
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները Իրանի ԱԳ նախարարի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն
Ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական դիվանագիտական աղբյուրին։
Բանակցությունները կկայանան Ժնևում։ Reuters-ի զրուցակցի տվյալներով՝ նախարարները նախ Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում կհանդիպեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, իսկ այնուհետ համատեղ հանդիպում կունենան Իրանի ԱԳ նախարարի հետ։
Բանակցությունների ընթացքում նախարարները պատրաստվում են իրանական կողմին համոզել՝ տալ հստակ երաշխիքներ, որ Թեհրանը միջուկային ծրագիրը կօգտագործի բացառապես քաղաքացիական նպատակներով: Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները կկայանան «ԱՄՆ-ի հետ համատեղ», սակայն թե ով կներկայացնի Վաշինգտոնը դեռևս հայտնի չէ։
Reuters-ը նշում է, որ բանակցություններին կհաջորդի «փորձագետների մակարդակով կառուցվածքային երկխոսությունը»։
Իրանի հետ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն նախընտրում է ուղղակիորեն չներգրավվել դրան։ Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ Իսրայելի հարձակումից և իրանական միջուկային օբյեկտներին իսրայելական ավիացիայի հարվածներից մի քանի օր անց Թեհրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»: Եվրոպական առաջնորդները պատերազմի սկզբից ի վեր երկու կողմերին էլ դեէսկալացիայի կոչ են անում։
Լուսանկարը՝ Caren Firouz/Reuters
Մեկնաբանել