HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը ունի նորանշանակ ղեկավար

Ֆաբրիցիո Զարկոնեն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը կստանձնի 2025 թ. հուլիսի 1-ից։ Այս մասին հաղորդում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը։

Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի ՀՀ կառավարության և երկրում գործող զարգացման գործընկերների հետ արդյունավետ երկխոսության և համագործակցության ավանդույթը։ Զարկոնեն կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ և նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի և ջրային ոլորտներում, ինչպես նաև կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։

Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Զարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։

Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան:

Հայաստանում Համաշխարհային բանկի մասին 

Համաշխարհային բանկը և Հայաստանը արդյունավետ գործընկերություն ունեն 1992 թվականին երկրի՝ կառույցին միանալուց ի վեր: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է ավելի քան 2.5 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ աջակցելով զարգացման լայն շրջանակի առաջնահերթություններին, ներառյալ ենթակառուցվածքները, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը և պետական ​​հատվածի արդիականացումը: Ներկայիս պորտֆելը շեշտը դնում է ներառական աճի խթանման, մարդկային կապիտալի զարգացման, դիմակայունության բարձրացման և կանաչ անցման արագացման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter