HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հաշվեհարդա՞ր, թե՞ անգործություն

Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս եւ Պարտիզակ համայնքներում: «Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ մայիսի 6- ի ԱԺ ընտրություններին «անհնազանդություն» դրսեւորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։

Երեկ «Հրապարակի» լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։

«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չկա, եւ նշանակություն չունի՝ ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,-ասել է գյուղապետը։

Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով... Հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, եւ բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, եւ ջուրը մեզ չի հասնում»։

Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,- վստահեցրել է Ալեքսանյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter