HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ 

Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով հայրենիքում, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: 

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի հայ համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին: Նորին Սրբությունը նկատեց, որ աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը հայրենիքի համար դժվարին այս օրերին գոտեպնդում է հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին:

Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորեց ներկաներին, որ իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենան հայրենազրկված արցախցիների հետ՝ ի մոտո ծանոթանալով նրանց առջև ծառացած մարտահրավերներին և իրենց աջակցությունն ու զորակցությունը բերելով նրանց։ 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստված մշտապես պահի ու պահպանի նրանց Իր սիրո և խնամքի ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter