
Իրանական հրթիռակոծությունից վնասվել է Իսրայելի Բեեր Շևայի հիվանդանոցը, Իսրայելն էլ հարվածել է Արաքի միջուկային ռեակտորին
Հունիսի 19-ի գիշերը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին։ Բալիստիկ հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի հարավում՝ Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է մոտ 25 մարդ։
זה לא אמיתי מה קורה פה
— חוסל בגלל טעות בזיהוי (@pop2141) June 19, 2025
כל סורוקה כל המיון 😳😳😳 pic.twitter.com/1DUXqvOV8P
The Times of Israel-ը գրում է, որ սոցիալական ցանցերում հրապարակվել են ականատեսների բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, որ հիվանդանոցի շենքը տուժել է հրթիռակոծության հետևանքով։ The Jerusalem Post-ն էլ, հղում անելով «Սորոկա» բուժհաստատության ներկայացուցչին, նշում է, որ հիվանդանոցը «էապես վնասվել է»։
Տեղեկություններ կան այն մասին, որ Իրանը հրթիռներ է արձակել նաև Թել Ավիվի, Ռամատ Գանի և Հոլոնի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Իսրայելի 9-րդ ալիքը, Հոլոնում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով շենքը մասամբ փլուզվել է։ Ծանր վիրավորում է ստացել 1 մարդ, ևս 20-ը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Ռամատ Գանում էլ տուժել է մոտ 20 մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հունիսի 19-ի գիշերը հարվածել է Իրանին։ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիրախների թվում եղել են Թեհրանում գտնվող մի շարք օբյեկտներ, որոնք կապված են «իրանական միջուկային զենքի մշակման և հրթիռների արտադրության հետ»: ՑԱԽԱԼ-ը կոչ էր արել տարհանել իրանական Արաք և Խոնդաբ քաղաքների բնակչությանը։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ այդ շրջանում իրենց թիրախները լինելու են «իրանական ռազմական ենթակառուցվածքները»:
Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ Արաքում հարված է հասցվել ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորին: «Այդ հաստատությունում, ինչպես պնդում են, նախապես տարհանում է իրականացվել, ռադիացիոն վտանգ չկա»,- իրանական հեռուստատեսության հաղորդագրությունը մեջբերել է The Times of Israel-ը։ Վերջինս նշում է, որ Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն ավարտված չէր։ Իրանը պատրաստվում էր այն շահագործման հանձնել 2026 թվականին։
Լուսանկարում՝ Իսրայելի Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցը/Amir Cohen/Reuters
Մեկնաբանել