
Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Zhongtong»-ի գործընկերային կապը
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրել քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը: Ըստ այդ ցանցի՝ դրա սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ վարկային պայմանագրի շրջանակներում:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ու ՎԶԵԲ միջև 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Դրամաշնորհի չափը կազմել է 5 մլն եվրո: Բացի այդ, բանկը ցանկություն է հայտնել պետությանը տրամադրել վարկ՝ մինչև 20 մլն եվրո գումարի չափով՝ ծրագրի մի մասի ֆինանսավորման համար:
Իսկ մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:
Երևանի քաղաքային ավտոբուսների ծրագրի երկփուլանի գնման մրցույթը հայտարարվել է ՎԶԵԲ-Ի՝ հաճախորդների էլեկտրոնային գնումների հարթակում, որը բանկի պաշտոնական հարթակն է՝ էլեկտրոնային գնումների հայտարարման համար։
Մրցույթը մեկնարկել է 2021թ. փետրվարի 1-ին և ավարտվել մոտ 1 տարի անց:
Մրցույթում հաղթել է վրացական «Տեգետա Մոթորս» (Tegeta Motors LLC) ընկերությունը, որը մատակարարել է 87 հատ գերմանական «ՄԱՆ» (MAN) ավտոբուս: Մրցույթի մասնակիցներից է եղել նաև մի կոնսորցիում, որի մաս է կազմել «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (Zhongtong Bus Holding CO. LTD) ընկերությունը:
Մրցույթի պայմաններից մեկն այն էր, որ մասնակից ընկերությունը պետք է ավտոբուսների տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքեր տեղական ընկերություններից մեկի հետ:
Մեր ձեռքի տակ է հայտնվել «Ժոնգ-Թոնգ» ընկերության և «Արմչի» ՍՊԸ-ի միջև 2021թ. մարտի 26-ին ստորագրված սպասարկման պայմանագրի լուսապատճենը: «Արմչի» ՍՊԸ-ի անունից պայմանագիրը ստորագրել է Վազգեն Հարությունյանը։
«Արմչի» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից: Չինացին ընկերությունից դուրս է եղել 2022թ. հուլիսին, իսկ Վազգեն Հարությունյանը՝ 2023թ. մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամականավոր պաշտոնակատար: Մինչև ընկերությունից դուրս գալը, Վ. Հարությունյանը եղել է նաև «Արմչի» ընկերության տնօրենը: Այժմ ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը:
Դիմեցինք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին, որպեսզի հասկանանք, թե ինչպես է սկսվել նրա ընկերության և «Ժոնգ-Թոնգի» համագործակցությունը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Հարությունյանը հերքեց, որ երբևէ համագործակցել է չինական ընկերության հետ: Ավելին՝ հայտարարեց, որ եթե կա նման պայմանագիր, ուրեմն այն կեղծ է, և կդիմի իրավապահ մարմիններին:
Վազգեն Հարությունյանին ուղարկեցինք պայմանագրի այն էջը, որտեղ դրված է իր ստորագրությունն ու «Արմչի» ՍՊԸ-ի կնիքը, ինչպես նաև՝ չինական կողմի ստորագրությունն ու կնիքը: Վազգեն Հարությունյանը դարձյալ պնդեց, որ «ուժի մեջ են կեղծ պայմանագրի հետ կապված» իր ասածները:
«Եթե բնօրինակը ձեր մոտ է, դա շատ կօգնի բացահայտել կեղծիքի աղբյուրը»,- պատասխանեց վարչության պետը՝ հավելելով, որ պատրաստ է հաղորդում տալ հանցագործության մասին:
Դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ 87 հատ «ՄԱՆ» ավտոբուսի ձեռքբերման մրցույթի ամբողջական փաթեթի պատճենը տրամադրելու խնդրանքով: Քաղաքապետարանից տրամադրել են պահանջվող տեղեկատվությունը՝ էլեկտրոնային տարբերակով: Այդ նյութերում ևս նշվում է «Zhongtong Bus Holding CO.» և «Արմչի» ընկերությունների պայմանագրային համագործակցության մասին:
Կարող ենք ենթադրել, որ Վազգեն Հարությունյանը հոգեբանական ճնշում գործադրելու համար է հայտարարել կեղծ պայմանագիր լինելու և իրավապահ մարմիններին դիմելու մասին, որպեսզի հրապարակում չանենք: Իսկ եթե համագործակցության մասին տեղեկությունները կեղծ են, ապա կսպասենք իրավապահ մարմինների արձագանքին, երբ Վազգեն Հարությունյանն այդ հարցով դիմի նրանց:
Վազգեն Հարությունյանը՝ գնահատող հանձնաժողովների անդամ
2025թ. գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը հայտարարեց, որ ոչ միայն բարձր է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսների տեխնիկական խոտանի տոկոսը, այլև անհանգստացնում են պահեստամասերի մատակարարման խնդիրները։ Պաշտոնյան նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր 87 միավոր «ՄԱՆ» ավտոբուսի 10 միավորն անսարք է եղել։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ եթե այդ տեմպերը շարունակվեն, ընկերության հետ այլևս չեն կարողանա համագործակցել:
Սա, երևի, նախերգանքն է, որ քաղաքապետարանը ցանկանում է կենտրոնանալ «Zhongtong» ընկերության վրա, հատկապես, որ առաջիկայում ևս պատրաստվում են ավտոբուսներ գնել: Իսկ քաղաքապետարանի և «Zhongtong»-ի հարաբերությունները, կարծես թե, լավ են:
Օրինակ՝ 2023թ. նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքապետարանի կարիքների համար 171 հատ ավտոբուսի ձեռքբերման էլեկտրոնային աճուրդ: Նախահաշվային գինը եղել է մոտ 6 մլրդ 305 մլն 554 հազ. դրամ: Աճուրդին մասնակցել է 5 ընկերություն՝ «Transint LLC», «Zhongtong Bus Holding Cօ. Ltd», «Xiamen King Long United Automotive Industry Co. Ltd», «Yutong Bus Cօ. Ltd» և «Էլ Ընդ Էվ» ՍՊԸ-ն:
Ամենացածր գինն առաջարկել է «Transint» ընկերությունը՝ 4 մլրդ դրամ, իսկ երկրորդ ցածր գին առաջարկողը եղել է «Zhongtong»-ը՝ մոտ 5 մլրդ 477 մլն 981 հազ. դրամ:
Աճուրդի գնահատող հանձնաժողովը որոշել է «Zhongtong»-ի, «Xiamen King»-ի, «Yutong Bus»-ի և «Էլ Ընդ Էվ» ՍՊԸ-ի հայտերը մերժել, քանի որ «Transint» ընկերությունը չի ներկայացրել հայտի ապահովումը: Գնահատող հանձնաժողովը որոշել է մասնակցի հայտը գնահատել անբավարար և մերժել, իսկ «գնման ընթացակարգը հայտարարել չկայացած»:
2023թ. դեկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ՝ նույն 171 ավտոբուսի ձեռքբերման համար, քանի որ հայտարարված էլեկտրոնային աճուրդը չէր կայացել։
Երևանի քաղաքապետարանից «Հետքին» հայտնում են, որ էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգի կիրառման ժամանակ գնահատվում է միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած հայտը, և այն մերժելու դեպքում գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած: Հետևաբար, կարևորելով ավտոբուսների ձեռքբերման անհրաժեշտությունը և փոքրացնելով գնման ընթացակարգի չկայանալու ռիսկերը՝ որոշել են գնման ընթացակարգը իրականացնել բաց մրցույթով:
Բաց մրցույթին հայտ է ներկայացրել 3 ընկերություն՝ «Xiamen Golden Dragon Bus Cօ. Ltd»-ն, «Zhongtong Bus Holding Cօ. Ltd»-ն և «Yutong Bus Holding Cօ Ltd»-ն:
Հարկ է նշել, որ ավտոբուսների բաց մրցույթի տեխնիկական բնութագրում Երևանի քաղաքապետարանն ավելացրել է հետևյալ բովանդակությունը. «Մատակարարը պետք է նախապես պատվիրատուին տրամադրի առաջարկվող ավտոբուսների սերիական արտադրության մոդել մակնիշը, տեխնիկական բնութագրերը և վերը նշված 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ պահանջվող ավտոբուսի հավաստագրերը առաջարկվող ավտոբուսների տեխնիկական բնութագրերի համապատասխանության ստուգման համար»: Նման ձևակերպում չի եղել էլեկտրոնային աճուրդի ժամանակ:
Բաց մրցույթում 171 ավտոբուսի մատակարարման համար ամենացածր գինն առաջարկել է «Xiamen Golden Dragon»-ը՝ 5 մլրդ 383 մլն 350 հազ. դրամ, «Zhongtong»-ը՝ 6 մլրդ 300 մլն դրամ, իսկ «Yutong Bus Holding»-ը՝ մոտ 7 մլրդ 75 մլն դրամ:
Մրցույթի գնահատող հանձնաժողովը որոշել է, որ «Xiamen Golden Dragon» ընկերության սերիական արտադրության և փորձարկումներ անցած ավտոբուսի տեխնիկական չափորոշիչները չեն համապատասխանում մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրի պահանջներին, հետևաբար հայտը գնահատվել է անբավարար, իսկ «Yutong Bus Holding»-ի առաջարկած գինն ավելին է եղել, քան քաղաքապետարանի սահմանած նախահաշվային արժեքը: 2024թ. ապրիլի 12-ին պայմանագիրը կնքվել է «Zhongtong»-ի հետ:
Ուշագրավ է, որ «Zhongtong» ընկերությունը մրցույթում առաջարկել է 6 մլրդ 300 մլն դրամ, և այդ գնով էլ նրա հետ պայմանագիր է կնքվել: Այն դեպքում, երբ էլեկտրոնային աճուրդի ժամանակ պատրաստ էր 171 ավտոբուսը մատակարարել 5 մլրդ 478 մլն դրամով: Այսինքն՝ մրցույթով 822 մլն դրամ ավելի թանկ են գնվել ավտոբուսները:
Հարկ է նշել, որ Վազգեն Հարությունյանը եղել է, թե՛ էլեկտրոնային աճուրդի, թե՛ մրցույթը գնահատող հանձնաժողովների անդամ: Թեև «Գնումների մասին» օրենքը շահերի բախում դիտարկում է միայն ազգակցական կամ մերձավոր կապը, սակայն ակնհայտ է, որ նախկին գործընկերային կապը ևս կարող է շահերի բախում առաջացնել: Օրինակ՝ առնվազն կարող է կասկած հարուցել քաղաքապետարանի պաշտոնյա Վազգեն Հարությունյանի անաչառությունը, որպես գնահատող հանձնաժողովի անդամ՝ «Zhongtong» ընկերության մասով, քանի որ նրա հետ ունեցել է գործընկերային հարաբերություններ: Չի բացառվում, որ այդ համագործակցությունը շարունակվում է և այժմ «չերևացող» կողմ ունի:
Ինչ վերաբերում է մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած գնին, ապա, գուցե, մրցույթում ավտոբուսների տեխնիկական բնութագրի նշված ավելացումն է եղել պատճառը, որ մատակարարվող ավտոբուսների գինը 822 մլն դրամով ավելացել է:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել են, թե բաց մրցույթի տեխնիկական բնութագրում նոր պահանջ՝ ավտոբուսի մակնիշի և տեխնիկական բնութագրերի մասով, չի ավելացվել, այլ իրականացվել է տեխնիկական բնութագրի հստակեցում՝ կապված 2020թ. հունվարի 2-ից ՀՀ-ում գործող Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների հետ: Ըստ քաղաքապետարանի՝ հստակեցման նպատակն այն էր, որ մասնակից ընկերությունը հստակ պատկերացում կազմի պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև մատակարարվող ավտոբուսների տեխնիկական չափորոշիչների համապատասխանության մասին։
«Երևանի քաղաքապետարանը միշտ կարևորում է մատակարարվող ապրանքի տեխնիկական չափորոշիչների համապատասխանությունը մրցույթի պահանջներին, ինչպես նաև գործող իրավական փաստաթղթերին, որոնցով պայմանավորված՝ տեխնիկական բնութագրերը կազմվում են՝ առավելագույնը պարզ նկարագրելու նշված չափորոշիչները և պահանջները, քանի որ նշված ավտոբուսները շահագործվելու են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցում՝ ապահովելով Երևանի բնակիչների անվտանգ երթևեկը»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։
Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ քաղաքապետարանի հստակեցումն արժեցել է 822 մլն դրամ, քանի որ դրանից հետո է մրցույթում հաղթած ընկերությունը գինն այդ չափով թանկացրել:
«Էլեկտրոնային աճուրդի, ինչպես նաև այլ հայտարարված մրցույթների և հրավերների ժամանակ գինը ձևավորվում է մասնակիցների կողմից սահմանված կարգով ներկայացված գնային առաջարկների կամ էլեկտրոնային աճուրդի ժամանակ սակարկության միջոցով, որի հաշվարկման և ձևավորման գործընթացում Երևանի քաղաքապետարանը միջամտելու ոչ մի իրավական, տեսական և ֆիզիկական հնարավորություն չունի։ Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում մրցույթին մասնակցելու և իր գնային առաջարկը ներկայացնելու քաղաքականությունը՝ հաշվի առնելով իր ռիսկերը, ինքնարժեքի ծախսերը և ակնկալվող շահույթը»,- նշում են քաղաքապետարանից:
Քրեական գործից մինչև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ
2023թ․-ից Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է գտնվում Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով Գլխավոր դատախազության հայցի քննությունը։
Դատախազությունը պահանջում է բռնագանձել 4 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ մոտ 324 մլն 452 հազ. դրամ, 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ և այլն։
Վ. Հարությունյանի անունը կապվում էր նաև քրեական պատմության հետ։ Քննչական կոմիտեն դեռևս 2020թ. ապրիլին հաղորդագրություն էր տարածել կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից մոտ 771 մլն 463 հազ. դրամին համարժեք 1 մլն 598 հազ. 490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ։ Այդ ժամանակ Վ. Հարությունյանը եղել է ընկերության տնօրենը։
Այս գործերի ճակատագիրը դեռ անհայտ է։
Լուսանկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել