HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

Այս գիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի երեք կարևորագույն օբյեկտներին, որոնք գտնվում են Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում, ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից «հաջող ռմբակոծման» մասին։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով ուրանի հարստացման իրանական գործարաններն ամբողջությամբ ոչնչացվել են։ Իսրայելն արդեն իսկ շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար, իսկ Իրանը խոստացել է շարունակել ուրանի հարստացումը՝ հերքելով, որ հարձակման ենթարկված օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։

Առկա տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն իրանական միջուկային երեք խոշորագույն օբյեկտներին հարվածել է Երևանի ժամանակով առավոտյան 06:00-ի սահմաններում։ Գործողության մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Մենք հաջողությամբ ավարտել ենք Իրանի միջուկային երեք օբյեկտների վրա հարձակումը, այդ թվում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ գլխավոր օբյեկտի՝ Ֆորդոյի ուղղությամբ ամերիկյան զինուժը կիրառել է ամենամեծ թվով ռումբերը։ «Բոլոր ինքնաթիռներն ապահով տուն են վերադառնում։ Շնորհավորում ենք մեր ամերիկացի հիանալի մարտիկներին: Աշխարհում ոչ մի այլ բանակ չի կարող դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է»,- գրառումն ավարտել է ԱՄՆ նախագահը։

Ավելի ուշ Թրամփը հանդես է եկել ամերիկացիներին ուղերձով և գործողությունն անվանել «ռազմական ակնառու հաջողություն»՝ հայտարարելով, որ բոլոր երեք օբյեկտներն էլ «ամբողջությամբ ոչնչացվել են», իսկ «ահաբեկչության գլխավոր հովանավորի» (նկատի ունի Իրանին՝ խմբ.) կողմից միջուկային սպառնալիքը վերացվել։

Հարձակման մասին ամերիկյան կողմը նախապես ոչինչ չէր հայտարարել։ Իր ուղերձում Թրամփը դարձյալ հայտարարել է, որ Իրանը պետք է խաղաղության համաձայնագիր կնքի։ 

Նա հիշեցրել է, որ միջուկային այս օբյեկտներն ամենամեծն ու ամենավտանգավորն էին, սակայն Իրանում «դեռ շատ թիրախներ են մնացել», և հետագա հարձակումները կարող են էլ ավելի կործանարար լինել:

«Այսպես շարունակվել չի կարող։ Կամ խաղաղություն կլինի, կամ էլ Իրանի համար ողբերգություն»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ եթե Իրանը պատասխանի ամերիկյան գործողություններին, ապա հարվածներն էլ ավելի ուժեղ կլինեն։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ավելի վաղ Իսրայելին տեղեկացրել էր նախապատրաստվող հարվածի մասին։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ հարվածի համար օգտագործվել են B-2 տեսակի ռմբակոծիչները: Այս տեղեկությունը Reuters-ին հաստատել է նաև ամերիկացի մի պաշտոնյա։ Fox News-ի թղթակից Շոն Հենիթին էլ նշել է, որ Ֆորդոյին հարվածի համար ԱՄՆ-ն կիրառել է վեց հակաբունկերային ռումբ։ Վերջինս պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ու տեղեկությունն ստացել է հենց նրանից։ Հենիթին նաև հավելել է, որ Նաթանզի ու Սպահանի օբյեկտների վրա էլ սուզանավերից արձակվել է «Tomahawk» տեսակի 30 հրթիռ։

Ավելի ուշ նաև հայտնի է դարձել, որ հարձակման ընթացքում ԱՄՆ-ն կիրառել է նաև GBU-57 տեսակի հակաբունկերային ռումբեր։ Սա վերջինիս մարտական ​​կիրառման առաջին հայտնի դեպքն է:

Իրանի արձագանքը հարձակումներին

Իրանցի պաշտոնյաները հաստատել են միջուկային օբյեկտներին հարվածների մասին լուրերը։ 

Մասնավորապես, Իրանի Ղոմ նահանգի ճգնաժամային իրավիճակների կառավարման շտաբի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել։ «Մի քանի ժամ առաջ, Ղոմի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացումից և թշնամու թիրախների նույնականացումից հետո, Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքի մի մասը հարձակման է ենթարկվել հակառակորդի կողմից»,- հայտարարել է նա։

AFP գործակալությունն էլ, հղում անելով իրանական պետական հեռուստատեսությանը, նշում է, որ նույն ժամանակահատվածում Սպահանի նահանգի պաշտոնյաները ևս հաստատել են Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը։

Այդուհանդերձ, հարձակման վնասի մասշտաբների մասին դեռ քիչ բան է հայտնի։ Իրանական աղբյուրները պնդում են, որ սպասել են, որ կլինի հարվածը ու հասցրել են տեղափոխել հարստացված ուրանը։ Այդ մասին հայտարարել է նաև Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական հարցերով փոխտնօրեն Հասան Աբեդինին։ Նա նաև ընդգծել է, որ հարձակման հետևանքով Իրանը «լուրջ վնասներ չի կրել»։

Հետաքրքրական է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ամերիկյան հարվածներից հետո չի հայտնաբերել ուրանի ճառագայթման մակարդակի բարձրացման նշաններ։ Համանման հայտարարություն են տարածել նաև Սաուդյան Արաբիայի միջուկային և ճառագայթաբանական կարգավորման հանձնաժողովն ու Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը։

Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը նշել է, որ ամերիկյան հարձակումներից հետո մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը թույլ չի տա դադարեցնել «երկրի արդյունաբերական զարգացումը»՝ նկատի ունենալով իր միջուկային ենթակառուցվածքը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվելով իրանական օբյեկտների վրա։

«Այսօր առավոտվա իրադարձություններն աղաղակող են և երկարաժամկետ հետևանքներ կունենան։ ՄԱԿ-ի ցանկացած անդամ պետք է մտահոգվի այս ծայրահեղ վտանգավոր, անօրինական և հանցավոր պահվածքով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին համապատասխան, որոնք թույլ են տալիս ինքնապաշտպանության կարգով օրինական պատասխան տալ, Իրանն իրեն վերապահում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերն ու ժողովրդին:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է խնդրել։

Իսրայելի արձագանքը հարվածներին

CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ հարվածներից հետո Թրամփն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։ Ավելի ուշ, Նեթանյահուն հանդես է եկել ուղերձով և շնորհակալություն հայտնել Թրամփին։

«Շնորհավորում եմ, նախագահ Թրամփ: ԱՄՆ-ի ողջ սարսափազդու և արդարացի հզորությունը Իրանի միջուկային օբյեկտներ ուղարկելու ձեր համարձակ որոշումը կփոխի պատմությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Ամերիկան «իսկապես անգերազանցելի» էր այսօրվա հարձակման մեջ և արել է այն, ինչ ոչ մի այլ երկիր չէր կարող անել:

«Նախագահ Թրամփը և ես հաճախ ասում ենք, որ խաղաղությունը ձեռք է բերվում ուժով: Նախ գալիս է ուժը, ապա գալիս է խաղաղությունը: Այս գիշեր Թրամփն ու ԱՄՆ-ն շատ ուժեղ գործեցին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter