HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է անապահով ընտանիքների աշխատունակ անձանց աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունից։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Ծրագրով առաջարկվում է որպես վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներ դիտարկել՝

1) քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները,

2) սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը,

3) գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները,

4) մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները,

5) կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։

Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես, նշված ոլորտներում առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից հարթակի միջոցով պետք է ներկայացվի ծրագրային առաջարկ։ Ծրագրի տևողությունն առաջարկվում է սահմանել 3-12 ամիս։ Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար առաջարկվում է գործատուին տրամադրել 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Օրական 3500 դրամի դեպքում, հաշվի առնելով աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարների չափերը, ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 73000 դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter