HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

Վճարովի բովանդակություն

Առանցքային մտքեր.

  • Մարդկանց թրաֆիքինգը «թերագնահատված» է, խտացված, բայց միևնույն ժամանակ վերջնականորեն չմեկնաբանված։ 
  • Շահագործողները հեշտությամբ ճանաչում են իրենց խոցելի խմբերին։ 
  • Իրազեկված լինելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է թրաֆիքինգի ռիսկերից խուսափելու համար։

«Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանի հետ ուշագրավ հարցուպատասխանով անդրադարձել ենք թեմային վերաբերող կարևոր կետերին։

Սկսելով ամենամիանշանակ պատասխան ակնկալող հարցից՝ ի՞նչ է մարդկանց թրաֆիքինգը։

Թրաֆիքինգը 21-րդ դարի ստրկության ձև է, հաճախ կոչվում է «սպիտակ ստրկություն»։ Դա ծանր հանցագործություն է, որը համարվում է միջազգային բնույթի՝ իր անդրազգային տարածման շնորհիվ։ Այն չի սահմանափակվում մեկ երկրի սահմաններով, ընդգրկելով զոհի հավաքագրումից մինչև շահագործման փուլը։

Իրավական առումով, մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես շահագործման նպատակով անձի հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ստացում, ինչպես նաև անձի շահագործում կամ շահագործման վիճակի մեջ դնել։

Շահագործողները սովորաբար կիրառում են բռնի ուժ, սպառնալիք, խաբեություն կամ անձի վստահության չարաշահում՝ նրան վերահսկողության տակ պահելու և շահագործելու նպատակով։ Նրանք հաճախ օգտվում են անձի խոցելի վիճակից՝ իրականացնելով սեռական շահագործում, հարկադիր աշխատանք, մուրացկանության կամ այլ հակաիրավական գործունեության հարկադիր ներգրավում։

Ով կարո՞ղ է դառնալ թրաֆիքինգի զոհ։

Թրաֆիքինգի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ՝ անկախ սեռից, տարիքից կամ կրթության մակարդակից։ Սակայն առավել խոցելի են սոցիալապես անապահով անձինք, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձինք և երեխաները, ինչը պայմանավորված է նաև նրանց իրազեկվածության ցածր մակարդակով։

Որո՞նք են թրաֆիքինգի հիմնական տեսակները, և ո՞րն է դրանցից ամենատարածվածը։

Շատ ժամանակ թրաֆիքինգի տարբեր դրսևորումներին ծանոթ չլինելու պատճառով, մենք թերագնահատում ենք նրա ռիսկերը և դրանցից բխող վտանգները մեր առօրյայում։

Թրաֆիքինգը բազմաբովանդակ հանցագործություն է, որը ներառում է մի շարք տարբեր տեսակներ՝ սեռական շահագործում, աշխատանքային շահագործում, հարկադիր մուրացկանություն, պարտադիր կամ հարկադիր ծառայություն, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակ, անձի առքուվաճառք, օրգանների, բջիջների, հյուսվածքների կամ կենսաբանական նյութերի և հեղուկների առքուվաճառք։

Աշխարհում ամենատարածվածը սեռական թրաֆիքինգն է, որը, որպես կանոն, ուղղված է կանանց և աղջիկների շահագործմանը։ Իսկ Հայաստանի համատեքստում ամենատարածված ձևերն են աշխատանքային և սեռական շահագործումները։

Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ, ովքեր ենթարկվում են թրաֆիքինգի։ 

Թրաֆիքինգի զոհերը հաճախ ստիպված են լինում կատարել ծանր, նվաստացուցիչ աշխատանք՝ առանց վարձատրության և նվազագույն կենսապահովման։ Նրանց սպառնում են, սահմանափակում ազատությունը և վերահսկողության տակ պահում՝ ստիպելով ենթարկվել սեռական շահագործման, մուրացկանության կամ հարկադիր աշխատանքի։ Շատ դեպքերում նրանք ենթարկվում են հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների՝ առանց դիմադրելու կամ օգնություն խնդրելու իրական հնարավորության։

Ինչպե՞ս կարող ենք խուսափել թրաֆիքինգի ռիսկերից։

Իրազեկված լինելը թրաֆիքինգի ռիսկերից խուսափելու պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է։ Թրաֆիքինգը հենվում է լռության, վստահության չարաշահման և չիմացության վրա։  Պետք է սովորել ճանաչել ռիսկային առաջարկներն ու կասկածելի վարքագիծը, ստուգել ցանկացած տեղեկություն, և ամենակարևորը՝ չլռել։ 

Եվ վերջում, ո՞ւր դիմեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձինք

Թրաֆիքինգի և շահագործման կասկածի կամ վտանգի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել մասնագիտացված կառույցների։ Հայաստանում կարելի է կապ հաստատել հետևյալ կազմակերպությունների հետ՝

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 114  
  • ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – 1-02, 0-800-50-550 
  • Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն  ՀԿ - +37477991280

Հոդվածը պատրաստվել է «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» ծրագրի  շրջանակում՝ նպատակ ունենալով երիտասարդների (և ոչ միայն) շրջանում կանխարգելիչ միջոցներ ստեղծել։

Զինվե՛ք գիտելիքներով, եղե՛ք պաշտպանված

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter