
Այսօր՝ Կոսովո-Հայաստան. թիմերը կհանդիպեն 3-րդ անգամ
Երեւանի ժամանակով 21:00-ին այսօր Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կմեկնարկի Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը։
Սա կլինի թիմերի երրորդ մրցավեճը, որոնք բոլորն էլ ընկերական էին։
Հիշեցնենք, որ առաջին անգամ մեր ընտրանին բալկանյան այս հավաքականին հանդիպել է 2022 թ. նոյեմբերի 16-ին Պրիշտինայում: Չնայած Հայաստանի հավաքականը երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ, այդուհանդերձ, խաղն ավարտվեց 2-2: Մեր թիմից գոլերը խփեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Երկրորդ ընկերական մրցավեճը կայացել է 2024-ի մարտի 22-ին Երեւանում եւ ավարտվել հյուրերի 1-0 հաշվով հաղթանակով:
ՀՖՖ-ն այսօր հրապարակել է նաեւ մեր հավաքականի վերջնական հայտացուցակը:
Հանդիպումն սպասարկելու են ալբանացի մրցավարները։ Մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին եւ Մարյուս Սոսեն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան:
Այս խաղից հետո մեր ընտրանին մեկնելու է Մոնտենեգրո, որտեղ ամսի 9-ին ընկերական մրցավեճ է անցկացնելու դաշտի տերերի հետ։
Բալկանյան թիմերի հետ հանդիպումները նախապատրաստություն են աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլից առաջ, որը մեկնարկելու է աշնանը։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել