
ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում
2025 թվականի հունիսի 4-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ձեռքի ռենտգեն ստուգման սարք ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը 82 մլն 500 հազար դրամի դիմաց պետք է մատակարարի նման երեք սարք։
«Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Գեղամ Վանունու և Արթուր Եգորյանի կողմից։ Հետագայում՝ 2017 թվականին, Եգորյանը դուրս է եկել ընկերությունից և միակ սեփականատերը դարձել է Գեղամ Վանունին։
2023 թվականի հուլիսի 3-ին Վանունին նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 2024-ի մայիսին, նրա լիազորությունները դադարեցվել են։
2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը նա զբաղեցրել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը։ Իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Վանունին եղել է «Երևան ջէկ» ՓԲԸ-ի փոխտնօրենը։
Գեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։
2017-2018 թվականներին ընկերությունը 12 պայմանագիր է կնքել Պետական եկամուտների կոմիտեի, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, Ազգային Ժողովի, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 8.7 մլն դրամ է։
Այն ժամանակահատվածում, երբ Գեղամ Վանունին զբաղեցնում էր Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը (2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը) նրան պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի ծավալը շեշտակի աճել է։ Ընկերության հետ կնքվել է 27 պայմանագիր՝ ընդհանուր 53.2 մլն դրամի։
Իսկ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Վանունուն պատկանող ընկերության հետ պետական տարբեր գերատեսչություններ կնքել են 375.8 մլն դրամի պայմանագրեր։
Ընդհանուր առմամբ, «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ պետական և համայնքային կառույցները կնքել են մոտ 900 մլն դրամի 83 պայմանագիր։ Դրանց 45%-ը կնքվել է այն ժամանակահատվածում, երբ ընկերության սեփականատերը հանրային պաշտոններ է զբաղեցրել։
2023 թվականին Գեղամ Վանունին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիր։ Համաձայն հայտարարագրի՝ Վանունին ունի անհատական բնակելի տուն Կոտայքի մարզում, չորս բնակարան, հասարակական նշանակության շինություն, ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում և ավտոտնակ Երևանում։
Վանունին 2022 թվականի ընթացքում ստացել է 9.2 մլն դրամի եկամուտ «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ից։ Նաև նույն ընկերությանը հանձնված փոխառության գումարը կազմել է 250 մլն դրամ։
2023 թվականի ընթացքում Գեղամ Վանունու «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 292 մլն դրամ։
Մեկնաբանել