HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին եւ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության և հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter