
Արփինե Սարգսյանը հանդիպել է Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարարին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։
Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է նախարար Քվանտենին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։
Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։
Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։
Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման և տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։
Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների և ոստիկանության ծառայողների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել