HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ն տվյալներ է ներկայացրել Իրանից և Իսրայելից տարհանված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ներկայացնելով որոշ տվյալներ։

«Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոս:

Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:

2025թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։

Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության: Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին:

ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։

Աշխատանքները, այդ թվում և՝ ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, շարունակվում են»,- գրել է Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter