
Իրանը հարվածել է Բաթ Յամի բնակելի շենքերից մեկին, իսկ Իսրայելը Իրանի ՊՆ-ին. ինչ է կատարվել հունիսի 15-ի գիշերը
Հունիսի 15-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Հրթիռակոծության տակ են հայտնվել նաև երկու երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ և անօդաչու։ Թիրախում հիմնականում եղել են Թել Ավիվը և Հայֆան։ Հայֆայում Իրանը հարվածել է նավթավերամշակման գործարանին։
Իսրայելի պաշտպանության բանակը ազդարարել էր հրթիռների արձակման լուրն ու հայտարարել օդային տագնապ։ Նույն ազդանշանը միացել է նաև Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։
BREAKING: Direct hit on bat yam, Israel.
— Eyal Yakoby (@EYakoby) June 15, 2025
Pray for Israel! They’re targeting civilians. pic.twitter.com/07aq9Oyik9
Իրանական հարվածներից մեկը հասցվել է Թել Ավիվի մոտ գտնվող Բաթ Յամ քաղաքին։ The Times of Israel-ի տվյալներով՝ բնակելի շենքերից մեկին հարվածի հետևանքով կա առնվազն 6 զոհ, 137 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 35 մարդ էլ անհետ կորած է։ Ընդ որում, զոհերի թվում կա 2 երեխա։
Բնակելի շենքը գտնվում է փլուզման վտանգի տակ, ու փրկարարները փորձում են գտնել բոլոր տուժածներին, որոնք գտնվում են ներսում։
Daylight reveals a much clearer image of the impact site in Bat Yam, to the south of Tel-Aviv, where the death toll currently sits at 4 and the injuries at over 200, while around 35 are believed to still be missing beneath the rubble. Search-and-rescue teams with IDF Homefront… pic.twitter.com/ZzC6XB3BMN
— OSINTdefender (@sentdefender) June 15, 2025
4 մարդ էլ մահացել է Իսրայելի հյուսիսում գտնվող Տամրա քաղաքում, որը հիմնականում արաբաբնակ է։ Բոլոր զոհերը արաբ կանայք են։
Ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը, գիշերային հարձակման ընթացքում Իրանը կիրառել է առնվազն 1 հիպերձայնային հրթիռ, որն օգտագործվել է Հայֆա քաղաքին հարվածի ժամանակ։
Nournews գործակալության աղբյուրի տվյալներով էլ՝ Իսրայելի տարածքի հրթիռակոծման նպատակով կիրառվել են նաև միջին հեռահարության Emad, Ghadr և Kheibar Shekan տեսակի բալիստիկ հրթիռներ։
The New York Times-ն էլ գրում է, որ իրանական հարվածի հետևանքով Իսրայելում լրջորեն վնասվել և այրվել է Վեյցմանի գիտական ինստիտուտի հետազոտական կենտրոնը, որը գտնվում է Ռեհովոտ քաղաքում։ Այստեղ կա մոտ 40 վիրավոր։
Ինչպես ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է ուսանողական հանրակացարանում բնակվող ուսանողներից մեկը, հետազոտական կենտրոնի շենքում փլուզվել է պատերի մեծ մասը։ Նա նաև հավելել է, որ պայթյունի հարվածային ալիքը կոտրել է մոտակա շենքերի ապակիները։
Ամերիկյան Axios պարբերականն էլ, հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների, գրում է, որ Իսրայելը վերջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին խնդրել է միանալ Իրանի դեմ հարվածներին՝ Թեհրանի միջուկային ծրագրի ոչնչացման համար։
Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է միանալ այդ գործողությանը։ Նա հավելել է, որ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կգնա այդ քայլին։ Աղբյուրը հավելել է, որ Իսրայելի իշխանությունները հույս ունեն, որ Թրամփը դրական որոշում կընդունի:
Ամերիկյան վարչակազմը լրատվամիջոցին հաստատել է, որ նման խնդրանք ստացել են իսրայելական կողմից։ Սակայն Սպիտակ տունը չի դիտարկում նման տարբերակ։
Փոխարենը Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցում իրան-իսրայելական հակամարտությանը։ «ԱՄՆ-ն կապ չունի այս գիշեր Իրանի վրա հարձակման հետ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։ «Եթե Իրանը որևէ ձևով հարձակվի մեր վրա, ԱՄՆ-ն նրա վրա կթափի իր զինված ուժերի ամբողջ հզորությունն ու ուժն այնպիսի ծավալով, որն աշխարհը դեռ չի տեսել»,- շարունակել է Թրամփը՝ արձագանքելով իրանական կողմի այն սպառնալիքին, որ Իսրայելին օգնության պարագայում Թեհրանը կհարվածի նաև դաշնակից ուժերի ռազմաբազաներին։
Թրամփը հավելել է, որ հեշտությամբ կարող է համաձայնագիր կնքվել Իրանի և Իսրայելի միջև ու «վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»։
Իր հերթին Իսրայելը ևս հրթիռակոծել է իրանական տարբեր քաղաքներ ու ենթակառուցվածքներ։ Այսպես, իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական հարվածն ուղղված է եղել Թեհրանում Իրանի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին։ Իրանական կողմը նշում է, որ վարչական շենքը լրջորեն չի վնասվել։ Փոխարենը, վնասվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության (SPND) շենքը։
Shahran oil depot in Tehran pic.twitter.com/YPxZHvwzSN
— Mossad Commentary (@MOSSADil) June 14, 2025
Իսրայելական հարվածների թիրախում է հայտնվել նաև Թեհրանում գտնվող Շահրան նավթաբազան։ Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերից երևում է նավթաբազայի տարածքում առաջացած զանգվածային հրդեհը։ Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ «իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ», սակայն իրանական լրատվամիջոցները բնակչությանը կոչ են արել հեռու մնալ դրանից։
Իրանի տարածքին հարվածների մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը։ Վերջինիս փոխանցմամբ՝ հարվածները հիմնականում ուղղված են եղել Թեհրանում Իրանի միջուկային ծրագրի ենթակառուցվածքների օբյեկտներին։ Իսրայելը հաստատել է, որ իր թիրախում են եղել Իրանի ՊՆ-ն, միջուկային SPND նախագծի կենտրոնակայանը և հավելյալ թիրախներ, որոնք «նպաստում էին իրանական ռեժիմի միջուկային զենք ձեռք բերելու ջանքերին և որտեղ իրանական ռեժիմը թաքցրել էր իր միջուկային արխիվը»։
⭕️ The IDF completed an extensive series of strikes on targets in Tehran related to the Iranian regime’s nuclear weapons project.
— Israel Defense Forces (@IDF) June 14, 2025
The targets included the Iranian Ministry of Defense headquarters, the headquarters of the SPND nuclear project, and additional targets, which…
Իրանի հրթիռակոծությանն զուգահեռ իսրայելական ուժերը հարվածել են նաև Եմենի հութիներին՝ փորձելով ոչնչացնել ապստամբների ռազմական ղեկավարությանը։ The Jerusalem Post-ի տվյալներով՝ հարվածը հասցվել է կեսգիշերից առաջ։
Հութիներն արձագանքել են հարվածին ու հարվածել Իսրայելի պաշտպանության բանակի ենթակառուցվածքներից մեկին, որը գտնվում է Թել Ավիվում։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիայի փոխանցմամբ՝ Իսրայելի ուղղությամբ արձակվել է «Պաղեստին-2» տեսակի հիպերձայնային բալիստիկ մի քանի հրթիռ։ Հութիների ներկայացուցիչը պնդում է, որ բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախին, իսկ հարձակումն իրականացվել է Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ։
Լուսանկարում՝ Իսրայելի Բաթ Յամ քաղաքի վնասված շենքը/Jack Guez/AFP/Getty Images
Մեկնաբանել