
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է 3,7 մլն դրամի վնաս
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս։
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ներկայացել ծառայության վայր և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս՝ ծառայության վայր մուտք գործելն ապահովելու կամ նրա՝ ծառայության չներկայանալու փաստն արձանագրելու և այդ մասին վերադասության կարգով զեկուցելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսուչի կողմից հիշյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 3.673.510 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։
Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Պետությանը պատճառված 3․673․510 ՀՀ դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է մեղադրյալի կողմից։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել