HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:

Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաեւ ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter