
Բագրատ Գալստանյանը կալանավորված է, Միքայել Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել. վերջին օրերի իրադարձությունները՝ ամփոփ
Երեկ՝ հունիսի 25-ին ձերբակալվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Իրավապահները նրան մեղադրում են ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Մեղադրանքը հաստատվելու պարագայում նրան սպառնում է 18 և 12 տարի ազատազրկում։
Հունիսի 24-ին իշխանամերձ «civic.am» կայքը «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Հոդվածում ներկայացվում էր 7 էջանոց մի փաստաթուղթ, որը, լրատվամիջոցի պնդմամբ, ընդդիմության կողմից մշակված հեղաշրջման պլան էր։
civic.am-ի հոդվածն իրենց սոցցանցերի էջերում ակտիվորեն սկսեցին տարածել իշխանության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում տարածելով հոդվածը՝ գրել էր. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»»։
Այս հրապարակումից հետո մի շարք ընդդիմադիր գործի չներ հայտարարեցին, որ փաստաթուղթը իրականության հետ կապ չունի եւ տարածվում է, որպեսզի հիմք նախապատրաստվի ապագայում ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։
Ձերբակալությունները չուշացան։
Երեկ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԳՆ Ոստիկանությունը համատեղ խուզարկություններ սկսեցին «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և անդամների բնակարաններում։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն տարածեց ձայնագրություններ, որոնցում, ենթադրաբար, լսվում է Բագրատ Սրբազանի ձայնը։ Այդ ձայնագրություններում նկարագրվում էին զանգվածային անկարգության գործողություններ, որոնք պիտի հանգեցնեին իշխանափոխության։
Քննչական կոմիտեն օրվա ընթացքում հրապարակեց նաև «Սրբազան պայքար»-ի անդամների տներից հայտնաբերված զենք-զինամթերքի լուսանկարները։
Այսօր՝ հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Սրբազան պայքար»-ի 15 անդամ՝
- Վազգեն Գալստանյանը (Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան)
- Տիգրան Գալստյանը (գործարար)
- Արման Իսրայելյանը
- Իգոր Սարգսյանը (ՀՅԴ անդամ)
- Կարո Օկումուշյանը
- Արսեն Ղազարյանը
- Արա Ռոստոմյանը
- Աղվան Արշակյանը
- Տիգրան Թոփալյանը
- Լիդյա Մանթաշյանը
- Դավիթ Գալստյանը (Արցախի ԱԺ պատգամավոր)
- Հրայր Հակոբյանը (սարկավագ)
- Արմեն Ալեքսանյանը (բլոգեր)
- Մովսես Շարբաթյանը
- Միհրան Մախսուդյանը (պահեստազորի գնդապետ)
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ ձերբակալվել էր ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ձերբակալման առիթը «News.am»-ին տված հարցազրույցում հայտնած միտքն էր. «Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։
Այս տեսանյութի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում՝ հերթական անգամ թիրախավորելով հոգեւորականներին. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Այս գրառումից հետո ԱԱԾ-ն խուզարկեց Սամվել Կարապետյանի տունը։ Նույն օրը ուշ երեկոյան Ոստիկանությունը ձերբակալեց նրան։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։
«Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է հարուցվել, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»,- 24news-ի հետ զրույցում ասել են Գլխավոր դատախազությունից։
Մեկնաբանել