«Փոփոխության հիմնական նպատակը հետզհետե իրագործվում է»
Դիանա Բախշյան
Կարեւորելով մարդու արժանապատվության եւ ինքնասիրության պաշտպանությունը մեր հասարակության մեջ՝ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտի, ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի եւ միջազգային փորձի շուրջ զրուցեցինք մի շարք մասնագետների հետ:
ՀՀ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ նախկին եւ ներկայիս իրավադաշտերի, դրանց տարբերությունների, առավելությունների կամ թերացումների մասին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն ասաց. «Նախկինում իրավական այդ դաշտը քրեականացված էր. զրպարտությունն ու վիրավորանքը հանցագործություն էին համարվում, բայց դատարանում գործեր չկային: Ո՞րն էր պատճառը: Չեմ կարող ասել, որ մարդիկ իրար չէին վիրավորում, պարզապես չէին գնում դատարան: Իրավական դաշտ կար, բայց մարդիկ այն համարում էին անարդյունավետ միջոց: Զրպարտված մարդը մտածում էր՝ի՞նչ օգուտ, եթե զրպարտող մարդը դատապարտվի, գնա բանտում նստի, միեւնույն է, դրանից իր պատիվը չէր վերականգնվի, եւ դա հիմնականում, փաստորեն, ճիշտ էր: Մարդուն ավելի շատ ի՞նչն է հետաքրքրում: Հետաքրքրում է, որ հերքման տեքստը հրապարակվի, կամ ներողություն խնդրեն, կամ պատասխանի իրավունք ստանա, կամ էլ դրամական փոխհատուցում ստանա, քան որեւէ մեկը գնա բանտ նստի, հատկապես մեր հասարակությունում, որտեղ մարդիկ մեկը մյուսի դեմ բողոքելը համարում են վատ վարքագիծ (ասում են՝ «գործ տվող» է եւ այլն): Փաստորեն, միջոցը կար, բայց մարդիկ չէին օգտվում: Ինչու՞ չէին օգտվում, որովհետեւ դա անարդյունավետ էր: Դա առաջին պատճառն է:
Երկրորդ պատճառն այն է, որ անհրաժեշտ էր կարգավորել նաեւ լրատվական դաշտը: Որպեսզի դա չկատարվեր քրեական եղանակով, որն անհամաչափ կամ անհամարժեք եղանակ էր, որոշվեց ավելի քաղաքակիրթ եւ արդյունավետ եղանակով՝ քաղաքացիական իրավունքի միջոցով լուծել»:
Իսկ թե ինչ է ցույց տվել զրպարտության եւ վիրավորանքի օրենքի իրավական դաշտի փոփոխության իրավակիրառ պրակտիկան, Ա. Ղազարյանը մեկնաբանեց. «Երկու տարվա պրակտիկայի ընթացքում միայն երկու դեպք կարող եմ հիշել, որ լրատվամիջոցները հայտնվել են անհամաչափ մեծ ֆինանսական բեռի տակ՝ դատարանների որոշումների արդյունքում: Դրանցից մեկը, որ ամենաշատն է տուժել, «Հայկական ժամանակ»-ն է: Դա բոլորը գիտեն. Ազգային ժողովի երեք պատգամավորների հետ է կապված: Բայց նման խիստ որոշում՝ 6 միլիոն դրամի փոխհատուցում, այլեւս չի եղել. դրանից հետո դատարանները նվազեցրել են գումարի չափը: Այսօրվա դրությամբ, փաստորեն, դատական գործերի քանակն ընդդեմ լրատվամիջոցների նվազել է, որը նույնպես դրական զարգացման ցուցանիշ է: Անհարկի գանգատները ժամանակի ընթացքում դուրս մղվեցին: Իսկ սկզբնական շրջանում, երբ նոր էր փոփոխվել օրենքը, շատ արկածախնդիրներ կային, որ զուտ գումարի համար դիմում էին դատարան: Մինչեւ այսօր ծավալված դեպքերն ապացուցում են, որ սա ճիշտ եղանակ է: Երբ ապաքրեականացվեց, բոլորը վախենում էին, թե լրագրողների դեմարշ է լինելու, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դատական գործերն ավարտվում են ավելի շատ լրագրողների օգտին, քան հայցվորների: Մոտ երկու տարվա դատական պրակտիկան՝ ապաքրեականացումից հետո, ցույց է տալիս, որ գործերը դատարաններում այսօր ավելի շատ բարենպաստ ելքով են ավարտվում ՝ հօգուտ լրատվամիջոցների: Իսկ մյուս կողմից լրատվամիջոցներն ավելի զգույշ են: Հիմնական հոդվածն (օրենսգրքում 1087 հոդվածը) աշխատում է երկու ուղղությամբ. զսպող ազդեցություն ունի եւ քաղաքացիների (հայցվորների) եւ լրատվամիջոցների համար: Փոփոխության հիմնական նպատակը հետզհետե իրագործվում է, եւ արդյունքում միաժամանակ չի տուժում նաեւ ինֆորմացիայի հոսքը: Այսինքն՝ հիմնական հանրային շահը դա ինֆորմացիայի հոսքն էր, եւ այն չի տուժում: Լրատվամիջոցները, երբ դատվում են, մտածում են, որ հաջորդ անգամ նորից չդատվեն, եւ կարգավորում են ինֆորմացիայի հոսքը, բայց երբ դատարանում մեծ մասամբ իրենք են շահում, դա չի ազդում ինֆորմացիայի հոսքի վրա: Սա իրավական պաշտպանության ավելի արդյունավետ միջոց է. հերքում տպագրել, ներողություն խնդրել, պատասխանի իրավունք տրամադրել եւ ամենակարեւորը՝ դրամական փոխհատուցում»:
Ա. Ղազարյանը արտահայտեց նաեւ զրպարտության եւ վիրավորանքի միջազգային իրավական դաշտի փորձի մասին իր կարծիքը. «Ամբողջ աշխարհն է գնում դրան: Եվրոպայի խորհուրդն է իր անդամ պետություններին հորդորում, որ աստիճանաբար անցնեն ապաքրեականացման: Դանդաղ բոլոր պետությունները գնում են դեպի ապաքրեականացում: Նույնիսկ կա հատուկ քարտեզ, թե որ պետություններն են գնացել: Բայց տենդենցը կա: Միայն տարբերվում է Ռուսաստանը, որ վերջերս քրեականացրեց զրպարտության մասին օրենքը: Ռուսաստանն իրեն շատ ազատ է պահում այդ առումով եւ տարբեր հարցերով գնում է առճակատման Եվրոպայի Խորհրդի հետ: Ռուսաստանում, ըստ երեւույթին, պետությանը ձեռք է տալիս, քանի որ դա պետք է պետական մարմիններին, իսկ սովորական քաղաքացին ուզում է գնալ դատարան, բայց ոչ թե քրեականով. շարքային քաղաքացուն դա պետք չէ: Եվ ոչ միայն Ռուսաստոնում, այլեւ բոլոր պետություններում է այդպես: Եթե քրեականացված է մնում, դա ձեռնտու է պետությանը, իսկ շարքային քաղաքացու համար ձեռնտու է քաղաքացիական կարգով լուծել խնդիրը: Քրեականի նպատակը մարդուն պատժելն է, իսկ քաղաքացիականի նպատակը խախտված իրավունքը վերականգնելն է: Շատ երկրներ կան, որ քրեականը պահում են, բայց հիմնականում տենդենցը կա, որ ապաքրեականացվում է»:
Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ զարգացումներ ունեն զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ միջազգային օրենքները, Ա. Ղազարյանի տվեց հետեւյալ պատասխան. «Միջազգային զարգացումներն այնպիսին են, որ գնում են դեպի ինտերնետ դեֆարմացիայի դաշտ: Այսինքն՝ ինտերնետի միջոցով տարածված հրապարակային արտահայտությունը կարող է լինել վիրավորական կամ զրպարտիչ: Ինտերնետում մի քիչ խնդիրը բարդանում է: Դե, նախ ինտերնետում անձը կարող է քողարկված կերպով հանդես գալ: Նաեւ ինֆորմացիայի հոսքն է շատ մեծ. միավոր ժամանակահատվածի ընթացքում կարող են միլյոնավոր ֆայլեր անցնել ինտերնետ խողովակով: Ինտերնետի առումով դեռ միասնական մոտեցում չկա միջազգային պրակտիկայում: Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են դրսեւորում: Օրինակ՝ ԱՄՆ-ում լրատվամիջոցն այլոց մեկնաբանությունների համար բացարձակ կերպով պատասխանատվություն չի կրում՝ անկախ նրանից՝ դրանք վիրավորակա՞ն են, զրպարտո՞ղ են, թե՞ ոչ: Եվրոպական երկրներում լրատվամիջոցները պատասխանատվություն կրում են որոշ դեպքերում, եթե տեսնում են, բայց չեն հանում վիրավորական, զրպարտող արտահայտությունը: Հայաստանում վիրավորական կամ զրպարտող բնույթի մեկնաբանության համար լրատվամիջոցը պատասխանատվության չի ենթարկվում, եթե զրպարտվող անձը չի դիմել, եթե չկա անձի դիմում՝ ուղղված լրատվամիջոցին: Միասնական պրակտիկա չկա, որովհետեւ ոլորտն ինքն արագ զարգացող է: Օրինակ՝ «Ֆեյսբուքում» գոյություն ունի կանոնակարգ, որտեղ «Ֆեյսբուքից» օգտվելու կանոններն են, եւ ով ցանկանում է օգտել «Ֆեյսբուքից», պետք է համաձայնի այդ կանոններին: Բայց շատերն առանց կարդալու տալիս են համաձայնություն եւ աշխատելու ընթացքում խախտում են այդ կանոնները»:
ՀՀ-ում զրպարտության եւ վիրավորանքի նախկին եւ ներկա իրավական կարգավորումների, դրանց տարբերությունների մասին լրագրող, մեդիա-փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասաց. «Ես այն տեսակետին եմ, որ ապաքրեականացումն ինքը ճիշտ քայլ էր, որին պետք է գնար պետությունը: Այլ բան է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդված սահմանված վնասի փոխհատուցման չափերն ինձ համար անընդունելի են, որովհետեւ դրանք կրում են ոչ թե փոխհատուցման, այլ պատժիչ բնույթ (1 միլիոն դրամը վիրավորանքի եւ 2 միլիոնը զրպարտության համար շատ մեծ գումարներ են): Այսուհանդերձ, եթե դատարանները հոդվածը ճիշտ կիրառեն, ապա միշտ չէ, որ փոխհատուցման առավելագույն չափը կսահմանեն: Ի դեպ, վերջին շրջանում՝ Սահմանադրական դատարանի վճռից հետո, արդեն փոխհատուցումների սահմանվող չափերի նվազում է նկատվում: Ինքը՝ հոդվածը, դեռ որոշակի փոփոխությունների կարիք ունի: Ես դժվարանում եմ իրավաբանորեն հստակ ձեւակերպել ու պատասխանել, թե ինչ փոփոխություններ պետք է լինեն, բայց կարող եմ ասել, որ օրենքը դեռ ծառայում է լրատվամիջոցներին լռեցնելուն, զսպելուն»:
Մ. Հարությունյանը խոսեց նաեւ զրպարտության եւ վիրավորանքի միջազգային իրավական դաշտի փորձի մասին. «Տարբեր երկրներ տարբեր կարգավորումներ ունեն:Կան երկրներ, որտեղ կարգավորումը մնացել է քրեական օրենսգրքում, բայց չի կիրառվում (կիրառվում է քաղաքացիական օրենսգրքով): Ռուսաստանը վերջերս վերադարձավ նախկին՝ քրեական օրենսգրքին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է գնա դրան: Ինձ համար ամենաընդունելին այդպիսի հարցերը քաղաքացիական օրենսգրքով կարգավորելն է»:
Մ. Հարությունյանը ՀՀ-ում զրպարտության եւ վիրավորանքի իրավակիրառ պրակտիկայի մասին եւս խոսեց. «Այժմ այդ կիրառումը վատ է, որովհետեւ դա հիմնականում օգտագործվում է լրատվամիջոցների դեմ: Բայց հուսադրող է, որ վերջին շրջանում որոշ հայցեր մերժվել են կամ սահմանել են ավելի ցածր փոխհատուցումներ, քան պահանջում էին հայցվորները»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ, ՄԻՊ աշխատակազմի գրասենյակի ղեկավար Աշոտ Վահանյանի ներկայացրեց, թե երբ էր նախատեսվել ապաքրեականացնել «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» ՀՀ օրենքը. «Կարեն Անդրեասյանը, մինչեւ ՄԻՊ դառնալը, այդ խնդիրը բարձրացրել էր: Հետագայում հեղինակներն ուրիշ մարդիկ էին, եւ ԱԺ-ն ընդունեց: Փաստորեն, միտքը նախկին իրավաբան Կարեն Անդրեասյանինն էր, բայց հեղինակներն ուրիշներն էին»:
Ա. Վահանյանը նաեւ մանրամասնեց, թե ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների եւ հասարակության կողմից ինչ արձագանքներ եղան. «Սկզբնական շրջանում վերագրում էին, թե լրատվամիջոցներին վնաս է բերում այդ օրենքի կիրառումը: Դատական վարույթներում վերցնում էին սահմանվող պատժամիջոցի վերին շեմը՝ 2 մլն դրամ, եւ լրատվամիջոցները զգում էին սնանկացման վտանգ: Ձեւավորվեց հեղինակավոր մարմին, որի անդամները անշահախնդիր պետք է եզրակացության գային տվյալ խնդրի շուրջ: Չնայած տեղեկատվական խորհուրդը շատ կարեւոր աշխատանք էր տանում, բայց դա էլ գոհացուցիչ չէր: Դրանից հետո Սահմանադրական դատարանն ընդունեց որոշում: Այդ դրույթները կիրառելիս եղան այնպիսի արդյունքներ, որոնք հաշվի են առնում ԶԼՄ-ների ֆինանսական միջոցները»:
Ա. Վահանկանի կարծիքով, մինչ այժմ պրակտիկան ցույց է տվել,որ փոփոխությունը տեղին էր. «ՍԴ-ի որոշման կայացումից հետո դատարանները ստացան այն հատուկ իրավական ուղեցույցը, որը կիրառելով՝ դատարանները պետք է վճիռ կայացնեն, եւ դա կնպաստի, որպեսզի մեր լրատվամիջոցները չբողոքեն իրենց սնանկության տանելու համար»:
Ա. Վահանյանը անդրադարձավ նաեւ փոփոխված օրենքով սահմանվող տուգանքների չափերին. «Տուգանքները ՍԴ-ն թողել է օրենսդրի վրա: 10 հազարից այն կարող է հասնել մինչեւ 2 մլն դրամի: Դատարանը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարող է սահմանել, օրինակ 50 հազար դրամ»:
Իսկ միջազգային իրավական ոլորտում այդ առումով զարգացումների վերաբերյալ Ա. Վահանյանը պարզաբանեց. «Միջազգային փորձը նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ ՍԴ-ին ուղղած դիմումի մեջ է նշված: Ապաքրեականացումը կատարվել է միջազգային փորձը հաշվի առնելով եւ եվրոպական օրենսդրությանը համապատասխան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել