
Հայկ Մարությանին քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելն ու ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ
Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2024թ. մարտի 12-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը արգելելու գործողությունները: Վճիռը կայացվել է երեկ՝ 2025թ. հունիսի 10-ին:
Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի կողմից գրություն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ Հայկ Մարությանին 2024թ. փետրվարի 13-ին ժամը 09:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու և ավագանու նիստին ելույթ ունենալու վերաբերյալ: Գրությանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության ոստիկանության համատեղ հրամանի համաձայն՝ Երևանի ավագանու նիստերի գումարման օրերին արգելվում է այլ անձանց մուտքը Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող մասնաշենք:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի կողմից 2024թ. մարտի 4-ին կրկին դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, որպեսզի հանձնարարեն Երևանի քաղաքապետարանի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներին Հայկ Մարությանի մարտի 5-ից մինչ 31-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերեին և ժամերին Երևանի քաղաքապետարան շենք մուտք գործելը թույլատերու վերաբերյալ: Այդ գրությանը պատասխան չի տրվել:
Նույն խմբակցության ղեկավարի կողմից կրկին գրություն է ուղարկվել քաղաքապետարան՝ 2024թ. մարտի 12-ին ժամը 10:00-ից Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի շենք մուտք գործելու թույլտվության վերաբերյալ: Այդ դիմումը կրկին մերժվել է, իսկ նշված օրը Հայկ Մարությանին թույլ չեն տվել մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք՝ դարձյալ պատճառաբանելով, որ ավագանու նիստերի գումարման օրերեին արգելվում է այլ անձանց մուտքը:
Հայկ Մարությանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության դիմել է վարչական դատարան: Հայցով նպատակ է հետապնդել պահանջել վնասի հատուցում, ինչպես նաև վերականգնել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Բացի այդ, առկա է հետագայում նույն իրավաիճակը կրկնվելու վտանգ:
Երևանի քաղաքապետարանը դատարանում վկայակոչել է քաղաքապետարանի և Ոստիկանության կողմից ընդունված համատեղ հրամանի կետը, որով մերժվել էր Մարությանի մուտքը քաղաքապետարանի մասնաշենք: Բացի այդ, ըստ քաղաքապետարանի՝ Հ. Մարությանը չի հանդիսացել քաղաքապետարանի շենք մուտք գործելու իրավունք ունեցող սուբյեկտ:
Ներքին գործերի նախարարությունը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն դատաքննության ընթացքում առարկել է ներկայացված հայցի դեմ:
Վարչական դատարանն արձանագրել է, որ Հայկ Մարությանի, Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության միջև առկա չէ որևէ վեճ այն հարցի հետ կապված, որ Հայկ Մարությանը Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից հրավիրվել է Երևանի ավագանու 12.03.2024 թվականի նիստին ելույթ ունենալու համար, սակայն վերջինիս մուտքը Երևանի քաղաքապետարանի վարչական շենք արգելվել է: Ըստ այդմ՝ հնարավորություն չի տրվել նաև վերջինիս ելույթ ունենալ ավագանու նիստին:
Դատավարության մասնակիցների միջև վեճը վերաբերել է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ ոստիկանության համատեղ հրամանի հիմքով Հայկ Մարությանի մուտքը Երևանի քաղաքապետարանի վարչական շենք արգելելու գործողությանը, որն ըստ Մարությանի՝ ոչ իրավաչափ է, իսկ ըստ քաղաքապետարանի և ՆԳՆ-ի՝ իրավաչափ:
Դատարանը, վկայակոչելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան հոդվածը, նշել է, որ ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:
Վարչական դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ Ոստիկանության համատեղ հրամանի կետերը Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մշտական մուտքի իրավունք չունեցող անձանց համար ավագանու նիստի օրերին Արգիշտի փ. 1 հասցեում գտնվող վարչական մասնաշենք մուտք գործելու համար արգելք են սահմանում:
Միաժամանակ Դատարանը փաստել է, որ նշված հրամանի՝ անվերապահ բոլոր դեպքերի նկատմամբ կիրառելի լինելու պայմաններում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները դարձնում են առարկայազուրկ: Մի կողմից օրենքը հնարավորություն է տալիս այլ անձանց քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերի դեպքում ավագանու նիստին մասնակցելու, ելույթներ ունենալու և հարցերին պատասխանելու՝ այդ անձանց որակելով որպես օրենքով ավագանու նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մյուս կողմից Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության համատեղ հրամանի կետերով Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մշտական մուտքի իրավունք չունեցող անձանց համար արգելք են սահմանում ավագանու նիստի օրերին՝ չսահմանելով որևէ բացառություն:
Ըստ այդմ՝ Դատարանը արձանագրում է, որ քաղաքապետարանի և Ոստիկանության համատեղ հրամանի կետերը չեն կարող բացարձակ կիրառվել Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մշտական մուտքի իրավունք չունեցող բոլոր անձանց վրա: Այդ իրավակարգավորումները ենթակա են մեկնաբանման «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հաշվառմամբ, ինչը ենթադրում է, որ համատեղ հրամանի կետերի ուժով Երևանի քաղաքապետարանի վարչական շենք չի կարող արգելվել այն անձանց մուտքը, ովքեր հանդիսանում են օրենքի ուժով ավագանու նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձ:
Նույն հրամանի հիմքով չի կարող սահմանափակվել նաև նույն անձանց՝ ավագանու նիստերին մասնակցելու, ելույթ ունենալու և հարցերին պատասխանելու իրավունքը: Այս դեպքում Հայկ Մարությանը Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից հրավիրվել է Երևանի ավագանու 2024թ. մարտի 12-ի նիստին ելույթ ունենալու համար, սակայն վերջինիս մուտքը Երևանի քաղաքապետարանի վարչական շենք արգելվել է՝ հնարավորություն չտալով նաև վերջինիս ելույթ ունենալ ավագանու նիստին:
Դատարանն արձանագրել է, որ ո՛չ վարչարարության ընթացքում, ո՛չ դատարանում գործի քննության ժամանակ քաղաքապետարանը և ՆԳՆ-ն չեն վկայակոչել Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը, հարցեր տալը և հարցերին պատասխանելը արգելելու գործողության այլ իրավական հիմք քան համատեղ հրամանի համապատասխան կետերը:
«12.03.2024 թվականին Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը, հարցեր տալը և հարցերին պատասխանելը արգելելու գործողությունները զուրկ են եղել իրավական հիմքից, ինչը նշանակում է, որ 12.03.2024 թվականին Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը, հարցեր տալը և հարցերին պատասխանելը արգելելու գործողությունները եղել են ոչ իրավաչափ»,-նշված է Վարչական դատարանի կայացրած վճռում:
Երևանի քաղաքապետարանից և Ներքին գործերի նախարարությունից հօգուտ Հայկ Մարությանի դատարանը բռնագանձել է նաև 10.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, որի դեմ կարող է ներկայացվել վերաքննիչ բողոք:
Մեկնաբանել