HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին, որդիներին ու հարսին հրավիրել են Դատախազություն

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը 2025թ․ հունիսի 13-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ռ․ Մկրտումյանին և ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ռոմա Մկրտումյանից բացի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև որդիները՝ Ռաֆայել և Գևորգ Մկրտումյանները և հարսը՝ Տաթևիկ Մկրտումյանը։

Ռոմա Մկրտումյանը Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2011թ․ նոյեմբերի 15-ին և այդ պաշտոնում մնացել մինչև 2015թ․ ապրիլի 7-ը:

Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույք են դիտարկվում որպես ապօրինի կամ որքան գումար է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձինք սահմանված ժամկետում կարող են ծանոթանալ ուսումնասիրության նյութերին, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է փոփոխել ենթադրյալ բռնագանձման գույքի ցանկը։

Ռոմա Մկրտումյանի նկատմամբ կա նաև հարուցված քրեական վարույթ։ Մասնավորապես՝ 2023թ․ օգոստոսից Հակակոռուպցիոն քրեական դատարանում է գտնվում գումարների յուրացման եղանակով հափշտակության կատարման գործը։ Պահպանության արդյունքում տնտեսվարող սուբյեկտներից առձեռն ստացվել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և մուտք չի արվել արտաբյուջետային հաշվին։

Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ գումարները, չփոխանցելով բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով բաժնի հաշվապահի օժանդակությամբ կեղծվել են «Հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման, կատարված ծախսերի և պարտքերի մասին» հաշվետվությունները։ Ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ տնտեսվարող սուբյեկտները չեն վճարել կամ մասամբ են վճարել կնքված պայմանագրով նախատեսված վարձավճարները, որից հետո հաշվետվողական բնույթ կրող հիշյալ պաշտոնական փաստաթղթերը ստորագրվել են և դրվել շրջանառության մեջ։

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ առանձին տնտեսվարող սուբյեկտներից մի խումբ անձանց աջակցությամբ առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 9 մլն 452 հազ․ դրամ գումարը յուրացվել է։ Այդ գումարից Ռոմա Մկրտումյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 11.900 ԱՄՆ դոլարին համարժեք` մոտ 4 մլն 918 հազ․ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter