HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Որքանո՞վ է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին լինի միայն Իշխան Վահանյանը». հանրային պաշտպանը հանդես եկավ ճառով

«Հանգամանքները դասավորվում են այնպես, որ Իշխան Վահանյանը մարտական գործողությունների ժամանակ ստանում է վիրավորում, և օգտվելով այդ հանգամանքից՝ նպատակահարմար է գտնում հեռանալ մարտական դաշտից և դիմել բուժօգնության»,- դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ Իշխան Վահանյանի հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

Հանրային պաշտպանը հույս հայտնեց, որ դատարանը հետևություններ կանի՝ որքանո՞վ էր արդյոք միայն Իշխան Վահանյանի գործողություններով պայմանավորված գումարտակի զինվորների կորուստը, նրանց վիրավորումը, նրանց անհետ կորելը, և որքանո՞վ է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին, պատասխանատվության ենթարկելու առաջ կանգնած լինի միայն Իշխան Վահանյանը։

Իշխան Վահանյանն անվերապահորեն կատարել է հրամանը և իր ենթակայության տակ գտնվող ուսումնական գումարտակի զինվորներին տեղափոխել Խուռհատ սար. պաշտպան

Սիրանուշ Հարությունյանը նախևառաջ նշեց, որ Իշխան Վահանյանը զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սար և իրականացնել մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։ Այդ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ միասին հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է Խուռհատ սար, և գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության։

«Որքանո՞վ էր արդյոք իրավաչափ զորամասի հրամանատարի կողմից նման հրաման արձակելը, և որքանո՞վ կարող էր Իշխան Վահանյանը քննարկման առարկա դարձնել այդ հրամանի իրավաչափությունը։ Հրամանի էությունը կայանում էր նրանում, որ Խուռհատ սար պետք է տեղափոխվեր 5-րդ ուսումնական գումարտակը, ընդ որում, որի կազմում ընդգրկված էին դեռև 18 տարին նոր բոլորած երիտասարդներ, որոնք նոր էին զինվորական երդում տվել։ Նրանցից շատերը դեռևւս պատշաճ մարտական պատրաստության փորձ չուներ, և այս պայմաններում Իշխան Վահանյանը առանց քննարկելու, անվերապահորեն կատարել է այդ հրամանը և իր ենթակայության տակ գտնվող ուսումնական գումարտակի զինվորներին տեղափոխել Խուռհատ սար»,- ասաց պաշտպանը։

Կասկածի տակ դնելով զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հրամանի իրավաչափությունը՝ Սիրանուշ Հարությունյանը հիշեցրեց՝ իր ցուցմունքում Իշխան Վահանյանը նշել է՝ իրեն հայտնել են, որ ապահով վայր է տանում զինվորներին. «Թույլ տվեք հարցնել՝ սեպտեմբերի 27-ից արդեն պատերազմական գործողությունների մեջ գտնվող տեղանքում ի՞նչը կարող էր լինել ապահով վայր, դա թաքստոց չէր։ Ըստ էության, նրանք տեղափոխվել են մի վայր, որտեղ սպասվում էին ռազմական գործողություններ, և որոնց, համոզված եմ, որ ուսումնական գումարտակի զինվորներից շատերը պատրաստ չէին»։

Պաշտպանի խոսքով՝ չնայած շատ դեպքերում զինվորները ցուցմունքներ տվեցին, որ չեն տեսել՝ ինչպես է Վահանյանը վիրավորում ստացել, շատերն էլ ցուցմունք են տվել, որ տեսել են՝ ինչպես էր նա կաղում, կասկածի տակ դնել Իշխան Վահանյանի ստացած մարմնական վնասվածքը, ինքը չի պատրաստվում, մանավանդ, որ գոյություն ունի դատաբժշկական փորձագետի եզրակացությունը։

«Այլ հարց է, որ լինելով ավելի փորձառու թե՛ տարիքով, թե՛ զինվորական կենսագրությամբ Իշխան Վահանյանը ճիշտ է համարել օգտվել բուժծառայությունից, և վիրավորներ տեղափոխող մեքենայով տեղափոխվել։ Նա սկզբում այցելել է համապատասխան զինվորական հոսպիտալ, որից հետո անհրաժեշտ արձակուրդն է նրան տրամադրվել վիրավորման հետ կապված։

Հիմա մեղադրանքի հիմքում դրված առանցքը որպես այդպիսին այն փաստական հանգամանքն է, որ Իշխան Վահանյանը, լինելով գումարտակի հրամանատար, լքելով մարտական դիրքերը, իր հետ տարել է նաև միակ կապի միջոցը, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ՝ զոհեր ենք ունեցել ու անհետ կորածներ»,- նշեց Հարությունյանը։

Պաշտպանական կողմը, իր կարծիքը հայտնելով՝ նշեց՝ արդյոք մեկ անձի գոյությունը կամ չգոյությունը և արդյոք միայն մեկ կապի միջոցի առկայությունը կամ բացակայությունը պետք է բավարար լինի, որպեսզի մարտական զորամասը, տվյալ դեպքում՝ գումարտակը գոյություն ունենա կամ նրա գոյությանը վտանգ սպառնա։ 

Հարությունյանը հիշեցրեց՝ Վահանյանից բացի, այնտեղ եղել են նաև 4 սպաներ, որոնք փորձել են կազմակերպել նահանջը, սակայն պատշաճ նահանջ կազմակերպել չի հաջողվել։ «Բայց պատասխանատվության է ենթարկվում միայն Իշխան Վահանյանը, որովհետև նա, լինելով գումարտակի հրամանատար, պատշաճ ձևով չի կատարել իր պարտականությունները, իր կյանքը չի զոհել, չի անտեսել իր վնասվածքը, որը թեպետ մահացու վնասվածք չէր, բայց, այնուամենայնիվ, չի արել ամեն ինչ, որպեսզի փրկեր երեխաներին, դրա համար էսօր ինքը ենթակա է պատասխանատվության»,- նշեց նա։

Վահանյանը, միանալով իր պաշտպանի խոսքին, հայտնեց, որ ողջ ճշմարտությունը ներկայացրել է դատարանին, նաև՝ նախաքննական մարմնին. «Կապի միջոցի հետ կապված ասել եմ՝ եղել են բջջային հեռախոսներ, որով կապնվել են, իմ բացակայության մասին հրամանատարը տեղյակ է եղել, ավելացնելու բան չունեմ»։

Դատավոր Ջոն Հայրապետյանը Իշխան Վահանյանին տեղեկացրեց, որ վերջին հնարավորությունն է ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու, և քանի որ իրեն առաջադրված են առանձնապես ծանր հանցանքների մեղադրանքներ, դատարանը անհրաժեշտ է համարում դատական նիստը հետաձգել, որպեսզի նա որոշակի ժամանակ ունենա վերջին խոսքով հանդես գալու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter