
Գյումրին տեխնոքաղաք հռչակելուց առաջ, պետք է հոգ տանել, որ այն մինչեւ այդ բաղձալի օրը չզրկվի իր բնակիչներից
Ընտրություններից առաջ եւ հետո ամենաշահարկվող թեման դա ընտրացուցակներն են: Հանրապետության երկրորդ քաղաքում, որտեղ վերջին շրջանում արտագաղթողների բավական մեծ թիվ է արձանագրվել, չգիտես ինչ հրաշքով բավական կայուն կերպով ընտրազանգվածը շարունակում է պահպանել իր դիրքերը:
125 հազար ընտրողների մասին բարձրաձայնվեց ԱԺ ընտրություններից առաջ, այս թիվն է Գյումրիում կրկին հրապարակվում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի համոզմամբ` ուռճացված է ոչ միայն ընտրողների, այլեւ Գյումրի քաղաքի բնակչության թիվը:
2001թ. մարդահամարի տվյալներով Գյումրի քաղաքի բնակչության թիվը կազմել է 150 հազար, 11 տարի անց, ըստ վիճակագրական պաշտոնական տվյալների, բնակիչների թիվն ընթացիկ հաշվարկներով կազմում է 146 հազար: Ստացվում է, որ ահագնացող արտագաղթի պայմաններում անգամ բնակչության թիվը պակասել է ընդամենը 4 հազարով:
«Պարադոքս է, բայց ընտրողների թիվն այս պարագայում ավելացել է,- նկատում է Արտաշես Բոյաջյանը,- մարդահամարի վերջնական արդյունքները հրապարակվելու են 2013թ., բայց ասել, որ հանրապետության երկրորդ քաղաքում ներկայում 146 հազար մարդ է ապրում, աբսուրդ է»:
Համեմատության համար Արտաշես Բոյաջյանն առաջարկում է պարզ հաշվարկ կատարել: Նրա դիտարկումներով մինչեւ 18 տարեկանները քաղաքում մոտ 30 հազար են, սա միջընտրական տարիքն է եւ այս խումբն ընտրելու իրավունք չունի: Կրթության բաժնի տվյալներով դպրոցականների թիվը 2010թ. ցուցանիշներով 17 հազար է, մինչեւ 5-6 տարեկանների թիվը հասնում է մոտ 8 հազարի եւ այս պարագայում երբ 146 հազարից հանում ենք նշված թվերի հանրագումարը, ստանում ենք ոչ թե 125 հազար, այլ մոտ 100 հազար: Նշանակում է անգամ պաշտոնական տվյալներով ընտրողների թիվը 25 հազարով ուռճացված է:
«Շատ հնարավոր է, որ պաշտոնական տվյալներով ընտրողների թվի աճը պայամանվորված լինի ջավախահայությանը երկքաղաքացիության կարգավիճակ տալով: Շատ ջավախահայեր գրանցվում են իրենց գյումրիաբնակ բարեկամների տան վրա, ստանում երկքաղաքացիության անձնագիր, որպեսզի կարողանան Ռուսաստանում աշխատանք ունենալ: Պատճառներից մեկը կարող է լինել սա, որ անձնագրային բաժինը նման թիվ է ներկայացնում»,- ասում է ազգագրագետը:
Ոչ պաշտոնական տվյալներով Գյումրիի բնակչության թիվը չի գերազանցում 80 հազարը: Եթե այս թվից հանենք միջընտարական տարիքի մարդկանց թիվը, ապա ընտրություններին պիտի մասնակցի լավագույն դեպքում 30-ից 40 հազար մարդ եւ ոչ ավելի:
«Նշանակում է՝ ամեն անգամ ընտրություններից առաջ շրջանառության մեջ դնելով 125 հազար ընտրողի գաղափարը, ինչ-որ մեկի ջրաղացին ջուր լցնելու հրաշալի պայմաններ են ստեղծվում: Սա խնդիր է, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում լուծել կամ չեն ցանկանում: Երբ խոսք է գնում արտագաղթի վերաբերյալ թվերին կամ ընտրացուցակների ուռճացված լինելու վերաբերյալ, պատկան ատյանները միայն ձեռքերն են թափ տալիս կամ ասում են, որ անում են հնարավորը, սակայն միեւնույն է, նույն խառնաշփոթը ընտրությունից ընտրություն շարունակվում է»,- ասում է Արտաշես Բոյաջյանը:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ազգագրագետ Ա. Բոյաջյանը, ով հիմնականում զբաղվում է մարզի ժողովրդագրական եւ տնտեսական խնդիրներով, որոշել է առաջադրվել ավագանու անդամի պաշտոնում:
«Առիթը առաջադրվելու «Ասպարեզ» ակումբի նախագահ Բարսեղյան Լեւոնի առաջարկն էր, իսկ ցանկությունը՝ ավելի գործուն մասնակցություն ունենալ քաղաքի կյանքին, կար շատ ավելի վաղ: 20 տարի է՝ զբաղվում եմ քաղաքի տնտեսության եւ ժողովրդագրական խնդիրներով, շատ ավելի լավատեղյակ եմ, թե ինչ է կատարվում Գյումրիում: Եվ երբ տեսնում ես, որ առկա պրոբլեմները հնարավոր է լուծել եւ չի լուծվում, իսկ քո մեջ ցանկություն կա գոնե որոշակի լուծումներ տալու ու քանի որ չունես լիազորություններ դրա համար, ուրեմն պիտի ձգտես այդ լիազորություններն ունենալ: Իսկ դրա համար պիտի ներառված լինես տեղական ինքնակառավարման մարմինների մեջ»,- կայացրած որոշումն է հիմնավորում Արտաշես Բոյաջյանը:
Ուսումնասիրելով 1926թ. երկրաշարժից հետո Լենինականի տնտեսության վերականգնման փորձը, ազգագրագետ Ա. Բոյաջյանն հանգել է այն մտքին, որ թեեւ ուշացած, սակայն նույն բանը կարելի է անել նաեւ հիմա: Այն ժամանակ էլ Լենինականն ամբողջովին ավիրվել էր, ինչպես 1988թ.: Իհարկե, արդյունաբերական ներուժն այդ տարիների միմյանցից չափազանց տարբերվում է, սակայն ներդրված ծրագրերն էին չափազանց արդյունավետ: Այն ժամանակ գումարներ հատկացվեցին, որպեսզի արհեստագործական փոքր ձեռնարկությունները վերածվեն արդյունաբերականի, կադրեր պատրաստվեն եւ այդ բազայի վրա 1950-ականներին հիմնվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ:
![]() |
![]() |
«Ես ոչ թե ասում եմ բերեք հսկա մի ձեռնարկություն կառուցենք, այլ այսօր փորձեք դրա հիմքերը դնել»,- ասում է Արտաշես Բոյանջյանը: Ըստ նրա՝ պետք է պարզապես համայնքային բյուջեից գումարներ հատկացնել քաղաքում գործող փոքր արդյունաբերական ձեռնարկություններին` ապահովելով նրանց զարգացումն ու ընդլայնումը: 20-30 տարի հետո այդ փոքր ձեռնարկություններն այնքան կհզորանան, որ միավորվելով կստեղծվեն խոշորները: Կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիրը:
Արտադրության ընդլայնման հետ կապված սպառման շուկայի խնդիր եւս առաջանում է, բայց այդ առումով Գյումրին փայլուն օրինակ ունի: Քաղաքում գործող «Լենտեքս» ձեռնարկության արտադրանքը գրավել է ոչ միայն հայաստանյան շուկան: «Լենտեքս» ՍՊԸ-ն հանդիսանում է գուլպաների եւ զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում:
«Պետք է ընդամենը խելացի տնտեսագետների ներգրավել, ճիշտ ծրագրեր իրականացնել եւ Գյումրին ոտքի կկանգնի»,- նկատում է ազգագրագետը:
Արհեստների եւ արվեստների քաղաք հռչակված Գյումրիում հիմա շատ դժվարությամբ կգտնես լավ քարտաշ-որմնադիրի կամ այլ արհեստավորի:
«Արհեստները կամա-կամաց մեռնում են, հին արհեստավորները կամ գնում են քաղաքից կամ արդեն վաղուց մահացել են ու իրենց հետնորդները չունեն: Չգիտես ինչու այս նոր սերնդի ներկաայցուցիչները բոլորն ուզում են դառնալ ծրագրավորողներ, իրավաբաններ, տնտեսագետներ, թիկնապահներ, պատգամավորներ: Գուցե արհեստագործական ուսումնարանների բացն է, որ նման իրավիճակ է ստեղծել, թե 21-րդ դարի պահանջներն են ուրիշ, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ` մարդիկ շարունակում են տուն կառուցել ու, ասենք, լավ քարտաշի կարիք ունեն: Իմ ընկերներից մեկը դժգոհում էր, թե ամբողջ քաղաքում ման է եկել տանիք կապող մի վարպետի, չի գտել: Ավանդույթներ, արհեստներ ունեցող քաղաքի համար սրանք լուրջ խնդիրներ են»,- ասում է Արտաշես Բոյաջյանը:
Նա դեմ չէ «Տեխնոպարկի» ստեղծմանը, թեեւ նրա գործառույթն առ այսօր գյումրեցիների համար ֆանտաստիկայի ժանրից է. «Ես դեմ չեմ ապագայի ծրագրերին, բայց Գյումրին տեխնոքաղաք հռչակելուց առաջ, պետք է նախեւառաջ հոգ տանել, որ այն մինչեւ այդ բաղձալի օրը չզրկվի իր բնակիչներից»:
Գյումրին ծերացող քաղաք է եւ մոտավորապես 3 տարի հետո, ըստ կանխատեսումների, մահացողների թիվը գերազանցելու է ծնվողների թվին: Բնական աճի հաշվեկշիռը 3 տարի հետո բացասական արդյունք է գրանցելու: Դրա համար պիտի գործուն ծրագրեր իրականացնել քաղաքում: Գյումրիին այնքան անհրաժեշտ աշխատատեղերի ստեղծումը, որ թմբկահարվում էր դեռ 90-ականներին, թե «դուք մեզ աշխատանք տվեք, մենք մեր տունը կկառուցենք», հիմա էլ արդիական է: 23 տարի անց կառավարությունը, փորձելով ինչ-որ կերպ լուծել անօթեւանության խնդիրը, ամենագլոբալը` աշխատանքի հարցը, կրկին մղել է հետին պլան, ու մարդիկ արտագաղթում են, խուսափում են ընտանիք կազմել, երեխա լույս աշխարհ բերել:
«Պետք է հստակ ծրագրեր ունենալ քաղաքի զարգացման համար: Մենք ինքներս պիտի տեղում որոշակի քայլեր անենք. միայն վերեւներից պահանջելով չէ: Տեսեք, քաղաքապետարանը սոցիալապես ծանր վիճակում գտնվող ուսանողների ուսման վարձը տալիս է, կարելի է չէ՞ այդ նույն ուսանողներին դրա դիմաց ներգրավվել հասարակական աշխատանքների մեջ: Եթե դու գումար ես ստանում համայնքից, ուրեմն բարի եղիր ինչ-որ կերպ փոխհատուցել: Փոփոխությունները պետք է ներքեւից վերեւ լինեն»,- նկատում է ազգագրագետ Բոյաջյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել