HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկում

Այսօր Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը:

Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արեւելյան թեմի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները: Ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանին բացելու համատեղ դրոշմանիշի վահանակը:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան նախարար Տիտուս Կոռլացեանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաեւ «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ գնահատանքի եւ օրհնանքի իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Համատեղ դրոշմանիշի վրա պատկերված վանքը եւս մեկ վկայությունն է հայ եւ ռումին ժողովուրդների երկարատեւ համերաշխ գոյակցության: Ավանդությունը պատմում է, թե 500 տարի առաջ մոլդովացի հայ առեւտրականներ Դոն-Ավագ եղբայրները դեպի Բուդապեշտ իրենց առեւտրական ճանապարհին` Սուչավայի մոտ մի բլուրի վրա, կառուցեցին Սբ. Աստվածածնին նվիրված մի վանք, որը հետագայում նշանավոր էր դառնալու իր զորությամբ: Հաճկատար վանքն այսօր ուխտատեղի է ոչ միայն Ռումինիայի եւ շրջակա երկրների հայերի, այլեւ հազարավոր տեղացիների համար, որոնք այդ վանքի հետ են կապում իրենց փափագների կատարումը: Դարերից եկող այս ամուր հավատը պատգամ է մեզ, հատկապես` քաղաքական մարդկանց եւ դիվանագետների համար` անխաթար պահպանելու անցյալի համատեղ արժեքները, հատկապես նրանց էությունն ու ոգին, բարեկամությունն ու համերաշխությունը, եւ, նոր ուժով հագեցած, այն փոխանցելու հաջորդ սերունդներին»,- իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:

«Հայ-ռումինական ընդհանուր այդ ժառանգությունը բնականորեն մաս է կազմում համաեվրոպական եւ համամարդկային արժեքների եւ մեզ ուղղորդում դեպի այն ընդհանուր նպատակը, որին միասնաբար ձգտում ենք` խաղաղ, ապահով եւ համերաշխ Եվրոպա եւ ավելի լայն առումով` խաղաղ, ապահով եւ համերաշխ աշխարհ», ասաց Հայաստանի դեսպանը:

Համատեղ դրոշմանիշը իրականացրել են «Ռոմֆիլատելիա» ընկերությունը եւ «Հայփոստ» ՓԲԸ` Ռումինիայում Հայաստանի դեսպանության գործուն աջակցությամբ: Դրոշմանիշը, որի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ, երկու երկրներում պաշտոնապես շրջանառության մեջ է մտել օգոստոսի 11-ին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունըԼ 

Տեղեկանք: Նախորդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ընդունել էին Ռումինիայի նախագահի պաշտոնակատար Կրին Անտոնեսկուն եւ վարչապետ Վիկտոր Պոնտան: Նույն օրը Ռումինիայի իր պատրիարքական պալատում մեծ պատիվներով եւ հարգանքով Հայոց Հայրապետին ընդունել էր Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պետ Դանիել պատրիարքը եւ նրան պարգեւատրել Ռումինիայի հովանավոր Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով:

Վեհափառի այցն արժանացավ հանրային մեծ ուշադրության: Ռումինական հեռուստատեսությունը եւ մամուլը լայնորեն արձագանքեցին Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակի հանդիսություններին եւ այդ կապակցությամբ Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter