HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քաղաքաշինությունը դինամիկ զարգացող ուղղություն է և ենթակա է շարունակական փոփոխությունների». Նունե Պետրոսյան

Կառավարությունը տարաբնակեցման գլխավոր նախագիծ մշակելու որոշում է ընդունել։ Հիմնավորումների մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել եւ վերաբաշխել երկրի ռեսուրսներն ու կարողությունները հասարակության հեռանկարային կայուն զարգացումն ապահովելու համար: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ի՞նչ է նշանակում ռեսուրսների վերաբաշխում եւ վերագնահատում, ինչո՞վ է պայմանավորված տարաբնակեցման նոր գլխավոր նախագիծ մշակելու անհրաժեշտությունը և քաղաքաշինության ոլորտում կատարվող փոփոխություններին վերաբերող այլ հարցեր։

Քաղաքաշինական ծրագրային բոլոր նախագծերը ժամանակի ընթացքում ենթակա են արդիականացման։ Այսօր ելակետային վիճակը բոլորովին այլ է։ Ուստի անհրաժեշտ է ուսումնասիրել այն, գնահատել ռեսուրսները՝ բնական և մարդկային, վերագնահատել ճանապարհային և ինժեներական ենթակառուցվածքների համակարգը, բնակավայրերի տեղաբաշխումը, ապա նաև՝ զարգացման հնարավորությունները, ի հայտ բերել  բացերը՝ առաջարկելով լուծումներ, որոնք ուղղված կլինեն երկրի համաչափ զարգացմանը՝ թույլ տալով, որ բոլոր բնակավայրերում բնակիչներն ունենան նույն հնարավորություններն իրենց կենսագործունեության համար։

Մարդու կենսագործունեության հիմնական ուղղություններն են՝ բնակությունը, աշխատանքը և հանգիստը, որոնցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է տարածքային կոնկրետ տեղաբաշխում։ Ո՞ր տարածքն է ավելի բարենպաստ բնակության համար։ Այնտեղ կամ մոտակա հատվածներում կա՞ն աշխատանքի համար բավարար պայմաններ, կամ կրթական, առողջապահական, նաև՝ հանգստի կազմակերպման  ենթակառուցվածքներ և այլն։ Վերագնահատելով ռեսուրսները, դրանց կիրառման հնարավորությունները և ըստ անհրաժեշտության նաև վերաբաշխելով՝ հնարավոր կլինի այս հարցերի լուծման առաջարկներ մշակել։ Օրինակ, ջուրն ամբարելով ջրամբարում՝ ոռոգման համակարգերի միջոցով հնարավոր կլինի օգտագործել ջրային ռեսուրսներից զուրկ տարածքներում գյուղատնտեսական հողերի ոռոգման նպատակով։ Այսինքն, մի տեղի ռեսուրսն օգտագործում ենք մեկ այլ տեղում կարիքները բավարարելու համար։

Հողային ռեսուրսները չենք կարող վերաբաշխել եւ ունենք սահմանափակվածություն, որովհետեւ Հայաստանի տարածքը բարձր լեռնային է։ Որոշակի հատված ընդհանրապես բարձր է 2000 մետր նիշից, դրանք մարդու բնակության համար բարենպաստ տարածքներ չեն, բայց բարենպաստ են, օրինակ, լեռնադահուկային հանգստավայր ունենալու համար։ Հետևաբար, այս տեսանկյունից պետք է վերագնահատվեն և դիտարկվեն։ Ընդ որում, խնայողական մոտեցում պետք է ցուցաբերել բարձրարժեք հողերին, որպեսզի դրանք չնախատեսվեն կառուցապատման համար։ Իսկ այն տարածքները, որոնք այլ նպատակի չեն կարող ծառայել, հնարավոր է օգտագործել քաղաքաշինական լուծումների օգնությամբ, ինչպես Կապան քաղաքի լանջերի կառուցապատումն է արվել։ Այն բավականին առաջադիմական մոտեցում էր և օգտագործվեց, որովհետեւ այլ պայմաններ, ռեսուրսներ չունեինք։

Տարաբնակեցման նոր նախագծի ուրվագիծը կա՞, ինչպիսի՞ն եք պատկերացնում ապագայի Հայաստանը, ի՞նչ եք ուզում վերափոխել երկրում։

Նախագիծը մշակված չէ, դա գործընթաց է, որում ներգրավվում են բազմաթիվ ոլորտային մարմիններ, այդ թվում եւ Քաղաքաշինության կոմիտեն` իր խորհրդակցական մասնակցությամբ։ Աշխատանքի ընթացքում հնարավոր կլինի կազմել Հայաստանի հեռանկարային զարգացման ուրվագիծը։ Նախեւառաջ պետք է հավաքագրվեն երկրի վերաբերյալ բոլոր ելակետային տվյալները, որպեսզի հասկանանք, թե ինչ ելակետային դիրքից ենք սկսում հեռանկարը դիտարկել, պետք է գնահատվեն աշխարհաքաղաքական փոփոխությունները, տնտեսական զարգացումները, բարձր տեխնոլոգիաների հեռանկարները, պաշտպանվածությունը բնական աղետներից, անվտանգությունը, ռեկրեացիոն հնարավորությունները (բնական, պատմամշակութային և սոցիալ- տնտեսական բնույթի բոլոր տարրերն ու երևույթներն են, որոնք կարող են օգտագործվել ռեկրեացիոն` բնակչության հանգստի, ուժերի վերականգնման նպատակներով․-խմբգ․), դիտարկվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները եւ դրանց համար առավել բարենպաստ պայմանները եւ այլն։ Այդ բոլորը դրվելու է նախագծի հիմքում, եւ աշխատանքի ընթացքում կազմվելու է նոր ուրվագիծը։ Տարաբնակեցման նախագիծն ամենակարեւոր ռազմավարական փաստաթուղթն է, որը միանգամից չի կարող ստեղծվել, այն կմշակվի բազմաթիվ միջգերատեսչական քննարկումների ընթացքում։ Երբ բոլոր շահերը կլինեն իրենց համապատասխան դիրքերում, մենք կկարողանանք ուրվագիծը համաձայնեցնելուց հետո շարունակել նախագիծը եւ ունենալ ինչ-որ պատկերացում հեռանկարային զարգացման համար` հաշվի առնելով նաեւ միջազգային մոտեցումները։

2003թ․–ին կառավարությունը ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ է ընդունել, որը պետական մրցանակի է արժանացել։ Այդ նախագիծը փոխարինելու անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորված։

Նախորդ նախագիծը մշակվել է շուկայական հարաբերությունների ձևավորման սկզբնական հատվածում, ներկայումս բավականին փոփոխություններ են կատարվել։ Այն բաղադրիչները, որոնք կայուն են, միգուցեև պահպանվեն, բայց կան հարցեր, որոնք ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակներից, այնպես էլ երկրի ընդհանուր զարգացման ընթացքից ելնելով, կվերանայվեն այդ նախագծով։ Նախագիծը կանխատեսումային բնույթ ունի, դիտարկելով նախկին ժամանակաշրջանի բնական զարգացումները՝ կառաջարկվեն կանխատեսումներ, ընդ որում՝ վատագույն, միջին, իրատեսական եւ լավագույն սցենարների դեպքում։ Այդ կանխատեսումը մենք նախատեսում ենք, բայց միշտ լինում են անկանխատեսելի երեւույթներ։ Օրինակ՝ անկանխատեսելի միգրացիա։ Տարաբնակեցման նախորդ աշխատանքը կատարելիս ևս միջազգային փորձը բավականին խորությամբ ուսումնասիրվել է, որպեսզի առաջավոր բոլոր մոտեցումները հնարավոր լինի օգտագործել։

Նախորդ նախագծից հետո երկար ժամանակ է անցել, բնակավայրերի ուղղվածությունները զգալիորեն փոխվել են, դեմոգրաֆիական կազմերը և հատակագծային կառուցվածքներն են փոխվել, ճանապարհային ցանցերի անհրաժեշտությունը, ավտոմոբիլիզացման մակարդակը չորս–հինգ անգամ ավելացել է, հետևաբար, այդ տեսանկյունից վերանայումը բոլոր նախագծերին հատուկ է։ Քաղաքաշինությունը դինամիկ զարգացող ուղղություն է և ենթակա է շարունակական փոփոխությունների։ Ինչպես մարդկային կյանքն է անընդհատ փոփոխվում, կարիքները, տնտեսական զարգացման պայմաններն ու նախադրյալները, գծային տարրերի (ճանապարհներ, ինժեներական ենթակառուցվածքներ), բնակավայրերի զարգացման հնարավոր ուղղությունները, նույն կերպ այդ նախագիծը պետք է կարողանա զուգընթաց իր արդիականացման ուղղություններին համապատասխան ճշգրտումներ մտցնել։ Ճանապարհներ կան, որոնք մենք այլեւս օգտագործել չենք կարողանա, ուղղություններ կան՝ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք, որոնք որոշակիորեն փոխել են իրենց նշանակությունը։ Այս բոլորը պետք է դիտարկվեն նոր նախագծի շրջանակում։

Տարաբնակեցման նախագծի հաստատվելուց հետո քաղաքաշինական զարգացումները որքանո՞վ են հոգեհարազատ մնացել նախագծին, կարո՞ղ եք տոկոսային հարաբերությամբ մոտավոր ասել, թե ինչքան է կազմել շեղումը։

Ըստ էության, Հյուսիս–Հարավ, Արեւելք–Արեւմուտք ուղղությունները նախագծով նախանշված են եղել։ Հնարավոր է ինչ-որ հատվածներում տարբերություններ առաջացել են, ենթադրենք, զերծ մնալու համար ավելի թանկարժեք լուծումներից` թունելների կամ ուղեանցերի կառուցումներից կամ այլ նկատառումներից ելնելով։ Ժամանակն իր ճշգրտումները մտցնում է այդ դեպքում, բայց գաղափարապես, որ մեզ անհրաժեշտ են այդ ուղղությունները, նախանշված են եղել։ Երբ երկրին նայում ես որպես մի ամբողջություն, դիտարկում ես, թե որ ուղղություններով են մեզ «զարկերակներ» անհրաժեշտ, ենթադրենք՝ բնակավայրեր, որոնք կլինեն հանգուցային։ Երեւանը բացառիկ դիրք և ազդեցության մեծ գոտի ունի իր շուրջը՝ որպես մայրաքաղաք։ Սակայն, որպեսզի գյուղական բնակավայրերը եւս համաչափ զարգանալու եւ իրենց բոլոր կարիքները բավարարելու հնարավորություն ունենան, իրենք եւս իրենց բարենպաստ մատչելիության գոտին պետք է ունենան։ Դառնան «բաբախող մի սիրտ»՝ կլաստերի միջուկ, որի ազդեցությունը կտարածվի այդ կլաստերի բոլոր բաղադրիչների վրա, կդառնա այդ ազդեցությանը շունչ հաղորդողը։

Երեւանի՝ վերջին շրջանի քաղաքաշինական զարգացումները համապատասխանու՞մ են այդ նախագծին։

Երեւանն, ըստ էության, բացառիկ դեպք է։ Դեռ նախորդ նախագծի մշակումը սկսելու ընթացքում ևս Երեւանը հանդիսանում էր իր վրա զարգացման ավելի մեծ բեռ վերցրած բնակավայր։ Մայրաքաղաքը լիարժեքորեն ապահովված է մարդու բոլոր կարիքները բավարարելուն միտված ենթակառուցվածքներով, դրանով ավելի գրավիչ է մարդկանց համար։ Միևնույն ժամանակ, նույն պատճառով առավել մեծ ճնշում է առաջանում  բնական լանդշաֆտների վրա, քաղաքային միջավայրը դարձնում առավել խոցելի, մարդկային մեծ կուտակումների պատճառով առավել ցածր դիմակայունություն ապահովելով աղետների պարագայում։ Մարդու հիմնական կարիքների բավարարման պայմանները, եթե տարբեր վայրերում լինեն, մարդը բնակության վայրը փոխելու կարիք չի ունենա։

Նոր նախագիծը մշակողները գնահատական տալու՞ են նախորդ նախագծին։

Անպատճառ, ցանկացած քաղաքաշինական նախագիծ, երբ սկսվում է, դիտարկում են այդ տարածքի համար ոչ միայն նախորդ ռազմավարական փաստաթուղթը, ինչպիսին տարաբնակեցման նախագիծն է, այլև յուրաքանչյուր բնակավայրի համար մշակված գլխավոր հատակագիծը՝ որպես ելակետային տվյալ։ Եթե նախորդներ եղել են, նաեւ նախորդների բազմագործոն վերլուծության հիման վրա է մեկնարկում ուսումնասիրությունը։ Գնահատվում է իրագործման աստիճանը, բացահայտվում են չիրագործված հատվածների պատճառները, եզրակացությունների հիման վրա մշակվում են նոր առաջարկներ։ Համալիր գնահատումն այն է, թե ինչ է կատարվել եւ ինչու է կատարվել, ինչո՞ւ այսինչ բանը, որ նախանշված էր, չի կատարվել։

Ո՞րն է հանրապետության համաչափ զարգացման ձեր տեսլականը, նոր նախագիծը որքանո՞վ է անդրադառնալու այդ հարցին։ Մարզերից յուրաքանչյուրն իրեն  բնութագրող հանգույց կունենա՞, որի հենքի վրա կապահովի իր զարգացումը։

Մարդն իր բնակության տարածքում պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքներ՝ փողոցային ցանցը զարգացած լինի, այնպիսին, ինչպիսին Երեւանի փողոցային ցանցն է՝ կարծր ծածկույթով, հարմարավետ մայթերով, ջրահեռացման համակարգով, կանաչապատումով եւ այլն։ Յուրաքանչյուր կլաստեր, որը կձեւավորվի, մի բնակելի փունջ է, դրանք կլինեն բնակավայրեր, տարածքներ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարությունն ունի։ Ըստ էության, եթե կլաստերի որևէ բնակավայր (ներկա վարչատարածքային բաժանմամբ՝ համայնքի կենտրոն) ունի համապատասխան նախադրյալներ, այն կարող է ծառայել որպես կլաստերի միջուկ՝ իր վրա վերցնելով վարչական գործառույթներ։ Միևնույն ժամանակ, գործառույթները պետք է համաչափ բաշխվեն նաև մյուս բնակավայրերի միջև՝ յուրաքանչյուրին ըստ իր նախադրյալների վերագրելով համապատասխան դերակատարություն (օրինակ՝ զբոսաշրջային ռեսուրս ունեցող բնակավայրը՝ զբոսաշրջային ենթակենտրոն, արտադրականը՝ համապատասխան և այլն)։ Այսինքն, որպեսզի այդ մատչելիության գոտում կարողանանք համաչափ բաշխել յուրաքանչյուրի պոտենցիալ հնարավորություններին համապատասխան դերակատարություն, որպեսզի մարդիկ չլքեն իրենց բնակավայրերը 21-րդ դարի կարիքները բավարարելու, ուրիշ վայրերում համապատասխան ենթակառուցվածք փնտրելու համար։

Վերջին տասնհինգ տարիներին Կառավարությունն անընդհատ տարածքային համաչափության մասին է խոսում։ Այդ առումով, ինչպե՞ս կգնահատեք այն մոտեցումը, որ բնակարանաշինությունը զարգանում է մայրաքաղաքում ու կից բնակավայրերում՝ դուրս թողնելով հանրապետության մյուս տարածքները։

Դրա համար էլի հիմք է ծառայում ենթակառուցվածքների առկայությունը։ Երբ տարաբնակեցման նախագծով Հայաստանի բոլոր տարածքներն ենք դիտարկում, ունենք բնակավայրեր, բայց դրանք իրենց մատչելիության գոտում չունեն այն կորիզը, որն իրենց կհավաքեր։ Մենք դիտարկում ենք, որ դրա համար անհրաժեշտ է այստեղ ունենալ նոր զարգացումներ, բայց այդտեղ չկան ենթակառուցվածքներ։ Այդ տարածքը զարգացնելու համար պետք է ստեղծենք ինչ-որ համակարգեր, որոնք հետաքրքիր ու գրավիչ կդարձնեն այն բիզնեսի համար։ Ենթակառուցվածքներ ստեղծելը բավականին ծախսատար գործընթաց է, ուստի կառուցապատել այն հատվածում, որտեղ այն արդեն կա, ավելի հեշտ է։ Այսինքն` պետք է փորձել տարբեր խրախուսական միջոցներով հավասարակշռություն մտցնել, որպեսզի զարգացումն ընթանա այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար։ Ընդ որում, նախագիծը մշակվելու է յուրաքանչյուր մարզի առանձին ուսումնասիրությունների, հետազոտությունների, համախմբման արդյունքում։

Փորձ է արվել ներգրավել նաեւ կառուցապատողներին, որպեսզի կոնկրետ իրականացնողների առաջարկների հիման վրա գտնվեն այն գործիքակազմերը, որոնց միջոցով հնարավոր կլինի ապակենտրոնացնել այդ խնդիրները եւ համաչափ զարգացման համար ստեղծել պոտենցիալ պայմաններ։ Եթե տեսնում եք անգամ այս պայմաններում բնակավայրեր կան, որտեղ բնակիչները չեն հեռանում իրենց բնակավայրերից, պետք է ստեղծել պայմաններ։ Զգում են, չէ՞, որ տարածքը հարմարավետ է, ապահով, անվտանգ եւ առողջ միջավայր է, չկան բացասական ազդեցություններ, բնապահպանական իրավիճակը բարենպաստ է, ջրամատակարարման հնարավորությունը կա և այլն։ Մյուս կողմից էլ՝ կա մի շերտ, որը ժամանցի ենթակառուցվածքներ չունի, որտեղ կարող է այդ ժամանակը անցկացնել, պետք է այդ բոլորը ապահովել համաչափ ձեւով։ Պետք է հաշվի առնել` ինչ է պետք մարզի բնակչին իր գյուղում, իր մարզում բնակվելու համար։

Բնակության համար ամենաառաջնային պայմանը բնակարանն է։ Ըստ էության, բնակելի ֆոնդը բավականին մաշվածություն ունի, բոլորը վթարային չեն, բայց դրանք  երկարատեւ կյանքի համար չեն ստեղծված, պետք է թարմացնել այդ ամենը։ Եվ, վերջապես, ընտանիքները բաժանվում են, երեխաները մեծանում են, նոր կարիքներ են առաջանում, պետք է բնակության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, յուրաքանչյուր ընտանիք ունենա իր բնակարանը։ Բնակությունն ապահովեցինք, հիմա անհրաժեշտ է աշխատատեղ։ Մարզերի քաղաքային բնակավայրերում որոշակիորեն առկա են աշխատատեղեր, գյուղական բնակավայրերում՝ գյուղատնտեսությունից զատ, կարծես թե, առաջարկելու ուրիշ բան չունենք։ Հնարավոր է նախագծի շրջանակում գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական նշանակության արտադրամասերի ձեւավորման առաջարկ դիտարկել։ Բնակչության մի ստվար մասը, որ ներգրավված չէ գյուղատնտեսության մեջ, իրենց կարիքները բավարարեն այդ աշխատանքով և կարողանան ապրել այդտեղ։

Այդ երկուսից բացի, մարդուն անհրաժեշտ է իր ժամանցը կազմակերպել, ունենալ համապատասխան ենթակառուցվածք, ձեւավորել ռեկրեացիոն վայրեր, նորերը ստեղծել։ Նախագծի շրջանակում ոչ միայն պետք է դիտարկել, թե ինչ ռեսուրս ունենք և դրա հիման վրա ձևավորել կարճատև հանգստի գոտիներ, այլեւ բարելավվող ռեսուրսների շնորհիվ ընդլայնել այդ գոտիների աշխարհագրությունը։ Բարելավվող ռեսուրսներ ասելով՝ պետք է նկատի ունենալ նոր գրավչություններ, առկա ռեսուրսների շուրջ ենթակառուցվածքների զարգացմամբ ռեկրեացիոն նոր գոտիների ձևավորման հնարավորությունը՝ անտառային շերտերի, ջրային մակերեսների ստեղծում։

Մենք ունենք շահագործված հանքավայրեր, որոնք և՛ միջազգային պրակտիկայում, և՛ մեզ մոտ վերաօգտագործվում են։ Անգլիայում կար քաղաք, որը հիմնվել էր ածխահանության վրա, ամբողջ բնակավայրի ժողովրդի հմտությունները եղել են միայն այդ ոլորտում։ Հանքերը սպառվել են, արդյոք բնակավայրը պետք է լքեին։ Որոշել էին ուղղվածությունը փոխել ռեկրեացիոն ուղղվածությամբ, մարդկանց վերապատրաստման դասընթացների միջոցով նախապատրաստել են նոր վերագրվող ֆունկցիաներին։ Անգամ բնակչությունը չի փոխվել, միայն բնակավայրի ուղղվածությունն է փոխվել։

Հանքավայրերի տարածքում հնարավոր է՝ ջրային մակերես ձեւավորելով։ Միգուցե չթույլատրվի լողալ այդտեղ, բայց ափամերձ տարածքներում կարող են ժամանցային հաստատություններ ստեղծվել։ Այդ բոլոր հարցերը՝ դեգրադացված հողերի ռեկուլտիվացիան ռեկրեացիոն գոտու վերածելու հնարավորությունները, կդիտարկվեն։ Ռեկրեացիոն ռեսուրսները կդիտարկվեն նաև տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

Նորից վերադառնանք Երեւանում մեծ թվով բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու և եկամտահարկի վերադարձով գնողունակությունը բարձրացնելու հարցին։ Երևանին այդ արտոնությունը տալը չի՞ խորացրել մայրաքաղաքի եւ հանրապետության մյուս մարզերի միջև անհամաչափությունը։

Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա։ Այո, նպաստում է անհամաչափությանը, կառուցապատման երկրորդ ռիսկն էլ բնակչության բարձր խտությունն է, տրանսպորտային խճողումները, որոնք անխուսափելիորեն առաջանում են, ինչպես նաև՝ աղետներին դիմակայունությունը։ Մարդն իր կարիքների համար պետք է տեղաշարժվի, ինչքան շատ են տեղաշարժվում, այնքան երթեւեկությունն ավելի է բարդանում։ Ե՛ւ գոյություն ունեցող, և՛ անգամ բարելավված փողոցային ցանցը չի բավարարում այդ կարիքներին։ Տրանսպորտային խճողումներից բնապահպանական ռիսկեր են առաջանում, ժամանակի ավելորդ և անհարկի կորուստ։

Կանխատեսվո՞ւմ էր, որ դրա հետեւանքով Երեւանի բնակչության քանակը մարզերի բնակչության հաշվին պետք է ավելանա, եւ առհասարակ՝ կա՞ր դրա կարիքը։

Նախատեսել այդ տեսակ բան, որպեսզի ներքին միգրացիա լինի մարզերից դեպի կենտրոն, չէր կանխատեսվում։ Միգրացիան անկառավարելի գործընթաց է, որն ինքնաբերաբար կատարվում է, որովհետեւ մարդու կարիքների համար առավել բարենպաստ պայմաններն այստեղ են։ Մարդիկ ուզում են ավելի լավ պայմաններում ապրել, Երևանը կրթության կենտրոնն է և այլն։ Հիմա միայն Երեւան չեն գալիս, Գյումրի են գնում, Վանաձորում են բնակվում։ Գյումրիի բնակարանների արժեքը միանգամից բարձրացավ, որովհետեւ այնտեղ արդեն ավելի գրավիչ է դարձել բնակվելը։ Այսինքն՝ ենթակառուցվածքները զարգացան, և նոր գրավչության կենտրոն ստեղծվեց։ Այդպես պետք է բոլոր հատվածներում լինեն կենտրոններ։ Կապանից մարդը գալի՞ս է Երեւանում բնակվի՝ ոչ, որովհետև ենթակառուցվածքներով հագեցած տեղ է, թեեւ սահմանամերձ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter