
Վաղարշապատի ավագանին համայնքի ղեկավար չի ընտրի
Այսօր՝ 2025թ. հունիսի 12-ին ժամը 17-ին, Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով: «Հետքի» տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտելու է նիստը, որպեսզի ընտրությունը տապալվի: Իշխող կուսակցությունը գնում է այդ ճանապարհով, որպեսզի առաջիկայում համայնքի ղեկավարի պաշտոնակատար դառնա այժմ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը: Արդեն հայտնի է, որ Վաղարշապատ համայնքը մինչև տարեվերջ կրկին խոշորացվելու է, ինչը նշանակում է ավագանու արտահերթ ընտրությունների անցկացում: Իսկ Արգիշտի Մեխակյանն արդեն հայտարարել է, որ Վաղարշապատում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը:
2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվել էր, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը: Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Ավագանու այդ նիստի ժամանակ որոշվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացնել հունիսի 12-ին:
Ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
«Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին»,-հայտարարել է ավագանու անդամը:
Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից: Այսինքն՝ եթե ՔՊ-ն բոյկոտի և չմասնակցի՝ քվորում չի ապահովվի։
Մեկնաբանել