
Լոռիում հանրապետականներն իրար դեմ են առաջադրվել, գյուղապետերը` գյուղապետարանի աշխատակիցների
Սեպտեմբերի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի 86 համայնքներում: Ինչպես երևում է առաջադրումներից, հիմնականում ՀՀԿ-ական գործող համայնքապետերի հետ միակ մրցակցի առաջադրումը ձևական բնույթ է կրում, և ավելի շատ Ընտրական օրենսգրքի պահանջն ապահովելու համար է, որպեսզի ընտրությունը համարվի կայացած: Երկուսից ավել թեկնածությունների դեպքում գործող ՀՀԿ-ական ղեկավարների հետ առաջադրված հանրապետականների և անկուսակցականների մեջ նույնիսկ 2-ից ավել ձևական թեկնածուներ կան, որոնց մեջ գյուղապետարանի աշխատակիցներ են, մանկավարժներ կամ հսկիչ-բանվոր-վարորդներ:
ՀՀԿ-ից բացի`կուսակցական այլ առաջադրումներ կամ կուսակցական թեկնածուներ գրեթե չկան: ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել մարզի միայն 3 համայնքում` Վանաձոր, Ստեփանավան, Շահումյան: ԲՀԿ ինքնաառաջադրումներ են եղել 6, ՕԵԿ`1 համայնքում: Երկու համայնքում ինքնաառաջադրվել են դաշնակցական ղեկավարները, որոնք մրցակցելու են իրենց տեղակալների հետ: Այսպիսով, լուրջ մրցակցություն չկա, և դատելով առաջադրումներից, հատկապես գյուղական համայնքներում հիմնականում գործող համայնքապետերն էլ կվերընտրվեն: Լոռիում թեկնածուների առաջադրման այսպիսի օրինաչափություններ կան.
Ա. համայնքներ, որտեղ առաջադրվել է 2 թեկնածու
ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը և ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու` Ծաթեր, Ծաղկաբեր, Կուրթան, Հագվի, Պաղաղբյուր, Քարինջ, Փամբակ, Շամլուղ, Շամուտ, Գյուլագարակ, Ագարակ, Ամրակից, Սարալանջ, Թեղուտ, Նեղոց: Կարմիր Աղեկիում գյուղապետի մրցակիցը նրա տեղակալն է, Ծաղկաշատում, Շենավանում, Գուգարքում`գյուղապետարանի տարբեր աշխատակիցներ, Կաճաճկուտում`դպրոցի տնօրենը, Ջիլիզայում`ուսուցիչ:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը և ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու`Ախթալա, Լորուտ, Մղարթ: Կողեսում գյուղապետի մրցակիցը նրա տեղակալն է, Քարկոփում`գյուղապետարանի աշխատակից, Լուսաղբյուրում` այլ մարզի մարզպետարանի աշխատակից, Գարգառում և Թումանյանում`բանվորներ:
ինքնաառաջադրված ՀՀԿ-ական ղեկավարը և ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու` Վահագնաձոր, Այգեհատ: Անտառաշենում գյուղապետի մրցակիցը նրա տեղակալն է, Լերմոնտովոյում`գյուղապետարանի աշխատակիցը:
ինքնաառաջադրված անկուսակցական ղեկավարը և ինքնաառաջադրված ՀՀԿ թեկնածու` Հարթագյուղում գյուղապետի մրցակիցը գյուղապետարանի աշխատակից է, Ֆիոլետովոյում` դպրոցի տնօրենը, Ձորագետում`դպրոցի պահակը:
ինքնաառաջդրված ՀՀԿ-ական ղեկավարը և ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու`Պուշկինո, Նորաշեն, Քարաբերդ, Ազնվաձոր, Կաթնաջուր, Շնող: Նոր Խաչակապում գյուղապետի մրցակիցը մասնավոր ընկերության վարորդ է:
ինքնաառաջադրված անկուսակցական ղեկավարը և ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու`Հալավար, Ձորագյուղ, Մեդովկա, Միխայելովկա, Ուրասար, Լեռնահովիտ, Լեռնապատ: Հովնանաձորում, Շիրակամուտում, Լեռնանցքում գյուղապետի մրցակիցները գյուղապետարանի աշխատակիցներն են, Յաղդանում`նրա վարորդը:
Ապավենում և Լոռի Բերդում համայնքի ղեկավարները թեկնածություն չեն առաջադրել: Ապավենում ինքնաառաջադրված են 2 ՀՀԿ-ական, Լոռի Բերդում`անկուսակցական և ՀՀԿ-ական թեկնածուներ, վերջինս`«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հսկիչ է:
Բ. Համայնքներ, որտեղ առաջադրվել է երեք թեկնածու
ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը, ինքնաառաջադրված ՀՀԿ-ական և անկուսակցական թեկնածուներ. Դսեղում գյուղապետի ՀՀԿ-ական մրցակիցը դպրոցի տնտեսվարն է, Մարցում`նրա տեղակալը:
ինքնաառաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը, ինքնաառաջադրված ՀՀԿ-ական և անկուսակցական թեկնածուներ, վերջինս Հոբարձիում «Հայռուսգազարդի» հսկիչ է:
ինքնաառաջադրված անկուսակցական համայնքի ղեկավարը, ինքնաառաջադրված ՀՀԿ-ական և անկուսակցական թեկնածուներ. Գոգարանում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն գյուղապետարանի աշխատակից է, անկուսակցական թեկնածուն`գյուղի շինարարության աշխղեկը:
ինքնաառաջադրված անկուսակցական համայնքի ղեկավարը և ինքնաառաջադրված 2 անկուսակցական թեկնածու, որոնցից մեկը Ջրաշենում գյուղապետի օգնականն է:
Գ. Համայնքներ, որտեղ ՀՀԿ-ից բացի այլ կուսակցության թեկնածու է առաջադրվել
Մեծ Պարնիում առաջադրվել է չորս թեկնածու`ինքնաառաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական ինքնաառաջադրված թեկնածուներ, որոնցից գյուղապետի մրցակիցներն են`համապատասխանաբար`ուսուցիչ, գյուղապետի օգնական, համաճարակաբան:
Պրիվոլնոյեում առաջադրվել է չորս թեկնածու` ինքնաառաջադրված ՀՀԿ-ական համայնքի ղեկավարը, ինքնաառաջադրված ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և անկուսակցական թեկնածուներ, որոնցից վերջինը հարևան գյուղի անասնաբույժն է:
Ամենաշատ թվով թեկնածուներ առաջադրվել են Արևաշող գյուղում`7 թեկնածու` ինքնաառաջադրված ՀՀԿ-ական ղեկավարը, ՀՀԿ-ական և 5 անկուսակացական ինքնաառաջադրումներ, որոնցից 2-ը գյուղապետարանի աշխատակիցներ են, 1-ը` ուսուցիչ:
Մեկնաբանել