HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր մտահոգությունը Հայաստանն է»,- ասում է Հայֆայի հոգևոր հովիվը

Իսրայելի հյուսիսում գտնվող և մեծությամբ երրորդ` Հայֆա քաղաքը, չնայած լուսադեմին հրթիռակոծության է ենթարկվել, բայց իրավիճակը կայուն է: Այստեղ բնակվող հայերն առայժմ մտադիր չեն լքել Իսրայելը: 

Հայֆայի Սուրբ Եղիա հայկական եկեղեցու և Հայֆայի և հյուսիսային շրջանների ծխական քահանա  Տեր Տիրայր Հովակիմյանն ասում է՝ իրավիճակն այնքան էլ թեժ չէ, որքան ներկայացնում են լրատվամիջոցները:

290 հազար բնակչություն ունեցող Հայֆայում 160 հայ ընտանիք է ապրում, որոնցից 60-ը Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներն են, 100-ն  էլ՝ Հայաստանից եկած և խառնամուսնությունների միջոցով այստեղ բնակություն հաստատած հայերի ընտանիքներ:

Մինչ այս պահը զոհերի կամ վիրավորների շրջանում հայեր չկան։ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի խոսքով՝ հակաօդային համակարգերը որսում են հրթիռներն ու ոչնչացնում օդում:

Իսրայելի անվտանգության ազդանշանային համակարգի հավելվածը, որը կոչվում է «Թիկունքի հրամանատարություն», 12 րոպե առաջ տեղեկացնում է մոտալուտ վտանգի և հրթիռակոծության մասին, իսկ հարվածից 1 րոպե առաջ՝ նախազգուշացնում: Արդեն երկրորդ օրն է` 12 րոպեանոց ազդանշանային համակարգը դարձել է 6-10 րոպե` կապված Իրանից հրթիռների արձակման արագության կամ հրթիռների տարբերության հետ: Այդ ժամանակահատվածը բավական է, որ քաղաքացիները հասնեն իրենց ապաստարան-սենյակներ կամ ընդհանուր ապաստարաններ:

Ավելի քան 20 տարի Հայֆայում բնակվող Հովհաննեսը «Հետքին» պատմեց, որ Իսրայելի նորակառույց բոլոր շենքերի բնակարաններն ունեն հատուկ նախատեսված ապաստարան-սենյակներ, որոնք անվտանգ են, հաստաշերտ բետոնով ամրացված, ներկառուցված մետաղյա դուռ-պատուհաններով, օդափոխության համակարգով: Առհասարակ, քանի որ Իսրայելը մշտապես պատերազմական իրավիճակներում է, 1990-ականների վերջերից հետո կառուցված բոլոր շենքերի բնակարաններում ապաստարան-սենյակներ կան:

Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի խոսքով, մարդիկ հիմա փնտրում են առավել անվտանգ ապաստարաններ, հատկապես այն դեպքերից հետո, երբ հրթիռը մխրճվել էր Պետահ Տիկվա քաղաքի բնակելի բարձրահարկի երկու ապաստարանների արանքը, և 4 զոհ էր եղել:

Առավել անվտանգ ապաստարանները,  Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի խոսքով, ստորգետնյա ընդհանուր ապաստարաններն են, որտեղ գիշերել է նաև ինքը` ընտանիքի հետ: Այդ ապաստարանը եկեղեցուց 100 մետր է հեռու` ավարտական դպրոցի ստորգետնյա հարկում: Այդ շրջակայքում ապրող մարդիկ, որոնք չունեն ապահով ապաստարան-սենյակներ, նույնպես ազդանշանից հետո` րոպեների ընթացքում հասնում են ապաստարան:

«Գիշերը` ժամը 1-ի սահմաններում, ազդանշանն եկավ, և մենք մտանք ապաստարան և մնացինք այնտեղ, որովհետև չգիտես՝ երբ նոր ազդանշանը կգա, և վերադառնաս տուն, քնես, ազդանշանը միացավ, պետք է երեխաներին քնած վերցնես և վազես այդ 100 մետր հեռու ապաստարանը»,- պատմում է Տեր Հայրը:

Ընդհանուր ապաստարանները լավ վիճակում են, հագեցած են պետքարաններով, լվացարաններով և օդափոխության համակարգով:

Իսրայելում կրթական հաստատությունները փակվել են, սակայն դասապրոցեսը չի ավարտվել, այն շարունակում են օնլայն` zoom hարթակի միջոցով: Մթերային խանութներն անխափան աշխատում են, պատերազմական առաջին օրերին նկատելի է եղել մթերքի և սննդի պաշարների համեմատաբար ավել սպառումը, սակայն իրավիճակն արդեն հանգիստ է:

Տեր Հայրն ասում է, որ Իսրայելում մարդիկ սովոր են այդ իրավիճակին, խուճապի չեն մատնվում. «Իսրայելն արդեն երկու տարի է Լիբանանի և Գազայի հետ պատերազմական իրավիճակում է, և ժողովուրդն արդեն իմունիտետ է ձեռք բերել: Գիտեն, որ պետք չի մեծ քանակությամբ առևտուր անել, 24 ժամ բաց են խանութները»:

Հայֆայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է  Bazan Group-ին պատկանող նավթամշակման գործարանը, որտեղ նաև զոհեր են եղել:  

Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն ասում է, որ որոշ ընտանիքներ կուզենային վերադառնալ Հայաստան, թեկուզ ժամանակավոր, մինչև ավարտվեին պատերազմական գործողությունները: Տեր հոր ընտանիքն էլ Հայֆայում է, սակայն այս պահին տեղափոխվելու որևէ տարբերակ չկա:  

«Ինձ էլ են զանգում, ասում՝ հանեք գոնե երեխաներին, իմ պարագան մի փոքր այլ է, ես հոգևոր հովիվն եմ, բայց ես էլ կուզենայի, որ իմ երեխաներն այս պահին Հայաստանում գտնվեին, որտեղ ավելի ապահով է, բայց ամեն ինչ փակ է, օդանավակայանը փակ է, ծովային ճանապարհն էլ է փակ և ոչ անվտանգ»,- ասում է Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը:

Հովհաննեսը պատմում է, որ մասնավոր զբոսանավերը փորձում են ծովային փոխադրություններ իրականացնել դեպի Եգիպտոս կամ Կիպրոս, բայց դրանք վտանգավոր են, ռիսկային եւ չափազանց թանկ:

Իսրայելի պատկան մարմինների հրահանգով, զբոսաշրջիկների կամ Իսրայելում ժամանակավոր գտնվող ոչ ռեզիդենտ անձանց համար իսրայելական El Al, Arkia եւ Israir ավիափոխադրողները կատարելու են ուղևորափոխադրումներ դեպի Կիպրոս, Հունաստան և մի քանի այլ եվրոպական ուղղություններ, որտեղից էլ կազմակերպելու են հրեաների հայրենադարձությունը Իսրայել: Բայց այդ ամենն արվում է ոչ թե պետության, այլ քաղաքացիների հաշվին:

«Դրսից մի քիչ ավելի ճոխ է այս ամենը երևում: Իհարկե, վտանգ կա, մանավանդ՝ չի կարելի թերագնահատել իրավիճակը, ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել և այլ բանի վերածվել, սակայն, անկեղծ ասեմ` ես էս պահին ավելի շատ մտահոգված եմ Հայաստանի համար: Ընդհանրապես, մեդիա հարթակներում այնպես է ներկայացվում իրավիճակը, որ Հայֆան հողին է հավասարվել, բայց մենք ներսում ենք, ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, մարդիկ կան դրսում, չնայած շարժը քիչ է: Մեր մտահոգությունը Հայաստանն է, և այս ամբողջ իրավիճակը չի կարող չազդել մեր տարածաշրջանի վրա, և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել»,-ամփոփում է Տեր Հայրը:

Գլխավոր լուսանկարը՝  Ahmad Gharabli/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter