HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայերի հետ նամակագրության համար ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ BBC-ն գրում է, որ Սամեդովը փաստացի դատապարտվել է Հայաստանի բնակիչների հետ նամակագրության և հակապատերազմական ու խաղաղասիրական բացահայտ դիրքորոշումների համար։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական հատուկ ծառայությունների պատվերով Սամեդովը գրել և թարգմանել է հոդվածներ, որտեղ քննադատել է ադրբեջանական իշխանություններին»։

Բահրուզ Սամեդովը կտրականապես հերքում է այս մեղադրանքը, իսկ նրա պաշտպանները նշում են, որ այն բացառապես հիմնված է երեք հայ կանանց հետ Բահրուզի անձնական նամակագրության վրա, որն ադրբեջանցի իրավապահները հանել են սոցիալական մեդիայի նրա էջերից։

Սամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան հայտարարել է, որ նամակագրությունների մեջ չկա որևէ փաստ կամ պնդում, որը կարող է «պետական դավաճանության» հանցակազմ պարունակել։ «Այնտեղ ոչինչ չկա, որ Սամեդովին հանձնարարություն տան պետականորեն կարևոր ինչ-որ հարցի վերաբերյալ, ու Բահրուզն այդ հանձնարարությունը կատարի»,- ասել է նա։

Ընդ որում, նրա փաստաբանների խոսքով՝ Ադրբեջանում ու ողջ տարածաշրջանում Բահրուզ Սամեդովը հայտնի է ադրբեջանական իշխանությունների նկատմամբ իր սուր քննադատություններով, որոնք նա բացահայտ անում է արևմտյան լրատվամիջոցների էջերում ու հանրային միջոցառումների ժամանակ։

Պաշտպաններն այն կարծիքին են, որ ձերբակալության իրական պատճառը երիտասարդ ակտիվիստի հակապատերազմական հայացքներն են, «ու դա իր արտացոլումն է գտել գործի նյութերում»։

Բահրուզ Սամեդովի նկատմամբ քրեական գործը ադրբեջանական կողմը հարուցել էր դեռ նախորդ տարի։ Անցած տարվա օգոստոսին Սամեդովը, երբ ամառային արձակուրդներին վերադարձել էր Բաքու, սկզբում անհետացել էր, իսկ հետո հայտնի էր դարձել նրա ձերբակալության մասին։ Ավելի ուշ նշվում էր, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այդ երկրի ՔՕ 274 հոդվածով (հայրենիքի դավաճանություն) քրեական գործ էր հարուցել նրա դեմ։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդում էին, թե, իբր, Սամեդովը «սերտորեն համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ»։

Այս տարվա ապրիլին Սամեդովը, որն արդեն կես տարի գտնվում էր անազատության մեջ, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պաշտոնապես հաստատել, որ ինքը չի համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ։

Ադրբեջանի Քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար նախատեսված է 12-20 տարվա, իսկ որոշ դեպքերում նաև ցմահ ազատազրկում: Դատախազությունը պահանջել էր Սամեդովին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Ինչպես լրագրողներին հայտնել էր ակտիվիստի տատը՝ Զիբեյդա Օսմանովան, հունիսի 19-ին, իմանալով այն մասին, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում դատախազությունը, Սամեդովը մեկուսարանում չոր հացադուլ էր սկսել։

Երկու օր անց «OC Media»-ն հայտնել էր, որ Սամեդովը ինքնասպանության փորձ է կատարել։ Վերջին պահին նրան փրկել է մեկ այլ բանտարկյալ։

Լուսանկարը՝ Սամեդովի՝ սոցիալական մեդիայի էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter