HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հրթիռակոծումը. ինչ է կատարվել հունիսի 14-ի գիշերը

Հունիսի 14-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Թեհրանում, ըստ արևմտյան և իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարձակման է ենթարկվել այն շրջանը, որտեղ գտնվում է Մեհրաբադ օդանավակայանը: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այնտեղ տեղակայված է իրանական ռազմաօդային ուժերի բազան, որտեղ առկա են կործանիչներ և տրանսպորտային ինքնաթիռներ։ Թեհրանն, իր հերթին, գիշերվա ընթացքում մի քանի անգամ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի շտապ օգնության ծառայությունը հայտնել է առնվազն 21 տուժածի մասին:

Գիշերվա առաջին ժամերին հաղորդագրություններ տարածվեցին այն մասին, որ Թեհրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հաստատել էր այդ տեղեկատվությունը և քաղաքացիներին կոչ արել իջնել ապաստարաններ։ 

Ավելի ուշ, իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Իրանից «արձակվել է մի քանի տասնյակ հրթիռ»։ «Դրանցից մի քանիսը չեզոքացվել են։ Ներկայումս որոնողափրկարարական ծառայություններն աշխատում են երկրի մի շարք բնակավայրերում, որտեղից արկերի ընկնելու մասին հաղորդումներ էին ստացվել»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Իրանի կողմից հրթիռային հարձակումների ևս մեկ ալիք էլ արձակվել է Երևանի ժամանակով առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտարարել է, որ Թեհրանը կուժեղացնի Իսրայելի ուղղությամբ հարձակումները և հարվածներ կհասցնի ցանկացած երկրի տարածաշրջանային ռազմաբազային, որը կփորձի պաշտպանել Իսրայելին։ «Ցանկացած երկիր, որը կփորձի Իրանի գործողություններից պաշտպանել իսրայելական ռեժիմը, իր հերթին կտեսնի, թե ինչպես են նրա տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնում նոր թիրախներ»,- նշել է նա։

Ավելի վաղ CNN-ի՝ ԱՄՆ-ում և Իսրայելում գտնվող աղբյուրները հայտնել էին, որ ամերիկացի զինվորականներն օգնել են չեզոքացնել Իսրայելի դեմ արձակված իրանական հրթիռները: Իսրայելական աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել էր, որ տարածաշրջանի մյուս երկրները ևս աջակցել են իսրայելական հակաօդային պաշտպանության միջոցներին:

Շաբաթ գիշերը Իսրայելն էլ իր հերթին կրկին հարձակվել է Իրանի տարածքի վրա։ Հարվածներից մեկը հասցվել է Թեհրանի այն շրջանին, որտեղ գտնվում է Մեհրաբադ օդանավակայանը։ AFP գործակալությունը, հղում անելով իր թղթակցին, հայտնում է, որ շրջանում երևում էին կրակ ու խիտ ծուխ։

Իրանական Tasnim գործակալությունը Մեհրաբադից հրապարակել է տեսանյութ։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այնտեղ տեղակայված է Իրանի ռազմաօդային ուժերի բազան՝ կործանիչներով և տրանսպորտային ինքնաթիռներով։

Առավոտյան ՑԱԽԱԼ-ը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել իրանական թիրախներին: Ինչպես գրում է The New York Times-ը, գիշերը Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչը պաշտոնապես հաստատել է ուրբաթ երեկոյան Իրանի հրթիռային հարվածի հետևանքով առաջին գրանցված մահվան հանգամանքը: Ինչպես գրում է ամերիկյան լրատվամիջոցը, կինը զոհվել է Ռամատ-Գան քաղաքին հարվածի հետևանքով, որը գտնվում է Թել Ավիվից ոչ շատ հեռու։ Ավելի ուշ, հայտնի է դարձել նաև երկրորդ զոհի մասին։

Առավոտյան Իսրայելի շտապ օգնության ծառայությունը՝ «Մագեն Դավիդ Ադոմ»-ը, հայտնել էր, որ իրանական գիշերային հարվածների հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից մեկը գտնվում է կրիտիկական վիճակում։ Մի քանի մարդ էլ ստացել էր թեթև և միջին աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գիշերը Նյու Յորքում կայացել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին հրապարակել է իսրայելական հարվածների հետևանքով իրանական կորուստների թիվը։ Նրա խոսքով՝ զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 320-ը։ Իրավանին հավելել է, որ զոհերի ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են։ Դրանց թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը և առաջատար գիտնականներ։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իրանին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել էսկալացիան: «Իսրայելական ռմբակոծություններ Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանի հրթիռային հարվածները Թել Ավիվին։ Դադարեցրե՛ք էսկալացիան: Կանգ առնելու ժամանակն է։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը էլ հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և կոչ արել բոլոր կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ»՝ թուլացնելով սրված իրավիճակը: 

«Ես վերահաստատեցի Իսրայելի ինքնապաշտպանության և իր ժողովրդի պաշտպանության իրավունքը։ Տարածաշրջանում կայունության պահպանումը կենսական նշանակություն ունի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ Իրանի՝ «ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը՝ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից, պետք է լիովին պահպանվի»:

Նա հավելել է, որ Պեկինը լրջորեն մտահոգված է այն հանգամանքով, որ ընթացիկ իրավիճակը բացասաբար է ազդում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա։ Չինական կողմը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն էլ իրավիճակի ստեղծման մեջ մեղադրել է Իսրայելին։

Լուսանկարը՝ Leo Correa/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter