HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Մոնտենեգրո-Հայաստան. մեր ընտրանուց որեւէ դրական ակնկալիք չկա

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Մոնտենեգրոյի Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ ամսի 6-ին Պրիշտինայում կայացած ընկերական խաղում հոլանդացի Ջոն վան՛տ Սխիպի գլխավորած հավաքականը Կոսովոյին պարտվեց 2-5 հաշվով: 

Սա հոլանդացի մասնագետի գլխավորությամբ երրորդ հանդիպումն էր ու խոշոր հաշվով երրորդ պարտությունը: Մինչ այս մեր թիմը Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլում 0-3 եւ 1-6 հաշիվներով պարտվել էր Վրաստանի ընտրանուն: 

Չնայած այս հանդիպումները հավաքականի մարզչական շտաբի կողմից դիտարկվում են որպես նախապատրաստություն աշխարհի 2026 թ. առաջնության՝ աշնանը կայանալիք ընտրական փուլի մրցավեճերին ընդառաջ, խոշոր հաշիվներով շարունակական պարտություններն ու ազգային թիմի անկայուն, երբեմն նույնիսկ անօգնական խաղը որեւէ դրական սպասում չեն առաջացնում հերթական հանդիպումից առաջ, հակառակը՝ մտահոգություն կա ականատես լինել հերթական մարզական խայտառակությանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում ներկա պահին Հայաստանը 102-րդն է, Կոսովոն՝ 97-րդը, իսկ Մոնտենեգրոն՝ 73-րդը: Այսինքն՝ թե՛ վարկանիշային ցուցակը, թե՛ Մոնտենեգրոյի ցուցադրած ֆուտբոլը հուշում են, որ այսօր եւս վան՛տ Սխիպի սաներին հեշտ հանդիպում չի սպասվում: 

Այս ֆոնին տարօրինակ է լսել հոլանդացի մասնագետի շարունակական արդարացումները թիմի վատ խաղի ու բացասական արդյունքների շուրջ: Նրա բերած փաստարկները, որ Հայաստանի ընտրանում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը ֆիզպատրաստության խնդիր ունի, իրենց թիմերում քիչ խաղաժամանակ են ստանում, եվրոպական մակարդակից հետ են մնում, կամ այն, որ հավաքականի պահեստայինների նստարանը բավական կարճ է, ներքին առաջնությունում կա որակյալ ռեսուրսի պակաս եւ այլն, հայտնի պատճառներ են, որոնց բախվել են նաեւ նախորդ մարզիչները:

Այս ամենի մասին գիտեն թե՛ լրագրողները, թե՛ ֆուտբոլասերները: Երեկվա ասուլիսում վան՛տ Սխիպը խոստովանել է, որ ինքը եւս տեղյակ է եղել մեր ընտրանու դժվարություններից, բայց ստանձնել է թիմի ղեկը՝ վերջինիս օգնելու համար: Թե ինչպես է օգնում, գոնե մինչ այս պահը չի երեւում:

Տրամաբանորեն այս պարագայում հավաքականի մարզչական շտաբի անելիքը պետք է լինի առկա հնարավորությունների պայմաններում ինչ-որ լուծումներ գտնելը, սակայն վան՛տ Սխիպի ասուլիսներից ակնհայտ է դառնում, որ մարզչական շտաբը չունի արդյունավետ կամ քիչ թե շատ գործուն գործիքակազմ, մեթոդներ, որոնցով գոնե հնարավոր կլինի կանխել խաղից խաղ ավելի վատ արդյունքների գրանցումն ու որակական անկումը: Վան՛տ Սխիպի միակ հույսը, ըստ էության, ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի բարելավումն ու ավելի մրցակցային դառնալն է, ինչը, բնականաբար, հավաքականի մարզիչների հետ մեծ հաշվով որեւէ կապ չունի, քանի որ ֆուտբոլիստները իրենց թիմերից հավաքականի ճամբար են ժամանում այս կամ այն մարզավիճակով, եւ հնարավոր չէ մի քանի օրում մարզավիճակ բարելավել, առավել եւս՝ ձեռք բերել: Հավաքականում կան վետերան ֆուտբոլիստներ, որոնք այլեւս որակ չեն հաղորդում թիմին, նրանց պետք է շնորհակալություն հայտնել՝ անցկացրած հանդիպումների ու տարիներ շարունակ թիմի հետ լինելու համար եւ հրաժեշտ տալ, սակայն, ըստ վան՛տ Սխիպի, ազգային ընտրանի են հրավիրվել նրանք, ովքեր ներկա պահին մյուսներից ավելի լավն են: 

Հարցը նաեւ այն է, որ վան՛տ Սխիպի գլխավորությամբ կայացած 3 խաղերում առանձնապես հիշարժան որեւէ բան այդպես էլ չենք տեսել: Ըստ էության, թիմը խաղում է իներցիայով, եւ որքան էլ մարզիչը փորձի հավաստիացնել, թե հանդերձարանում լավ մթնոլորտ է, նրա խոսքերը համոզիչ չեն: Հոլանդացու ժամանումից հետո արդեն իսկ խնդիրներ են ծագել Հրանտ-Լեոն Ռանոսի ու Լուկաս Սելարայանի հետ, երեկ էլ հայտնի դարձավ Նորբերտո Բալեկյանի մասին: Այս երեքն, ըստ էության, վան՛տ Սխիպի պաշտոնավարման ընթացքում չեն լինի հավաքականում, ավելին՝ Սելարայանն ու Բալեկյանը գուցե այլեւս չմիանան թիմին: 

Փաստ է, որ հավաքականը լավ օրեր չի ապրում, 0-3, 1-6, 2-5 հաշիվներով պարտություններից հետո ֆուտբոլիստների վրա կա ահռելի հոգեբանական ճնշում, եւ հանդերձարանում էլ, կարծես, մթնոլորտն ամենեւին հուսադրող չէ: Այս պայմաններում մարզչական շտաբի կողմից չեն երեւում տակտիկական կամ կազմի ընտրության այնպիսի փոփոխություններ, որոնք, ինչպես ասվեց, այս փուլում գոնե կզսպեն թիմի խաղային ճգնաժամը: 

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր ընտրանին հանդիպելու է Պորտուգալիային, որն անցած գիշեր դարձավ Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության հաղթող, Հունգարիային եւ Իռլանդիային, որոնց չես համեմատի ո՛չ Մոնտենեգրոյի, ո՛չ էլ առավել եւս Կոսովոյի հետ: Այնպես որ, ազգային թիմից որեւէ դրական ակնկալիք ներկա պահին չկա եւ չի կարող լինել: 

Ինչ վերաբերում է Մոնտենեգրոյին, ապա այս թիմի հետ նախկինում մրցել ենք 3 անգամ, երկու անգամ՝ պաշտոնական, մեկ անգամ՝ ընկերական խաղերում։

Պաշտոնական հանդիպումները կայացել են աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում մերոնք առաջին խաղակեսից հետո զիջում էին 0-2 հաշվով․ հյուրերի կազմում աչքի էին ընկել Դամիր Կոյաշեւիչն ու Ստեւան Յովետիչը։ Սակայն երկրորդ կեսում Արթուր Պետրոսյանի սաները կամային որակներ ցուցադրեցին։ Նախ հաշիվը կրճատեց Արտակ Գրիգորյանը, ապա աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը, իսկ խաղին ավելացված 3-րդ րոպեին հեռահար հարվածով թիմին հաղթանակ բերեց Գեւորգ Ղազարյանը՝ 3-2։ Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Տանտերերին հենց խաղի սկզբում առաջ մղեց Ֆատոշ Բեչիրայը, ապա իրար հետեւից 3 գոլ խփեց ու հեթ-տրիկ ձեւակերպեց Մոնտենեգրոյի ավագ եւ առաջատար Յովետիչը։ Խաղավարտին մերոնցից Ռուսլան Կորյանը կարողացավ թրջել խաղի հաշիվը, ավելին անել չհաջողվեց. 4-1՝ հօգուտ տանտերերի։ 

Մինչ այս միակ ընկերական հանդիպումը երկու թիմերի միջեւ կայացել է 2022-ի մարտի 24-ին Երեւանում: Վահան Բիչախչյանի միակ գոլը հաղթանակ պարգեւեց մեր թիմին: 

Այսպիսով՝ Հայաստան-Մոնտենեգրո ֆուտբոլային դիմակայությունում մերոնք տարել են 2 հաղթանակ, 1 անգամ էլ պարտվել են: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-5 է՝ հօգուտ բալկանյան թիմի: 

Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումն սպասարկելու է Լյուքսեմբուրգի մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը եւ Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Մոնտենեգրոյից: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter