HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես պետք է պայքարել բրուցելոզ հիվանդության դեմ․ ՍԱՏՄ

Կենդանիների բրուցելոզ հիվանդությունը Հայաստանում առկա է դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Դրա դեմ պայքարի միջոցառումներն անընդհատ են:

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: 

«Հրահանգով կիրառվող սկզբունքը ախտորոշիչ միջոցառումն է. արյունառություն, լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանու մեկուսացում և հարկադիր սպանդ:

Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ երկու, մանր եղջերավորներից՝ մեկ անգամ:

Ի՞նչ պետք է անեն ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինները

Կենդանիների բրուցելոզ հիվանդության ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքերի բացառման նպատակով՝ անասնատերերը, ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝

  • կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ,
  • նոր ձեռք բերված, այդ թվում ներկրված բոլոր կենդանիների 21-օրյա կարանտինը՝ մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում,
  •   լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, արյան նմուշառումը:

Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին (ՍԱՏՄ), ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ և ուղարկել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո, այն հոտում կամ նախիրում, որում հայտնաբերվել է հիվանդ կենդանի, կատարվում է ողջ գլխաքանակի արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության վերջին երկու բացասական արդյունքի դեպքում հոտը կամ նախիրը  համարվում է առողջ: 

Ի՞նչ պետք է անի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը

Կենդանիների գլխաքանակում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում, Տեսչական մարմնի տեսուչի վերահսկողությամբ, հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, տարածքը՝ ախտահանության: 

Սանիտարական սպանդի իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ:

Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը

Բրուցելոզով վարակված և սպանդի ենթարկված տավարի, ոչխարի, այծի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո (երշիկների և պահածոների արտադրության մեջ):

Բրուցելոզով վարակված կենդանու կաթն այն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում պետք է ենթարկվի առաջնային ջերմային վերամշակման: 

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված ՉՎԱՐԱԿԱԶԵՐԾՎԱԾ կաթի դուրսբերումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում:

Ի՞նչ է բրուցելոզը

Բրուցելոզը զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են:

Խրոնիկ ընթացքի հետևանքով՝ հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում (ախտանիշ է էգ կենդանիների մոտ վիժումը):

Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը:

Բրուցելոզի մանրէները կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ: 

Հեղուկ միջավայրում նվազագույնը +60°C ջերմաստիճանի եռման պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ավելի արագ:

Հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, սառը ջրի մեջ՝ միչև 114 օր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter