
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, և նա այդ մեղադրանքը չի ընդունում: Մեղադրանքի հիմքում այն է, որ հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը, ըստ փաստաբանի, իրականության հետ կապ չունի:
«Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այդ տեսանյութը դիտել և ինքն իր մեջ գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ»։
Սամվել Կարապետյանի փաստաբաններից Լիանա Գասպարյանն էլ նշեց, որ այդ հոդվածը պատիժ է նախատեսում նաև ոչ ազատազրկման ձևով՝ տուգանք, հանրային աշխատանքներ և այլն և հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Հետևաբար այդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար կալանքի միջնորդություն ներկայացնելը ապօրինի է: Փաստաբանը տեղեկություն ուներ, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ 50-ից ավելի անձի նկատմամբ անհամաչափ հարկադրանք է կիրառվել, խախտվել է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:
«Ընթացքում բոլորդ կհամոզվեք, որ քրեական վարույթ նախաձեռնելը, հարկադրանքի միջոց կիրառելը, հանրային քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաև մեղադրանքը ներկայացնում են բացարձակ ապօրինի բնույթ: Ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարել է վարութային գործողությունների ընթացքում՝ աբսուրդի ժանրից է»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ 2025թ. մայիսի 17-ին, օպերատիվ գործողություններ են իրականացվել գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ինչի հետևանքով հարակից փողոցները փակ էին։
«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»,- «Հետքի» հետ զրույցում ասել էր Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը, news.am կայքի հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառումը:
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ այսօր՝ 2025թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարող է ազգայնացվել, եթե մեկ ամսվա ընթացքում չներկայացվեն հստակ մեխանիզմներ՝ քաղաքացիներին հասցված վնասի փոխհատուցման համար։ Ըստ նրա՝ արդեն մշակվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրենքի նախագիծը:
«Տվել էի հանձնարարական, որ եթե մեկ ամսվա ընթացքում չներկայացվեն կոնկրետ քայլեր՝ մարդկանց հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ, ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի։ Հանձնարարականի օրը հունիսի 21-ն է»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
Մեկնաբանել