HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։ Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում, դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում և այլն:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրն անդրադառնում է թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Ըստ նախարարի՝ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից: «ՀՀ-ի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից: Եվ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն: Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել: Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշել է նախարարը:

Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում 2023-ը երբ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին: «Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը և արտադրությանը: Վարչապետն ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները տեսանելի դարձնելու հնարավորություն տա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter