
Տրանսպորտում վճարման կրիչը չվավերացնելու համար կտուգանվեք 15 հազար դրամով. ԱԺ-ում քննարկվել է վարչական պատասխանատվության հարցը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը։
Նպատակն է կանոնակարգել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջներն ու պայմանները, որոնց համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ:
Նշվել է, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար՝ ծառայությունը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու պարագայում:
Ըստ զեկուցողի՝ հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից հարմարավետ եւ արագ:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար: Սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ»,- ընդգծել է փոխնախարարը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է առաջարկվող տուգանքների չափերը. տրանսպորտային միջոցում վճարման կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամ: Եթե քաղաքացին օգտվի ոչ իր կողմից ձեռքբերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից, կտուգանվի 15 հազար դրամի չափով: Համապատասխան արտոնություն ունեցող ու կրիչը չվավերացնող անձինք եւս կտուգանվեն:
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել տալ դրական եզրակացություն:
Ելույթներում պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, խոսել տրանսպորտային ցանցի բարեփոխման անհրաժեշտությունից:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով փոփոխություններին՝ պատգամավորը նշել է, որ փորձ է արվում զրկել համայնքի բնակիչներին համայնքի կառավարմանն ուղիղ մասնակցելու Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից: Խմբակցության քարտուղարը մտահոգություն է հայտնել հսկիչների ինստիտուտի ներդրման վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախաձեռնությամբ խրախուսվում է օրինապաշտությունը եւ նախատեսվում տուգանք օրինախախտման համար: «Նախաձեռնությունը միտված է երեւանցիների կյանքն ավելի լավը դարձնելուն»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Մեկնաբանել