
Վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն կնախատեսվի
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում։ Այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից։
Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման:
Տիգրան Դադունցը հանդես է եկել ողջույնի խոսքով և ներկայացրել է օրենքների նախագծերի հիմնական դրույթներն ու նպատակները։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկումների կարևորությունն օրենսդրական փոփոխության գործընթացում։
Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Մարգարիտա Զալիբեկյանն անդրադարձել է նաև միջազգային փորձին՝ ընդգծելով դրա կարևորությունն այս փոփոխության համատեքստում։
Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։
Մեկնաբանել