HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել գործարար Սամվել Կարապետյանին՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ 2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Նրա փաստաբան Արմեն Ֆերոյանն ասում է, որ Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, և նա այդ մեղադրանքը չի ընդունում: Մեղադրանքի հիմքում այն է, որ հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը, ըստ փաստաբանի, իրականության հետ կապ չունի:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը, news.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Լրատվամիջոցին տված հարցազրույցն էլ դարձել է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter