
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկանծու կառաջադրի Դավիթ Համբարձումյանին
Երեկ՝ հունիսի 6-ին, «Հայաստանի հանրապետական» կուսակցության գործադիր մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որում առաջարկում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանը նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Որպես վարչապետի թեկանծու ՀՀԿ-ն առաջարկում էր ներկայացնել կուսակցության փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից մեկին։
««Հայաստանի հանրապետական» կուսակցությունը վերստին ընդգծում է, որ կուսակցության քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից»,- ասված էր հայտարարության մեջ։
Այսօր արդեն հայտնի դարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուի անունը։ Ազգային ժողովի՝ մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցությունն այդ պաշտոնում տեսնում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
ՀՀԿ գործադիր մարմինը «Պատիվ ունեմ»-ին առաջարկել է նաև իմպիչմենթի գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:
Անվստահության գործընթաց սկսելու անհրաժեշության մասին խոսակցություններ շրջանառվում էին նախորդ տարվա մայիսին, երբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Տավուշից հասավ Երևան։ Այդ ժամանակ, սակայն, գործընթացն այդպես էլ չսկսվեց։
Այս տարի՝ ապրիլի 28-ին, «Արթուն ենք» շարժման անդամներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը նամակներ հանձնեցին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Ղազարյանն ու Մալյանը պատգամավորներին առաջարկում էին սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նման գործընթաց սկսելու հիմքը, ըստ նախաձեռնության անդամների, Նիկոլ Փաշինայնի կողմից կառավարության ծրագրի դրույթները չկատարելն էր։
«Արթուն ենք» շարժման անդամների առաջարկին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների արձագանքները խիստ տարբեր էին։
«Պատիվ ունեմ»-ը կողմ էր արտահայտվել իմպիչմնեթի գաղափարին, սակայն նշել էր, որ գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար վարչապետի թեկնածու չեն առաջադրում և պատրաստ են, առանց նախապայմանների, քննարկել թեկնածուի հարցը։
Ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը այս նախաձեռնության հետևում իրենց թիրախավորելու նպատակ էր տեսել։ Թեև խմբակցության պատգամվորները գործընթացն անիրատեսական էին որակել, սակայն պատրաստակամություն էին հայտնել միանալ գործընթացին, եթե այդ գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները։
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների այս հայտարարություններից երկու շաբաթ անց՝ մայիսի 16-ին, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրեն և Հակոբ Ասլանյանին սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Աղազարյանը հայտնել է նաև, որ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։
Երեք օր անց՝ մայիսի 19-ին, Ասլանյանն ու Աղազարյանը ստորագրեցին վարչապետին անվստահություն հայտնելու որոշման տակ։
Նույն օրը երեկոյան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ չեն միանա նախաձեռնությանը։
«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։
Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասված էր գրառման մեջ։
Իսկ Հայաստան դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինպիչմնետի գործընթացն անիրատեսական էր համարել։
«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ասել էր Քոչարյանը։
Այս հայտարարություններին կոշտ արձագանքեց Էդմոն Մարուքյանը։ Նա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամվորներին մեղադրեց իմպիչմնեթի գործընթացը վիժեցնելու և Նիկոլ Փաշինյանին ծառայելու մեջ։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի՝ 36 պատգամավորի ստորագրություն։ Եթե անգամ «Հայաստան» դաշինքը, մի կողմ թողնելով «Պատիվ ունեմի» հետ ունեցած բոլոր անհամաձայնությունները, միանա նախաձեռնության գործընթացը մեկնարկելու համար, անհրաժեշտ ստորագրությունները չեն ապահովվի։
Իսկ Աղազարյանն ու Ասլանյանը հայտարարել են, որ ոչ մի դեպքում չեն միանա ընդդիմադիրների նախաձեռնած գործընթացին։
Լուսանկարում՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը
Մեկնաբանել