HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։

Թրամփի գիշերվա գրառման մեջ նշվում էր, որ հրադադարն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ՝ դրա մասին հայտարարությունից 6 ժամ անց (Երևանի ժամանակով՝ առավոտյան մոտ 08:00-ին)։ Ինչպես Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը, այս ընթացքում երկու երկրները կավարտեն սկսված գործողությունները։

Թրամփի գրառումից հետևում էր, որ հրադադարի ռեժիմն առաջինը պետք է հայտարարի Իրանը, իսկ 12 ժամ անց՝ Իսրայելը։

«Պաշտոնապես Իրանը կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԸ (գլխատառերն ըստ Թրամփի գրառման, խմբ.), 12 ժամ անց էլ Իսրայելը կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԸ, իսկ 24 ժամ անց աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր ՀՐԱԴԱԴԱՐԻ ժամանակ մյուս կողմն իրեն կպահի ԽԱՂԱՂ և ՀԱՐԳԱԼԻՑ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան Թրամփի հայտարարության, գիշերը գրել էր, որ ներկա պահին Իսրայելի հետ հրադադարի համաձայնություն չկա։

«Ներկայում չկա հրադադարի կամ մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնություն։ <...> Մարտական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ»,- տելեգրամյան իր ալիքում նշել էր իրանցի պաշտոնյան։

Մի քանի րոպե անց Արաղչին X-ի իր միկրոբլոգում հավելել էր, որ եթե Իսրայելը, Թեհրանի ժամանակով 04:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:30-ին), դադարեցնի իր գործողությունները, Իրանը պատասխան հարվածներ չի հասցնի։

Ավելի ուշ, Թրամփը նոր գրառում է արել՝ կողմերին խնդրելով չխախտել հրադադարը։ «Հրադադարն արդեն սկսել է գործել։ Խնդրում եմ չխախտել այն»,- ասել է նա ԱՄՆ նախագահը։

Իսրայելը մինչ այս պահը պաշտոնապես չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։

Լուսանկարը՝ Carlos Barria/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter