհետև իրականացրել է փայտանյութի ներմուծում և վաճառք, միջազգային բեռնափոխադրումներ: Ընկերությունը 2021թ.-ից իրականացնում է նաև կառուցապատման աշխատանքներ: Աբովյան քաղաքում կառուցում է բազմաբնակարան համալիր, իսկ Առինջում՝ բնակելի թաղամաս:

Այդ նպատակով 2023թ. հունվարին Բաբկեն Հովակիմյանը հիմնել է նաև «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն է՝ Ավետ Կոնջորյանը:

Հավանաբար կողմերը գոհ են մնացել գործարքից, և 2025թ. մայիսի 6-ին Բաբկեն Հովակիմյանին վաճառվել է նաև հողամասի շարունակությունը կազմող 0.3 հա-ը, որի գինը հայտնի չէ:

Գործարք՝ քրեական վարույթի ելքով

2024թ. հունվարի 17-ին Մհեր Բաղդասարովը հերթական հաջող գործարքն է կատարել: Նա և Պտղունք գյուղի բնակիչ Քրիստինե Ասատրյանը կնքել են անշարժ գույքի փոխանակության պայմանագիր: Մ. Բաղդասարովը 1,4 հա բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման և 0,3 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասերը փոխանակել է Քրիստինե Ասատրյանին պատկանող, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի 74 հասցեում գտնվող 104,67 քմ մակերեսով բնակարանի հետ:

Փոխանակված անշարժ գույքերից յուրաքանչյուրի արժեքը, փոխադարձ համաձայնությամբ, գնահատվել է 600 մլն դրամ: Պայմանագիրը կնքելուց օրեր անց  հողամասի նկատմամբ գրանցվել է Քրիստինե Ասատրյանի, իսկ բնակարանի նկատմամբ՝ Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը:

Փոխանակված հողամասերը դարձյալ ձեռք էին բերվել աճուրդով և գտնվում էին վերը նշված 1,1 հա հողամասերի անմիջական հարևանությամբ:

Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ նշված հողակտորն առաջացել է գույքերի միավորման արդյունքում։ 2021թ. հոկտեմբերին հողամասի աճուրդային առուվաճառքի պայմանագրերի հիման վրա է գրանցվել Մհեր Բաղդասարովի սեփականության իրավունքը: Նա օրերի տարբերությամբ ձեռք է բերել 1,4 հա և 0,3 հա հողամասերն ու միավորել:

Միայն հայտնի է, որ 0,3 հա հողամասի մեկնարկային գինը եղել է 80 հազ. դրամ:

Պարզվում է՝ Մ. Բաղդասարովի այս գործարքն այնքան էլ հարթ չի անցել: 1,4 հա հողամասի առնչությամբ 2021թ. նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ 1,4 հա հողատարածքը ճանաչվել է իրեղեն ապացույց, և որոշման օրինակն ուղարկվել է Կադաստրի կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեին Կադաստրի կոմիտեն գրությամբ տեղեկացրել է, որ նշված հողամասի նկատմամբ կիրառվել է կալանք, և սահմանափակումը գրանցվել է: Սակայն, Մհեր Բաղդասարովը 2023-2024թթ. ընթացքում 3 անգամ դիմել է Կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու խնդրանքով: Տրված 3 միասնական տեղեկանքներում էլ կատարվել է նշում, թե հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:

Դրա շնորհիվ Մհեր Բաղդասարովը կարողացել է այդ և միացված 0,3 հա հողամասը փոխանակել Քրիստինե Ասատրյանի բնակարանի հետ:

Հարկ է նշել, որ Ք. Ասատրյանը Բաղդասարովների ընտանիքին օտար մարդ չէ: Մհեր Բաղդասարովի դուստրը հաշվառված է Ասատրյանի տան հասցեում:

Ուշագրավ է, որ գործարքից հետո Մ. Բաղդասարովը 2024թ. մարտին դարձյալ դիմել է Կադաստրի կոմիտե միասնական տեղեկանք ստանալու խնդրանքով: Կոմիտեից պատասխանել են, թե սեփականության վկայականում հասցեի սխալ է եղել և դիմում է անհրաժեշտ ուղղելու համար: Միևնույն ժամանակ, հայտնել են, որ 1,4 հա հողամասի նկատմամբ 2021թ. նոյեմբերի 16-ին գրանցվել է սահմանափակում: Այսինքն, երբ Մ. Բաղդասարովը այդ հողամասի հետ կապված գործարք է կատարել, Կադաստրի աշխատակիցները սահմանափակումը չեն տեսել, բայց գործարքից հետո տեսել են:

Նշված հողատարածքների աճուրդ-վաճառքների մանրամասների մասին տեղեկություններ իմանալու և պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք Աբովյանի համայնքապետարան, քանի որ համայնքների խոշորացումից հետո Պտղնի գյուղը համարվում է Աբովյանի բնակավայր: Աբովյանի համայնքապետը գրավոր հայտնել է, որ համայնքի խոշորացումից հետո համայնքային փաստաթղթերը չեն փոխանցվել, հետևաբար տեղեկություններ չունի եւ մանրամասներ չի կարող փոխանցել:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» փոխանցեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի մի շարք, այդ թվում` 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը), 445-րդ (Պաշտոնեական կեղծիք) և 296-րդ (Փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով։

«Կատարվում են ակտիվ ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Նախաքննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան»,-հայտնում է Մ. Օհանջանյանը։

Հողամասերի աճուրդ-վաճառքը սնանկացման եզրին է կանգնեցրել «Գնդասար» ՓՀԷԿ-ը

Այլընտրանքային էներգետիկայի զարգացման պետական ռազմավարության շրջանակներում Սարգիս Գամբուրյանը 2010թ. ձեռնամուխ է եղել փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) կառուցմանը՝ ներգրավելով նաև վարկային միջոցներ:

«Գնդասար» ՓՀԷԿ-ը կառուցվել է սեփականության իրավունքով Սարգիս Գամբուրյանին պատկանող և կամավոր սերվիտուտի պայմանագրով հատկացված հողատարածքներում: Հրազդան գետի Ակունք վտակի Պտղնի և Գետամեջ համայնքների ջրային հողերի վրա կառուցվել են ամբարտակ, ճնշումային մետաղական խողովակաշար, շենք-շինություններ, որոնցում տեղադրվել են հիդրոտեխնիկական և էներգատեխնիկական սարքավորումներ, այլ ենթակառուցվածքներ:  2014թ.-ից սկսվել է էներգիայի արտադրությունը:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամկետը մինչև 2029թ․ դեկտեմբերի 3-ն է:

«Գնդասար» ՓՀԷԿ-ի սեփականատեր Սարգիս Գամբուրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2023թ. հուլիսին նկատել է, որ ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի վրա իրականացվում են հողային աշխատանքներ: Հանդիպել է այդ աշխատանքներն իրականացնող Մհեր Բաղդասարովին և զգուշացրել առաջացող լուրջ հետևանքների մասին: Առաջարկել է աշխատանքները դադարեցնել մինչև պետական մարմիններից որոշ ճշտումներ կատարելը, սակայն, ըստ Ս. Գամբուրյանի, մերժում է ստացել: Հետևանքը եղել է այն, որ վնասվել է ՓՀԷԿ-ի խողովակաշարը, որի վրա 15-20 մետր հող է լցվել:

Հիշեցնենք, որ Մհեր Բաղդասարովը 1 հա-ից ավել հողատարածքը գնել էր աճուրդով՝ 150 հազ. դրամով: Հողատարածքները գտնվել են ձորակում և հարթեցնելու համար հող է լցվել: Հենց այդ հողն էլ լցվել է «Գնդասար» ՓՀԷԿ-ին պատկանող խողովակաշարի վրա և վնասել այն:

Դրանից հետո ՓՀԷԿ-ի տնօրեն Դոնարա Գամբուրյանն ու սեփականատերը դիմել են պատկան մարմիններին՝ Աբովյանի համայնքապետարան, Շրջակա միջավայրի նախարարություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, վարչապետին և այլն: 

Դեռևս 2024թ. ապրիլին Սարգիս Գամբուրյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում  հայտնել է, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ հովանավորչություն իրականացնող և հողամասի թաքնված իրական շահառու է հանդիսանում Պավել Ցուգունյանը: 

«Ըստ շրջանառվող լուրերի՝ ենթադրյալ հովանավորչություն իրականացնող և թաքնված իրական շահառուներից է ոմն Պավել Ցուգունյանը: Ի դեպ, ըստ լուրերի, վերոնշյալ տարածքները համայնքից չնչին գումարով ձեռք է բերել հենց ինքը՝ Պավել Ցուգունյանը և հետագայում վաճառել Մհերին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա հանդիսանում է Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին»,-նշված է Ս. Գամբուրյանի նամակում:

Պավել Ցուգունյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Նա որևէ ձևով չարձագանքեց մեր նամակներին: Մհեր Բաղդասարովի հետ կապ հաստատել ևս չհաջողվեց:

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է, որ որևէ կապ կամ առնչություն է ունեցել նշված հողատարածքի հետ կապված գործընթացներին։ Հերքում է նաև իր կողմից հովանավորչությունը:

Ասում է, որ երբ Կոտայքի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ճանապարհի երթևեկելի հատվածից նկատել է հողալցման աշխատանքները ժամանակին ջրային ավազանի նպատակով կառուցված տարածքում։ Պաշտոնապես դիմել է Պտղնի համայնքի ղեկավարին, վերջինս էլ հավաստիացրել է, որ համայնքի ավագանու որոշմամբ  փոխվել է հողատարածքի նպատակային նշանակությունը, այլևս ջրային նպատակային նշանակության չէ։ Այնուհետև դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: 

Ոստիկանությունից Ռ. Պետրոսյանին պատասխանել են, որ հողի նպատակային նշանակության փոփոխությունը համապատասխանում է օրենքին: Բացի այդ, ստացել է տեղեկություն, որ համայնքի ղեկավարը թույլտվություն է տվել տվյալ տարածքում հողային լիցք կատարելու համար: Արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Վարույթ չնախաձեռնելու որոշումը Պետրոսյանը բողոքարկել է Դատախազություն՝ առաջարկելով քրեաիրավական գնահատականի արժանացնել կատարվածը, սակայն դարձյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ 

«Դրանից հետո, իմ ունեցած տեղեկություններով, Պտղնի համայնքի ղեկավարն աճուրդի է դրել այդ հողը՝ արդեն լիցք արված տեսքով և օտարվել է»,- պարզաբանում է Ռոմանոս Պետրոսյանը։

Մինչև 2023թ. աշուն «Գնդասար» ՓՀԷԿ-ն աշխատել է բնականոն ռեժիմով, արտադրել է էլեկտրաէներգիա, որի շնորհիվ փակվել են կատարված ծախսերը, սպասարկվել է վարկը: 2023թ. դեկտեմբերից կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, այնուհետև ՓՀԷԿ-ը դադարել է գործել՝ կրելով լուրջ վնասներ:

Սարգիս Գամբուրյանը կարծում է, որ Մհեր Բաղդասարովը վայելում է որոշ պաշտոնյաների աջակցությունը: ՓՀԷԿ-ի սեփականատերերի ահազանգերի ու բողոքների հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է ավելի քան 18 մլն դրամի վնաս, սակայն Գամբուրյանի խոսքով՝ ՓՀԷԿ-ի վնասն արդեն անցնում է մի քանի տասնյակ միլիոնը:

Հարկ է նշել, որ այդ հողատարածքների անմիջապես հարևանությամբ կարևոր ռազմավարական օբյեկտ կա: Հողալցման հետևանքով փակվել է նաև այդ օբյեկտի պարսպի մի մասը, իսկ վտակի հունը փակելու պատճառով ջրերը լցվում են օբյեկտի տարածք՝ քայքայելով պարիսպը:

Կադաստրի կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ մինչև հողերի միավորումը 1,4 հա հողամասը (որը փոխանակվել է Քրիստինե Ասատրյանի բնակարանի հետ, հեղ.) համայնքի անվամբ գրանցված է եղել որպես ջրային հող: Համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների հիման վրա դրա նպատակային նշանակությունը փոխվել է՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հող: 

Սարգիս Գամբուրյանն ասում է, որ թեև հարուցված քրեական վարույթ կա, սակայն մինչ օրս ՓՀԷԿ-ը տուժող չի ճանաչվել, մինչդեռ ակնհայտ է, որ լուրջ վնասներ է կրել ապօրինի գործողությունների հետևանքով:

Հայցադիմում համայնքապետարանի դեմ. սերվիտուտի պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում

2024թ. օգոստոսի 26-ին «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ կամավոր սերվիտուտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բորիս Բաղդասարովը, Քրիստինե Ասատրյանը, Միխաիլ Բլոխինը և Բաբկեն Հովակիմյանը գործում ներգրավված են որպես երրորդ անձ:

Հայցադիմումում նշել է, որ 2012թ․ մայիսի 10-ին Պտղնի համայնքի (ներկայում՝ Աբովյան խոշորացված համայնք) և «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ի միջև կնքվել է կամավոր սերվիտուտի պայմանագիր: Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող և սեփականության իրավունքով համայնքին պատկանող 0,1 հա ընդհանուր մակերեսով ջրային հողամասն ամբողջությամբ՝ ճնշումային խողովակաշար անցկացնելու նպատակով՝ սահմանափակ օգտագործման իրավունքով, հանձնվել է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին։

2023թ․ հուլիսից «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին հանձնված հողամասում և դրա հարակից տարածքներում սկսվել են հողային աշխատանքներ՝ խախտելով ընկերության կամավոր սերվիտուտի պայմանագրից բխող իրավունքները։ Աբովյան համայնքի ղեկավարին դիմում է ուղարկվել՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ իրականացվող հողային աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ, սակայն, Սարգիս Գամբուրյանի փոխանցմամբ, որևէ քայլ համայնքը չի ձեռնարկել։ Համայնքապետարանից խորհուրդ են տվել դիմել իրավապահ մարմիններին:

Ընկերությունը զրկվել է օրինական օգտագործվող հողամաս մտնելու և ճնշումային խողովակաշարերն օգտագործելու և սպասարկելու հնարավորությունից։ Վերացել է միակ համայնքային ճանապարհը, որը տանում էր դեպի հողամաս։ Հետևաբար, դատարանին խնդրում են պարտավորեցնել Աբովյանի համայնքապետարանին՝ ապահովել կամավոր սերվիտուտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ ապահովել «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ի իրավունքը՝ անարգել օգտվելու կամավոր սերվիտուտի պայմանագրով օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից։

Դատական գործը դեռևս նախնական դատալսումների փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter