
«Ես էստեղ նկարներն էի այրում, էնտեղ իմ երեխան էր այրվում»․ բենզինի պահեստի պայթյունից հետո մայրը փնտրում էր որդուն
Ճանապարհ դեպի հիվանդանոց
2023թ. սեպտեմբերի 25-ի երեկոյան Նվարդ Արզումանյանը մեքենա էր փնտրում, որ կարողանար հասնել Ստեփանակերտի հիվանդանոց։ Տիկին Նվարդը ճանապարհի մեջտեղում ծնկած մեքենաներին խնդրում էր կանգնել։
«Մի մեքենա եկավ, ինձ շրջանցեց, գնաց ու կանգնեց, հետ եկավ, տեսա, որ մեքենայի առջևում նստածը մեր շտապօգնության բժշկուհին էր։ Հարցրեց` հիվանդանո՞ց ես գնում, ասացի՝ այո և նստեցի։ Չեմ պատկերացրել, թե ոնց ենք հասել հիվանդանոց»,- պատմում է տկն Նվարդը։
Ստեփանակերտի հիվանդանոցի առջև խմբված բազմության մեջ նա որդուն՝ Մխիթարին էր փնտրում։ Որդին այդ օրը երեկոյան պետք է իր երկու երեխաների հագուստը տաներ փեսայի տուն, որ մեքենայի մեջ տեղավորեին ու հետները բերեին Հայաստան։ Բայց ճանապարհ ընկնելու համար նրանց բենզին էր անհրաժեշտ։ Մխիթարն այդ օրը երեկոյան բենզինի պահեստում էր։
Տիկին Նվարդին թույլ չեն տվել հիվանդանոց մտնել, բայց այն, ինչ տեսել է մուտքի մոտ, ասում է՝ մոռանալ չի կարող։
«Անընդհատ բերում էին, չեմ կարող նկարագրել էդ մարդկանց վիճակը, որն արդեն մահացած էր ու կեսը չկար։ Նասիլկաների վրա արդեն մահացած էին, չէին հասցնում նույնիսկ տանել դիահերձարան։ Ես էնպես էի կանգնում, որ անընդհատ մեջտեղում լինեմ, որտեղ ընդունարանի դուռն է։ Հիշում եմ՝ մի ոստիկան, գնում-գալիս, ինձ գրկած տանում էր ուրիշ տեղ կանգնեցնում, ես նորից էի գալիս ու անընդհատ ուզում էի տեսնել մարդկանց»,- ասում է նա։
Հիվանդանոցի տարածքի ոստիկաններից մեկը տիկին Նվարդին ասել է՝ եթե շատ է ուզում օգնել, թող կազմակերպի, որ այդտեղ հավաքված երիտասարդները ուռուցքաբանական հիվանդանոցից դեղորայք բերեն։
«Չգիտեմ՝ ոնց եմ կազմակերպել, որ 7 րոպեում էնտեղ ինչքան դեղ կար, արդեն հասել էր։ Էս ոստիկանն ասում է` ի՞նչ արեցիր, որ էսքան կարճ ժամանակում կազմակերպեցիր։ Չգիտեմ, կարծես իմացել եմ, որ էդ բանը անեմ, հեսա երեխուս ինչ-որ մի տեղից ողջ գտնելու եմ»,- պատմում է տիկին Նվարդը։
Փնտրելով որդու հագուստից մի կտոր
Դրանից հետո Մխիթարի հարազատները շարունակել են ուրիշ հիվանդանոցներում փնտրել նրան։
«Ես նույնիսկ շորերն եմ փնտրել։ Որդուս հագին սպորտային վերնազգեստ էր, էդ շորերն էի ման գալիս, տեսնեի՝ միգուցե իր շորի մի կտորը, եթե կա, հաստատ ինքն էլ կլինի էդտեղ։ Ահավոր վիճակ էր, արդեն ուշ գիշեր էր, փեսաս ասաց` տուն ենք գնում։ Ասեցի` ո՞նց ենք տուն գնում, բա Մխո՞ս։ Երեսը շրջեց, արդեն հասկացա, որ չկարողացավ հարցիս պատասխանել։ Հիմա իմ էս ականջը նորմալ չի լսում, որովհետև հիշում եմ, որ ինձ արդեն բարձրացնում էին ընկած տեղից, հիշում եմ՝ էդ պահը ոնց եմ ոռնացել՝ վա՜յ խոխաս, վա՜յ խոխաս»,- պատմում է Մխիթարի մայրը։
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ տկն Նվարդը Ստեփանակերտի իր տանը ընտանեկան լուսանկարներն էր այրում։ «Ասեցի՝ դե էդքան ու՞ր տանենք, նկարներ էինք այրում, որ թուրքի ձեռքը չընկնի, ինչ իմանայի, որ ես էստեղ նկար էի այրում, էնտեղ իմ երեխան էր այրվում»,- ասում է սգացող մայրը։
ԴՆԹ երկու համընկնում
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նվարդի փեսաներն ասել են, որ Ստեփանակերտում այլևս անելու բան չունեն, պայթյունի հետևանքով բոլոր վիրավորներին տեղափոխել են Հայաստան, գուցե Մխիթարին այնտեղ գտնեն։ Արդեն Հայաստանում Մխիթարի հարազատներին առաջարկել են ԴՆԹ հանձնել։
Հոկտեմբերի 16-ին ԴՆԹ հաստատում է եղել, ընտանիքին Մխիթարի մասունքն են փոխանցել, հոկտեմբերի 20-ին հուղարկավորել են։
«Նոյեմբերի 30-ին քառասունքն էր լինելու, մեկ էլ նոյեմբերի 28-ին քննիչը զանգում է և ասում` Արզումանյան Մխիթարի նույնականացնում կա։ Ասեցի՝ Մխիթարին արդեն հուղարկավորել ենք, ասեց՝ մի հատ էլ ենք գտել։ Արդեն փոքր քար էինք դրել, որ մարդիկ իմանան` ում գերեզմանն է։ Հողը տակից քանդել ենք, փոքր դագաղը մեծ դագաղի վրա դրել ու հողով ծածկել»,- պատմում է Մխիթարի մայրը։
Նվարդ Արզումանյանին վշտացրել է նաև այն, որ թույլ չեն տվել որդուն հուղարկավորել Եռաբլուրում։ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետն ասել է՝ «թուրքը չի խփել»։ Մխիթարի հրամանատարները վարչության պետին ներկայացրել են նրա մարտական ուղին, սակայն, միևնույն է, որոշումը չի փոխվել։
«Ծնողի երեսին ասե՞ն` թուրքը չի խփել, դրա համար Եռաբլուր տեղ չենք տալիս։ Ասում է՝ գնացեք մի էնպիսի թուղթ բերեք, տեսնենք՝ բանակաշինության համար ինչ է արել։ Ի՞նչ անի 25 տարեկան տղան, 2018-ին բանակից եկել է, 2020-ին 44-օրյա պատերազմին մասնակցել, էդ երեխան բանակից եկել է թե չէ, անցել է նորից ծառայության ու մինչև վերջին օրը ծառայել է։ Մնացել է թուրքի ձեռը, էլ ի՞նչ անի, ասեց` չէ, կարճ ասած, մեզ հասկացրեց, որ թուրքը չի խփել, Եռաբլուրում տեղ չենք տալիս»,- վրդովված ասում է տիկին Նվարդը։
Մխիթարը զինվորական էր, Արցախի պաշտպանության վերջին օրերին նա Մարտակերտի դիրքերում էր։ Մայրն ասում է՝ Մխիթարը նույնիսկ չհասցրեց տեսնել այն հրամանը, որով լեյտենանտի կոչում էր ստացել։
Մխիթարն այժմ հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։ Այդտեղ ընտանիքին անվճար տարածք են առաջարկել, բայց ասել են՝ գերեզմանի կողքերը պետք է ընտանիքն իր միջոցներով սարքի։ Ի վերջո, ընտանիքը սեփական միջոցներով է տարածք ձեռք բերել և այն բարեկարգել։
Մխիթարը երկու դուստր ունի՝ Լեյան և Լինան։ Լեյան ավագ դուստրն է։
«Ինչ հագնում է, գնում է Մխիթարի նկարի առաջ կանգնում, ասում է՝ պապաս տեսնի ու հարցեր է տալիս՝ տատ, ճի՞շտ է, որ պապաս աստղ է արդեն։ Երեխաների համար էլ է ցավոտ, բայց և ուզում ես, որ երեխաներն անընդհատ ինչ-որ բան հիշեն։ Բա ե՞րբ է պապաս գալու, բա որտե՞ղ ա, չես կարում պատասխանել էդ հարցերին»,- ասում է տիկին Նվարդը։
Նվարդ Արզումանյանն այժմ իր ամուսնու, դստեր, փեսայի և դստեր երկու երեխաների հետ վարձով բնակվում է Վեդիում։ Ասում է՝ ամեն կիրակի գերեզման են գնում. «Բայց կարող է, օրինակ, վաղը գնամ գերեզման, գամ, 2 օրից երազ տեսնեմ ու առավոտը նորից գնամ Երևան»։
Տան մի անկյունում Մխիթարի լուսանկարներն են շարված։ Թարմ ծաղիկները Մխիթարի նկարների առջևից չեն պակասում։ Նույնիսկ տիկին Նվարդի հարևաններն են թարմ ծաղիկներ բերում, որոնք Մխիթարի մասին մոր պատմություններն են միայն լսել։
Տիկին Նվարդի ամուսինը՝ Սամվել Արզումանյանը, 2-րդ կարգի զինհաշմանդամ է, 1990-ականներին հրազենային վիրավորում է ստացել, փամփուշտը մի ոտքից մյուսն է անցել՝ վնասելով ոսկորը։ Այժմ վարորդ է աշխատում։
Նվարդի դստեր 6-ամյա որդին նույնպես առողջական խնդիրներ ունի։ Երեխայի միզածորանն ի ծնե լայնացած է եղել։ Տիկին Նվարդի խոսքով՝ որպեսզի երեխայի մեզը չգնա երիկամներ, 600 եվրո արժողությամբ հատուկ գելանման նյութ են Ամերիկայից բերել և ներարկել։ Երեխան անընդհատ բժիշկների հսկողության տակ պետք է լինի, նրան շատ տեղաշարժել չի կարելի։ Մեր այցելության ժամանակ Նվարդի դուստրը երեխաների հետ Երևան էր գնացել՝ բժշկի հերթական այցի։
Գլխավոր լուսանկարում՝ Նվարդ Արզումանյանը
Մեկնաբանել